Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 9 նոյեմբերի 2004 թվականի ընտանեկան օրենսգրքի 69 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Սույն մասով նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
«Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածը սահմանում է` «Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի որոշումների, նախարարությունների եւ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը»:
Հաշվի առնելով, որ Ընտանեկան օրենսգրքի 69 հոդվածով սահմանված ալիմենտի նվազագույն չափը սահմանված է նվազագույն աշխատավարձի չափով, իսկ նվազագույն աշխատավարձը տվյալ դեպքում հաշվարկվում է 1000 դրամի չափով, ինչպես նշված է վերոգրյալ օրենքում, նպատակահարմար ենք գտնում որպես ալիմենտի նվազագույն չափ սահմանել` 1000 դրամից ավելին: