Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի ՀՕ-230 օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը
Դատավորն ունի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք:
Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի աշխատած եւ սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված քաղաքացու կենսաթոշակին սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա, որպես դատավոր, զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաեւ դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները եւ նախկին ժողովրդական դատավորները:
Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի գործող պաշտոնային դրույքաչափերը:
Սույն հոդվածով սահմանված հավելավճարի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից: