Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6174-12.05.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի թիվ ՀՕ 124-Ն օրենքի /այսուհետ` օրենք/ 264-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով`

«3. Օրենքով սահմանված դեպքերում կողմերը կարող են աշխատանքային պայմանագրում նախատեսել աշխատանքային վեճերի քննությունը արբիտրաժին հանձնելու վերաբերյալ դրույթներ:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ եւ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ   ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

Սույն օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք առեւտրային կազմակերպություններ  որոնց գործունեության առարկան որոշակի մասով համապատասխանում է ոչ առեւտրային կազմակերպությունների միություն ստեղծած կազմակերպությունների գործունեության առարկային եւ այդ համապատասխանության մասով կարիք ունեն իրենց գործունեությունը համակարգելու եւ ընդհանուր շահեր ներկայացնելու: Գործող օրենսդրությամբ առեւտրային կազմակերպությունները չեն կարող մասնակցել ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծած միությանը, որը խոչնդոտում է ինչպես միության աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, այնպես էլ առեւտրային կազմակերպությունների շահերի ներկայացմանը եւ արդյունավետ պաշտպանությանը: Մասնավորապես` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաբանական անձանց միություն է, որի մասնակիցները հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող ֆուտբոլային ակումբներ են: Ոչ առեւտրային կազմակերպությունների միության կարգավիճակ ունեցող այս միության նպատակը Հայաստանում ֆուտբոլի զարգացումն է, հանրապետության առաջնությունների կազմակերպումը, եվրոպայի, աշխարհի եւ միջազգային այլ առաջնություններում ու հանդիպումներում Հայաստանի ակումբների ու հավաքականների շահերը ներկայացնելը եւ պաշտպանելը: Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում են ոչ միայն հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող ֆուտբոլային ակումբները, այլ նաեւ տնտեսական ընկերությունների կարգավիճակ ունեցող ֆուտբոլային ակումբները, որոնց նպատակը ոչ միայն շահույթ ստանալան է, այլ նաեւ Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղեր գրավելը, Հայաստանի հավաքականների համար որակյալ ֆուտբոլիստներ պատրաստելը, միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլը ներկայացնելը, այսինքն նշված առումներով այս ակումբների գործունեության առարկան եւ նպատակները համաապատասխանում են միության գուրծունեության առարկային եւ նպատակներին, սակայն միությանը մասնակից չեն կարող լինել:

Այդպիսի խոչնդոտներ են առաջանում  նաեւ բնապահպանական, իրավապաշտպան, խորհրդատվական, առողջապահական եւ այլ բնույթի իրավաբանական անձանց միություններ ստեղծելիս: Ակնհայտ է նաեւ, որ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների միությունները հանդիսանում են ոչ առեւտրային կազմակերպություն, ունեն բազմաթիվ նմանություններ, էականորեն իրենց գործունեության նպատակներով  չեն տարբերվում միմյանցից եւ իմաստ չկա տարբերակում դնել այդ երկու միությունների միջեւ: