Armenian ARMSCII Armenian
Կ-145-28.10.2003-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491) 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները գույքահարկի եռամսյակային հաշվարկները մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են՝

1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով՝

ա) Երեւան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված՝ ըստ համայնքների)՝ մինչեւ 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,

բ) Երեւան քաղաքից դուրս գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին (առանձնացված՝ ըստ համայնքների).

2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով՝

ա) Երեւան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին՝ մինչեւ 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,

բ) Երեւան քաղաքից դուրս հաշվառված կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրի հաշվառող մարմին:»:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 23. Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները

1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձանց մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2006 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.

2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից՝ ֆիզիկական անձանց շինությունների եւ փոխադրամիջոցների գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են հանդիսանում սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գույքահարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից:

2. Սույն օրենքի իմաստով կազմակերպությունների մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2006 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.

2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից՝ Երեւան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպությունները հաշվառող մարմին են հանդիսանում 2004 թվականի հունվարի 1-ից սկսած: Մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը Երեւան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպությունները հաշվառող մարմին են հանդիսանում հարկային մարմինների հետ համատեղ:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: