Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի թիվ ՀՕ-118 օրենքի15-րդ հոդվածի 27-րդ կետում «թանկարժեք մետաղներից» բառերից առաջ լրացնել «թանկարժեք մետաղների եւ » բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակաուղղված է բիզնես միջավայրի բարելավմանը` մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար նպաստավոր պայմանների ձեւավորմանը:
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի բանկային ոսկու ձուլակտորների վաճառքը ազատված է ավելացված արժեքի հարկից:
Փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, ոսկերչական իրերի արտադրության համար 12կգ ձուլակտոր ձեռք բերելու հնարավորություն չունեն, ուստի ոսկին գնում են փոքր քանակով` վճարելով ավելացված արժեքի հարկը:
Ոսկերչական իրերի ինքնարժեքում ոսկու (հումքի) արժեքը կազմում է 85%, թանկարժեք քարերի օգտագործման դեպքում մոտ 95%, իսկ աշխատանքային ծախսումները` 5-15%-ը: Ներկա ժամանակաշրջանում հումքի գների աճի հետեւանքով պատրաստի արտադրանքի գները աճում են, իսկ ոսկերչական իրեր արտադրող կազմակերպությունների շահույթը նվազում է, միաժամանակ պահանջելով հումքի գնման համար ավելի շատ միջոցներ:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը արդիական է, քանի որ այն թույլ կտա տնտեսավարող սուբյեկտներին խնայել ֆինանսական միջոցները եւ արդյունքում` կնպաստի ճգնաժամի պայմաններում ոսկերչության ճյուղի զարգացմանը եւ ոսկերչական իրերի մրցունակության բարձրացմանը: