Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 26-ի թիվ-259-ՀՕ օրենքի /այսուհետ` օրենք/ 18-րդ հոդվածի վերջը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`
«Հայաստանի Հանրապետության բնակչության դեղապահովման աշխատանքներն իրականացվում են տարեկան ծրագրով /այսուհետ` տարեկան ծրագիր/, սահմանված ժամկետներում եւ կարգով: Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային Ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում: Տարեկան ծրագիրը ներառում է`
ա/ ծրագրի հիմնական խնդիրները,
բ/ նախատեսված աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը,
գ/ նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները,
դ/ ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները,
ե/ բնակչությանը դեղերով ապահովելու աշխատանքների իրականացման եւ դրանց ֆինանսավորման /այդ թվում օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություննեից ստացված օգնությունների հաշվին/ գործընթացի վերահսկողության կարգը,
զ/ անվտանգ, արդյունավետ, որակյալ եւ մատչելի դեղերի շրջանառության ապահովման ուղությամբ նախատեսվող միջոցառումները,
է/ դեղերի շրջանառության ոլորտում ընդգրկված դեղագործական կադրերի, համապատասխան մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները,
ը/ բնակչությանը մատչելի դեղերով ապահովելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները,
թ/ հիմնական դեղերի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիության ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները,
ժ/ դեղերի տեղական արտադրության խթանման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները,
ժա/ բնակչության առանձին սոցիալական խմբերի դեղապահովման միջոցառումների իրականացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները,
ժբ/ բնակչության սոցիալական խմբերի ու անապահով խավերի, ինչպես նաեւ այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում համապատասխան դեղերը հատկացվում են անվճար կամ արտոնյալ պայմաններով,
ժգ/ այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:
Տարեկան ծրագրի հետ կառավարությունն Ազգային Ժողով է ներկայացնում դրա կատարումն ապահովող օրինագծերը:
Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Օրինագծի ընդունումը պայմանավորված է բնակչության դեղապահովման պետական նպատակային ծրագրերը տարեկան կտրվածքով ներկայացնելու եւ համապատասխան բյուջետային ֆինանսավորում հատկացնելու անհրաժեշտությամբ: Այդօրինակ մոտեցում ամրագրված է, մասնավորապես, «ՀՀ հաշմանդամների սոցիալալական պաշտպանության մասին» օրենքում /Հոդված 41, 42 եւ 43/, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում /Հոդված 33, 34 եւ 35/ եւ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում /Հոդված 12, 13 եւ 14/:
Օրինագծի մշակմանը մասնակցել են իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: