Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-656-01.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.  «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«7. Պետական գրանցում ստացած հիմնադրամի իրավաբանական անձ հանդիսացող հիմնադրի (հիմնադիրների) լուծարման կամ ֆիզիկական անձ հանդիսացող հիմնադրի (հիմնադիրների) մահվան, ինչպես նաեւ հիմնադրի (հիմնադիրների) կողմից իր իրավունքներից հրաժարվելու դեպքում, ինչը կարող է արտահայտվել այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են հիմնադրի (հիմնադիրների) իրավունքների չիրականացման  մասին` առանց այդ իրավունքի պահպանման մտադրության, որի արդյունքում որեւէ հիմնադիր չի իրականացնում հիմնադրամի հիմնադրի լիազորությունները, այդ հիմնադրամի հիմնադրի իրավունքը կարող է ստանձնել Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության:

Սույն մասով նախատեսված դեպքերում  Հայաստանի Հանրապետության  կողմից հիմնադրի իրավունքների ստանձնման հնարավորությունը կարող է սահմանափակվել (արգելվել)  հիմնադիրների կողմից հաստատված կանոնադրությամբ»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) կատարվող լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքով հիմնադրամի հիմնադրին է վերապահված վերակազմակերպման ինչպես  նաեւ հոգեբարձուների խորհրդի կազմի կազմավորման հետ կապված լիազորություններ: Հետեւաբար հիմնադրի կողմից իր գործառույթների իրականացման անհնարինության դեպքում հոգեբարձուների խորհուրդն ինքնին կիրականացնի այլ անձանց կողմից ներդրված եւ հիմնադրամին պատկանող գույքի (այդ թվում դրամական միջոցների) կառավարումը, ինչն էլ կհանգեցնի ինքնակամ գործողություններ իրականացնելուն եւ հիմնադրամն առանց որեւէ վերահսկողության կառավարելուն: Ուստի գտնում ենք, որ այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության, պետք է հնարավորություն ունենա ստանձնելու հիմնադրի գործառույթները: