Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6521-23.06.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-289 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում «ռազմատրանսպորտային պարտականություն» բառերը փոխարինել «պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործումը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի «է» կետում «օժանդակել» բառից առաջ լրացնել «ապահովել պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված գործընթացի իրականացումը, ինչպես նաեւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «ծանր» բառից հետո լրացնել «եւ առանձնապես ծանր» բառերը, իսկ 4-րդ պարբերությունում «, բացառությամբ մինչեւ 16 տարեկան երեխաներ ունեցող կին զինծառայողների,» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածի «բ» կետում «զինվորական» բառից առաջ լրացնել «պատերազմի ժամանակ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 18. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում խաղաղ եւ ռազմական դրության ժամանակ զինված ուժերն ու այլ զորքերը տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով սահմանվում է տրանսպորտային միջոցների օգտագործում:

Տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են օրենքով»:

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն բացառապես օրենքներով են սահմանվում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պարտականությունները, ինչպես նաեւ նրանց իրավունքների սահմանափակումները:

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Գործող օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ռազմատրանսպորտային պարտականության իրականացման կարգը պետք է սահմանվի կառավարության որոշմամբ, սակայն հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության նշված պահանջը, ռազմատրանսպորտային պարտականության իրականացման կարգը չի սահմանվել, որի արդյունքում զորահավաքային նախապատրաստության շրջանակներում ՀՀ զինված ուժերը պատերազմի ժամանակ անհրաժեշտ ավտոմոբիլային տրանսպորտով ապահովելու գործընթացը փաստացի կազմալուծված վիճակում է եւ խաղաղ ժամանակ ԶՈւ պատրաստականության աստիճանն ապահովելու նպատակով իրականացվող վարժանքների ժամանակ հնարավոր չի լինում զորքերն ապահովել համապատասխան ավտոմոբիլային տրանսպորտով:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է օրենքում վերացնել ՀՀ Սահմանադրության պահանջների հետ առկա հակասությունը, ինչպես նաեւ օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնել գործող օրենքների պահանջներին:

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով նախատեսվում է, որ պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործումը սահմանվում է օրենքով, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հստակեցվում է կազմակերպությունների գործունեությունը՝

խաղաղ եւ պատերազմի ժամանակ տրանսպորտային միջոցների օգտագործման ապահովման ուղղությամբ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունումը, ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան, հնարավորություն է ընձեռում պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով: