ՀՈԴՎԱԾ 1. «Անասնակերի մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 9-ի ՀO-118-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածի.
1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Հայաuտանի Հանրապետությունում իրացվող կերի, կերի հետ շփվող նյութերի եւ կերային հավելումների մակնշումը հայերենով ներառում է հետեւյալ տեղեկությունները`
1) անվանումը, զտաքաշը կամ ծավալը.
2) կերի հիմնական բաղադրամասերի ցանկը.
3) կերի մեջ օգտագործված կենսաբանական ակտիվ նյութերի, կերային հավելումների եւ անասնաբուժական դեղամիջոցների ցանկը (եթե այդպիսիք կան).
4) կենդանիների տեսակը եւ սեռահասակային խումբը, որոնց համար նախատեսված է կերը կամ կերային հավելումը.
5) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) եւ պիտանիության ժամկետը.
6) կերի, կերի հետ շփվող նյութի եւ կերային հավելման օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող ըստ նշանակության օգտագործվել, առանձնահատկություններ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).
7) կերի, կերի հետ շփվող նյութի եւ կերային հավելման ծագման երկիրը, տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը եւ ֆիրմային անվանումը).
8) «գենետիկորեն ձեւափոխված կեր կամ կերային հավելում» մակնշումը, եթե կերի կամ կերային հավելման բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 %-ից բարձր է:»:
2. 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կերի, կերի հետ շփվող նյութերի եւ կերային հավելումների մակնշման պարտադիր տեղեկատվության տվյալներում տեղ գտած բացթողումները լրացնելու եւ դրանք միջազգային պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Նախագծի մշակման համար հիմք են ընդունվել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքը, Եվրոպական Պառլամենտի եւ Եվրոպական Խորհրդի 1979 թվականի ապրիլի 2-ի «Համակցված կերերի մարքեթինգի մասին» N 79/373/EEC եւ 2003 թվականի սեպտեմբերի 22-ի «Կենդանիների սնուցման համար օգտագործվող կերային հավելումների մասին» N 1831/2003/EC կանոնակարգերը: ՈՒսումնասիրվել են նաեւ մի շարք այլ երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Հունգարիայի օրենսդրության համապատասխան դրույթները:
Նախագծով «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայերենով մակնշման պարտադիր տեղեկատվությունն առաջարկվում է լրացնել մի շարք դրույթներով, որոնցից են` կերի մեջ կենսաբանական ակտիվ նյութերի, կերային հավելումների եւ անասնաբուժական դեղամիջոցների պարունակության, օգտագործման եւ պահման վերաբերյալ ցուցումների ու օգտագործման հակացուցումների առկայության եւ գենետիկորեն ձեւափոխված լինելու դեպքում դրանց մասին նշումները:
Միաժամանակ «Անասնակերի մասին» ՀՀ օրենքում ինչպես «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում նույնանման պահանջ է դրվել ՀՀ կառավարության կողմից, ըստ առանձին տեսականու, սահմանելու Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կերի, կերի հետ շփվող նյութերի եւ կերային հավելումների հայերենով մակնշման ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, որը կարեւորվում է հաշվի առնելով սննդամթերքի տեսականու բազմազանությունը, իսկ անասնակերի դեպքում ավելորդ է, քանի որ հայերեն մակնշման պարտադիր տեղեկատվությունը լիովին բավարար է ներմուծվող անասնակերի մակնշման համար: Այդ պատճառով առաջարկվում է «Անասնակերի մասին» ՀՀ օրենքի այդ պահանջը ճանաչել ուժը կորցրած: Օրենքի փոփոխությամբ մակնշման պարտադիր տեղեկատվության ցանկում ներառվում է նաեւ կերի պահման պայմանները եւ առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան), ուստի առաջարկվում է օրենքի` ըստ տեսակների կերարտադրության եւ կերի պահման պայմաններ սահմանելու մասին պահանջը եւս ուժը կորցրած ճանաչել:
Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի շրջանառության մեջ գտնվող կերի կամ կերային հավելման մասին ամբողջական տեղեկատվության տիրապետմանը, ըստ նշանակության օգտագործմանը եւ կապահովի դրանց ճիշտ պահպանումն ու օգտագործումը: Անասնակերի մասին ամբողջական տեղեկատվությունը կնպաստի նաեւ կենդանիների ճիշտ սնուցմանն ու առողջության պահպանմանը, որը միաժամանակ հիմք կհանդիսանա կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովման համար: