Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-635-29.05.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ ՀՕ-155 օրենքի 471-րդ հոդվածի 4-րդ կետի «թանկարժեք քարերի մշակման» բառերից հետո լրացնել «եւ ոսկերչական իրերի արտադրություն» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ակնագործության եւ ոսկեգործության զարգացման հայեցակարգով նախատեսված` ճյուղի զարգացմանն ուղղված միջոցառումներից եւ նպատակաուղղված է օրենսդրական դաշտի բարեփոխմանը եւ բիզնես միջավայրի բարելավմանը:

Օրենսդրական փոփոխությունը հիմնված է հետեւյալ ուսումնասիրության վրա.

 Ըստ վիճակագրական տվյալների ոսկերչական իրերի իրացման  ծավալները 2007թ-ին  կազմել են 11118287 հազ դրամ, իսկ նույն թվականի իրացված ոսկերչական իրերի  շահույթահարկի գծով մուտքերը ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի տվյալների կազմել են 83577.8 հազ. դրամ, կամ իրացված ոսկերչական իրերի  0,75%: Այսինքն, եթե հաշվի առնենք, որ ընկերությունների կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 471-րդ հոդվածին համապատասխան տարվա ընթացքում կատարվում է 1% շահութահարկի կանխավճար, ապա եզրահանգումն այն է, որ ընկերությունները որոշ դեպքերում ավելին են վճարում քան սպասվող շահույթն է: Ոլորտի միջին ցուցանիշով այդ վնասը մոտավոր կազմում է իրացման ծավալի 0.25%:

Ոսկերչական իրերի իրացման գնի կազմում հումքի (ոսկու) արժեքը ինքնարժեքում կազմում է 85%, իսկ թանկարժեք քարերի օգտագործման դեպքում մոտ 95%: Ոսկերչական իրերի իրական հասույթը կազմում են աշխատանքային ծախսումների 5-15%-ը: Շահույթի մակարդակի վրա էական ազդեցություն է ունենում նաեւ հումքի գների ավելացումները, ինչի արդյունքում վերջին տարիների 2006-2008թթ. ընթացքում կազմակերպությունների շահույթները   նվազել են եւ գոյացել են վնասներ (չվերադարձվող գերավճարների մասով):

Ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների  արտադրանքի շահութաբերությունը  տատանվում է 1-3%-ի սահմաններում:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 471-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն տարին ավարտելուց հետո նվազագույն  շահութահարկի տարեկան հանրագումարի եւ հաշվետու տարվա փաստացի  շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է  հետագա տարիների  շահութահարկից, որը հանգեցվում է դրամական միջոցների սառեցմանը եւ շրջանառու միջոցների ճեղքվածքի գոյացմանը: Գանձված գերավճարների գումարները հաշվետու տարում հետ չեն վերադարձվում եւ չեն հաշվանցվում այլ հարկային պարտավորությունների դիմաց:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում` ազատելով ոսկերչական իրերի արտադրությունը 1% շահութահարկի կանխավճարի վճարումից: