Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի ամբողջ տեքստից հանել «, ներդրումային ընկերություններ» բառերը` համապատասխան հոլովներով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցելու, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա տալու համար սահմանված են բավական կարճ ժամկետներ, որոնք ենթակա չեն կասեցման: Արդյունքում Կենտրոնական բանկը զրկվում է լիցենզավորման փուլում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից:
Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցելու ցանկություն ունեցող անձը պետք է ներկայացնի մի շարք տեղեկանքներ իր կողմից ստանձնվող ռիսկերի վերաբերյալ, մինչդեռ այդ անձի իրավունքների, պարտականութունների եւ պատասխանատվության մասին տեղեկատվությունը մեծամասամբ ներառված է համակարգի օպերատորի հետ կնքվող պայմանագրի նախագծում (պայմանագրի տիպային օրինակում), որի ներկայացումը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ:
Դրամական (փողային) փոխանցումների սահմանումը թույլ է տալիս շրջանցել օրենքի պահանջները եւ առանց համապատասխան լիցենզիայի իրականացնել դրամական փոխանցումներ: Համաձայն գործող օրենքի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն է համարվում վճարումների ընդունումը եւ կատարումը: Արդյունքում ՀՀ տարածքում վճարումների ընդունումը ՀՀ տարածքից դուրս դրանք կատարելու նպատակով, ինչպես նաեւ ՀՀ տարածքից դուրս ընդունված վճարումների կատարումը ՀՀ տարածքում դուրս են մնում կարգավորման դաշտից:
Դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները զրկված են վճարային գործիքների պրոցեսինգ եւ քիրինգ իրականացնելու հնարավորությունից, իսկ պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպությունները՝ դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորությունից:
Արգելված է վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից իրենց տարածքից դուրս ծառայությունների մատուցումը, մինչդեռ մի շարք կազմակերպություններ հետաքրքրված են վճարման ենթակա գումարը շահառուին ՝ վերջինիս բնակության վայրում առձեռն հանձնեու մեջ:
Գործող օրենքը չի կարգավորում վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից իրենց գործառնությունների պատվիրակման հետ կապված հարցերը: Օրենքը չի կարգավորում այն հարցերը, թե որ գործառնությունները կարող են պատվիրակվել եւ ինչ պայմաններով:
Սահմանված չէ վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու համար դիմող անձանց կողմից տնտեսական գործունեության ծրագիր նեկայացնելու պահանջը:
Ավելորդ սահմանափակումներ են նախատեսված վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներկայացուցչություններ ստեղծելու համար:
Սահմանված չեն վճարահաշվարկային կազմակերպության կապիտալին ներկայացվող պահանջներ:
Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցների նշանակման հիմքերը ճկուն չեն: Բացառված է մի քանի պատասխանատվության միջոցների միաժամանկյա կիրառումը, պատասխանատվության միջոցների առանձին տեսակներ կարող են կիրառվել միայն բացառիկ դեպքերում (օրինակ՝ լիցենզիան կարող է կասեցվել միայն պետական տուրքը չվճարելու դեպքում):
Բավարար չափով պաշտպանված չեն վճարահաշվարկային կազմակերպության հաճախորդների շահերը, հատկապես այն դեպքերում, երբ վճարահաշվարկային կազմակերպությունը հրաժարվում է հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելուց:
Գործող օրենքում տեղ են գտել տեխնիկական թերություններ եւ վրիպակներ, ավելորդ կրկնություններ:
«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թույլ է տալիս վարկային կազմակերպություններին մատուցել ներդրումային եւ ոչ հիմնական ծառայություններ, իսկ ներդրումային ընկերություններին` որպես ոչ հիմնական ծառայություն` իրականացնել վարկային կազմակերպության գործունեություն: Նշված ֆինանսական կազմակերպությունները կարող են ներթափանցել միմյանց գործունեության ոլորտներ, ինչը Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության եւ կարգավորման տեսանկյունից նպատակահարմար չէ:
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով նախատեսվում է, որ հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցելու, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա տալու համար սահմանված ժամկետները կարող են կասեցվել որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
Վճարահաշվարկային համակարգին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ տեղեկանքի փոխարեն կարող են ներկայացնել համակարգի օպերատորի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Դրամական (փողային) փոխանցումների սահմանումը առաջարկվում է փոփոխել այնպես, որ այն ներառի ինչպես վճարումների ընդունումը, այնպես էլ դրանց կատարումը:
Սահմանվում է, որ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները կարող են իրականացնել վճարային գործիքների պրոցեսինգ եւ քլիրինգ, իսկ պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպությունները՝ դրամական փոխանցումներ:
Առաջարկվում է վճարահաշվարկային կազմակերպություններին թույլատրել իրենց տարածքից դուրս վճարումներ կատարել շահառուներին:
Կարգավորվում են վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից իրենց գործառնությունների պատվիրակման հետ կապված հարցերը, պատվիրակման պայմանները եւ սահմանափակումները:
Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու համար դիմող անձանց համար սահմանվում է տնտեսական գործունեության ծրագիր նեկայացնելու պահանջ:
Առաջարկվում է հանել այն դրույթները, որոնք սահմանափակումներ են նախատեսում վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներկայացուցչություններ ստեղծելու համար:
Սահմանվում է վճարահաշվարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ՝ 100 միլիոն դրամի չափով: Միեւնույն ժամանակ Կենտրոնական բանկը կարող է որպես լրացուցիչ գործիք սահմանել դրամական միջոցներ կամ արժեթղթեր դեպոնացնելու կամ բանկային երաշխիք ներկայացնելու պահանջ:
Հստակեցվել են վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցների նշանակման հիմքերը: Ընդլայնվել են լիցենզիայի գործողությունը կասեցնելու եւ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերը:
Կենտրոնական բանկին իրավասություն է վերապահվել կասեցնելու վճարահաշվարկային կազմակերպությունների բանկային հաշիվներով գործառնությունները, եթե այդ կազմակերպություններն ի վիճակի չեն կատարել հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները:
Կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ եւ հստակեցումներ:
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում ներդրումային ընկերություններին չի թույլատրվի իրականացնել վարկային կազմակերպության գործունեություն, իսկ վարկային կազմակերպություններին` մատուցել ներդրումային եւ ոչ հիմնական ծառայություններ:
««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փոփոխությունը պայմանավորված է վերը նշված օրենքի փոփոխությամբ:
2. Կարգավորման առարկան
Օրենքի կարգավորման առարկան են հանդիսանում վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության հետ կապված հարաբերությունները:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կհստակեցնի վճարահաշվարկային համակարգերի եւ կազմակերպությունների ստեղծման եւ գործունեության հետ կապված ընթացակարգերը եւ կնպաստի դրանց գործունեության առավել արդյունավետ կարգավորմանը: