Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի N-355-11 օրենսգրքի 124, 124.1, 124.2, 124.3, 124.4 հոդվածներով նախատեսված տուգանքի չափերը նվազեցնել 50%-ով:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2015թ.-ի հունվարի1-ից:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթեւեկության համեմատաբար նվազ վտանգավորության աստիճան ունեցող խախտումների համար սահմանված տուգանքի չափը կիսով չափ նվազեցնելու հանգամանքով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գնալով ավելանում է տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի թիվը, որին զուգահեռ ավելանում են արձանագրվող խախտումների քանակը, արդյունքում վարորդներից գանձվող գումարները ուղիղ համեմատական կերպով ավելանում են, ինչն էլ ուղղակիորեն հարվածում է առանց այն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների ընտանեկան բյուջեին, ուստի անհրաժեշտություն է առաջանում վերանայել սահմանված տուգանքների գումարի չափը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված գումարների չափը սահմանվում է հաշվի առնելով տվյալ երկրի քաղաքացիների սոցիալական վիճակը, մասնավորապես` ընտանեկան եկամուտների եւ նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակների չափերը: Եթե հաշվի առնենք, որ մեր երկրում նվազագույն աշխատավարձը սահմանված է 50.000 դրամ, միջին աշխատավարձը կազմում է շուրջ 120.000 դրամ, ակնհայտ է դառնում, որ հանրապետությունում սահմանված տուգանքի չափերի հաշվարկման մեթոդաբանությունը չի բխում ընդունված միջազգային չափորոշիչներից եւ սկզբունքներից, ավելին` ներդրված մոդելը փոխանակ կրի կանխարգելիչ բնույթ, էական հարված է հասցնում քաղաքացու առանց այն էլ աղքատիկ բյուջեին:
Նախագծի ընդունումը կնպաստի բնակչության շրջանում սոցիալական բեռի թեթեւացմանը` ամրապնդելով վստահությունը այս ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ: