Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-640-05.06.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի  (այսուհետ` Օրենք) 47-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Օրենքի նախագծերի փաթեթում կարող են ներառվել միայն այնպիսի օրենքների նախագծեր`

ա) որոնց ընդունումը իրավական առումով բխում է առաջադրվող օրենքի նախագծից.

բ) որոնք իրավական առումով հակասում են առաջադրվող օրենքի նախագծին:»:

Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ազգային ժողովի նախագահի, գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ Ազգային ժողովը կարող է սահմանել օրենքի նախագծերի փաթեթում ներառված նախագծերի քվեարկության հատուկ ընթացակարգ, որի վերաբերյալ որոշումն ընդունվում է առանց քննարկման:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի առաջարկվող ձեւակերպմամբ հստակեցնել օրենքի նախագծերի փաթեթում ներառվող նախագծերի շրջանակը, ինչպես նաեւ ապահովել այդ ձեւակերպմանը համապատասխան դրանց ընդունումը: