Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-660-03.07.2009-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԵԽԽՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ» ԹԻՎ 1677 ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԲԱՑ, ԱՐԴԱՐԱՑԻ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՐԱԾ ՎՃԻՌԸ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ  Է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` ԵԽԽՎ « Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը» թիվ 1677 բանաձեւում հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման, «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռն ի կատար ածելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարելուն ուղղված Ազգային ժողով առաջարկներ, օրենսդրական փոփոխություններ ներկայացնելու համար:

2.Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) հաճախականությունների տիրույթների անկախ եվրոպական վերլուծաբանի պատրաստած զեկույցի հիման վրա հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթ անցկացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը,

բ) «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռն ի կատար ածելուն խոչընդոտող օրենսդրական նորմերն ուսումնասիրելը եւ դրանք վերացնելը,

գ) Այդ պարտավորությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումը եւ դրանց մասին Ազգային ժողով եզրակացությունների եւ տեղեկանքների ներկայացումը:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է իր ձեւավորումից սկսած մինչեւ 2009թ. հոկտեմբերի 23-ը եւ արդյունքների մասին զեկուցում է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 26-29-ի քառօրյա նիստերի ընթացքում:

4. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի.

ա) հարցումներով դիմելու պետական մարմիններին, որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ,

բ) իր աշխատանքներում ներգրավելու համապատասխան մասնագետների եւ փորձագետների:

 5.  Հանձնաժողովը բաղկացած է վեց անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ`դրանց կազմում չընդգրկված  պատգամավորներից:

Ձեւավորվելուց հետո`  եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը խորհրդակցական ձայնի իրավունքով իր աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկում «Ա1+» հեռուստաընկերությանը եւ տեղեկատվության, հեռուստահեռարձակման, հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին եւ մարմիններին, որոնց ցանկը որոշում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է նրանցից յուրաքանչյուրի մեկական ներկայացուցիչ:

6. Պատգամավորները Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորներն Ազգային ժողովի նիստում։ Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ։

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով:

9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ, որոնցից մեկը` պարտադիր Հանձնաժողովում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից:

10. Ազգային ժողովի աշխատակազմն Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների  համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

11. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 26-29-ի քառօրյա նիստերի ընթացքում զեկույցի հետ միասին Ազգային  ժողովի նիստում ներկայացնում է նաեւ եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները (այդ թվում` խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ազգային ժողովի` ներկայացվող նախագիծը նպատակ ունի կատարելու ԵԽԽՎ թիվ 1374 (2004), 1609(2008), 1620(2008), 1643(2009) բանաձեւերի պահանջները եւ հատկապես` 1677 (2009) «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը» բանաձեւով Հայաստանի ստանձնած պարտավորություններից երկուսը` հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման եւ «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռն ի կատար ածելու պարտավորությունները: Այս պարտավորության չկատարումը արձանագրվել է 2004թ.-ից մինչեւ այսօր ԵԽԽՎ ընդունած մի շարք բանաձեւերում, եվրապական կառույցների այլ նորմատիվ ակտերում: Մասնավորապես.

1. ԵԽԽՎ Թիվ 1374 (2004) «Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ  պարտականությունների կատարման մասին բանաձեւի 9-րդ կետի զ) ենթակետով «Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին <...> ստեղծել արդար պայմաններ լրատվամիջոցների բնականոն գործառնության համար, հատկապես հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր եւ մասնավորապես Ա1+-ին հեռուստաալիք տրամադրելու առնչությամբ»:

2. ԵԽԽՎ թիվ 1405 (2004) «Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ պարտականությունների կատարման մասին թիվ 1361(2004) եւ թիվ 1374(2004) բանաձեւերի կատարումը» բանաձեւի 3-րդ կետում վերոհիշյալ թիվ 1374 (2004) բանաձեւի չկատարված կետերի կապակցությամբ Վեհաժողովը «նկատի է առնում, որ՝ <...> ե. Այս ժամանակահատվածում մեկ հաճախականություն ազատվել է՝ առանց մրցույթի, միջկառավարական համաձայնության հիման վրա եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի շրջանակներում. խոսքը ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքին վերահեռարձակման համար հատկացված հաճախականության մասին է»: Այս հաճախականությունն «Ա1+» հեռուստաընկերությանը տրամադրելու պարտավորությունը նույնպես չկատարվեց: Նույն բանաձեւի 9-րդ կետում «Վեհաժողովը նշում է, որ Ռադիոյի եւ հեռուստատեսության օրենքի վերջին փոփոխությունները պահանջում են, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է լրացուցիչ փաստարկներ ներկայացնի հեռարձակման արտոնագիր շնորհելիս՝ այդպիսով կանխելով կամայական որոշումների ընդունումը», ինչը տեղի էր ունեցել «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու բազմաթիվ դեպքերում: Իսկ 11-րդ կետում «Վեհաժողովն ակնկալում է արագ առաջընթաց հետեւյալ բնագավառներում՝ <...> գ. Հայաստանի լրատվական սեկտորում զարգացումները. այն ակնկալում է, որ Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունների հիման վրա հնարավորինս շուտ կփոխվի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմը, եւ արդարացի պայմաններ կստեղծվեն հեռուստաընկերություններին, մասնավորապես, Ա1+ հեռուստակայանին, հեռարձակման արտոնագրեր շնորհելիս»:

3. ԵԽԽՎ թիվ 1609 (2008) «Հայաստանում Ժողովրդավարական հաստատությունների գործառույթը» բանաձեւի 6.5 կետում Վեհաժողովը նշում է. «Թեեւ գոյություն ունի բազմակարծ եւ անկախ տպագիր մամուլ, իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների եւ նրանց գործունեությունը կարգավորող մարմինների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացիկ մակարդակը, ինչպես նաեւ իսկապես անկախ եւ բազմակարծություն ապահովող հանրային հեռարձակողի բացակայությունը, խոչընդոտում են լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձեւավորմանը եւ խորացնում քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասի խնդիրը»: Իսկ 8.3. կետում ամրագրված է. «Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը քաղաքական շահերից: Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը: Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եւվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է, ի վերջո, հաշվի առնվեն: Վեհաժողովը կրկնում է, որ օրենսդրությունը բարեփոխելուց զատ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ: Բացի այդ, պետք է դադարեցնել հարկային մարմինների ճնշումներն ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների նկատմամբ»: ԵԽԽՎ թիվ 1609(2008) բանաձեւի այս պահանջներից ոչ բոլորն են կատարվել` մասնավորապես բազմակարծության ապահովման պարտավորութունը, որն էլեկտրոնային լրատվամիջոցների դաշտում վերացել է «Ա1+» հեռուստաալիքի եթերազրկումից հետո:

4. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պարտավորության, որը բխում է «Մելտեքս ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008թ. հունիսի 17-ին հրապարակված  որոշումից, այն մասին, որ «Հայաստանի իշխանությունների կողմից հեռարձակման արտոնագիր ստանալու հայտատուի խնդրանքի մերժումը Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում է եղել», գնահատելով, որ 2002թ. փետրվարին «հեռարձակման արտոնագրի համար «Մելտեքս» ընկերության հայտադիմումի մերժումը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից փաստացի նշանակել է տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու նրանց իրավունքի նկատմամբ միջամտություն»: 2003 թվականի մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածում յոթ այլ հեռուստահաճախությունների համար հայտարարված մրցույթներում «Ա1+»-ի բոլոր հայտերի մերժման ժամանակ ՀՌԱՀ-ը «որեւէ պատճառաբանված որոշում չի հրապարակել» եւ «արտոնագիրը մերժելու հայեցողական ընտրություն է կիրառել», «գործող օրենքի անորոշությունը հանգեցրել է նրան, որ ՀՌԱՀ-ին վերապահվել է միանգամայն հայեցողական ընտրության լիազորություն», «արտոնագրող մարմնից պատճառաբանված որոշում չպահանջող ընթացակարգը չի ապահովել  արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքի նկատմամբ պետական իշխանության կողմից կամայական միջամտությանը համարժեք պաշտպանություն», եւ «տեղեկատվություն ու գաղափարներ տարածելու «Մելտեքս» ընկերության ազատության նկատմամբ միջամտությունը, այն է` յոթ տարբեր դեպքերում հեռարձակման արտոնագրի մերժումը, ի խախտումն 10-րդ հոդվածի` չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի օրինականության պահանջին»:

5. ԵԽԽՎ թիվ 1620 (2008) «Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից» բանաձեւի 6-րդ կետով «Վեհաժողովը վերահաստատում է, որ Հայաստանում կա բազմակարծ էլեկտրոնային լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի անհրաժեշտություն եւ, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Ա1+» հեռուստատեսությանը հեռարձակման արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ դատավճռին, կոչ անում արտոնագրեր շնորհող մարմնին այժմ ապահովել արտոնագրման բաց, արդար եւ թափանցիկ ընթացակարգ` համաձայն 2008թ. մարտի 26-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված ուղենիշների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի»:

6. ԵԽԽՎ թիվ 1643 (2009) «Վեհաժողովի 1609 (2008) եւ 1620 (2008) բանաձեւերի կատարումը Հայաստանի կողմից» բանաձեւի 10-դ կետով «Վեհաժողովը գոհունակություն է հայտնում մի շարք այլ ոլորտներում, մասնավորապես` լրատվամիջոցների ընտրական օրենսդրության եւ դատաիրավական ոլորտներում Վեհաժողովի պահանջներին համահունչ բարեփոխումներ նախաձեռնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերի առնչությամբ եւ կոչ է անում իշխանություններին շարունակել նշված ոլորտներում Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների հետ ձեւավորված համագործակցությունը: Լրատվամիջոցների բազմակարծության եւ ազատության առնչությամբ, մասնավորապես, Վեհաժողովը. 10.1. Ողջունում է այն առաջարկները, որոնք արվել են` նպատակ հետապնդելով ապահովել Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմինների անկախությունը, եւ կոչ է անում իշխանություններին լիովին իրագործել այս կապակցությամբ Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից մոտ ապագայում ներկայացվելիք առաջարկությունները, 10.2. ի գիտություն է ընդունում Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն հեռարձակման հաճախականությունների բոլոր մրցույթները չեղյալ են հայտարարվում մինչեւ 2010 թվականը, երբ ավարտված կլինի թվային հեռարձակման ներդրումը Հայաստանում: Կանխակալ կարծիք չհայտնելով այս որոշման հիմնավորվածության վերաբերյալ` Վեհաժողովն ընդգծում է, որ թվային հեռարձակման ներդրման տեխնիկական պահանջները չպետք է օգտագործվեն իշխանությունների կողմից վեհաժողովի պահանջներին համահունչ հեռարձակման լիցենզիաների տրամադրման բաց, արդար եւ թափանցիկ մրցույթի անցկացումն անհարկիորեն ձգձգելու նպատակով»:

7. ԵԽԽՎ թիվ 1677 (2009) «Հայաստանում Ժողովրդավարական հաստատությունների գործառույթը» բանաձեւի 11-րդ կետով ամրագրվում է. «Ինչ վերաբերում է լրատվամիջոցների բարեփոխումներին, ապա Վեհաժողովը ողջունում է 2009թ. ապրիլի 28-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխությունների ընդունումը, որոնք մշակվել էին` սերտորեն խորհրդակցելով Եվրոպայի խորհրդի հետ, եւ ուղղված են Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմինների անկախության ապահովմանը: Այդ փոփոխությունների առնչությամբ Վեհաժողովը. 11.1. նկատում է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի կազմում ՀՀ նախագահի կողմից նշանակվող անդամների նշանակման ընթացակարգը չի կարգավորվում օրենքով եւ խորհուրդ է տալիս, որպեսզի ՀՀ նախագահն ընդունի կարգադրություն, որով կսահմանի նշանակման այնպիսի ընթացակարգ, որը նույնական կլինի ազգային ժողովի կողմից վերոհիշյալ մարմինների կազմում անդամների նշանակման ընթացակարգին: Վեհաժողովը համարում է, որ չնայած օրենքում դրական փոփոխություններին` այդ մարմինները չեն կարող լիովին անկախ լինել, քանի դեռ դրանց անդամները չեն նշանակվում քաղաքականապես չեզոք ընթացակարգով, 11.2. Վերահաստատում է 1609 (2008) բանաձեւոմ իր արտահայտած այն դիրքորոշումը, որ լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող վերոհիշյալ 2 մարմինների կազմում պետք է արտացոլված լինի հայ հասարակությունը, 11.3. խորհուրդ է տալիս արգելել նշված մարմինների կազմում քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակումը»: Իսկ 12-րդ կետով` «ինչ վերաբերում է հեռարձակման արտոնագրերի բաց արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացմանը, ապա Վեհաժողովը հարկ է համարում հիշատակել հաճախականությունների տիրույթների անկախ վերլուծաբանի պատրաստած զեկույցի հիմնա վրա Հայաստանի իշխանությունների եւ Եվրոպայի խորհրդի միջեւ ընթացող քննարկումները: Վեհաժողովը վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ Հայաստանում թվային հեռարձակման ներդրման հետ կապված տեխնիկական գործոնները չպետք է օգտագործվեն նման մրցույթի անցկացումն անհարկիորեն ձգձգելու եւ, այդկերպ, «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ի կատար ածումը հետաձգելու նպատակով»:

Վերը հիշատակված պարտավորություններից որոշները կատարվել են, որոշները` մասամբ են կատարվել, իսկ դրանցից երկուսը` 1.) հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացումը եւ 2) «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ի կատար ածումը, ընդհանրապես չեն կատարվել եւ գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարաների կոմիտեի հսկողության տակ: Հիշյալ պարտավորությունների կատարման առումով առկա է կոնֆլիկտ ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախախարության դիրքորոշման եւ փաստարկման հետ. այն է` թվային հեռարձակման ներդրման պայմաններում մինչեւ 2011թ. հեռարձակման հաճախականությունների նոր մրցույթի անցկացման անհնարինության առումով: Ստեղծվելիք ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նպատակն է լինելու ուսումնասիրել խնդիրը բոլոր տեսանկյուններից, լուծել գործադիր իշխանության այդ դիրքորոշման հետ առաջացած կոնֆլիկտը եւ գտնել երկու պարտավորությունների լիարժեք կատարման ուղիները, որոնք առաջին հերթին օրենսդրական դաշտում պետք է լուծում ստանան: Մինչ այժմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ում իրավասությունների ներքո է գտնվում հեռուստատեսության բնագավառի օրենսդրական կարգավորումը, ի զորու չի եղել կատարել 2004թ.-ից մինչեւ այսօր ԵԽԽՎ-ում ՀՀ ստանձնած այս պարտավորությունը, ինչը բերում է խնդրի ուսումնասիրության ու լուծման համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հրամայականին:

Որոշման նախագծով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետներն իրատեսական են եւ ամրագրված այնպես, որ թույլ տան մինչեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն ու դրան նախորդելիք ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը կատարել այդ պարտավորությունները: Հարկ է հիշեցնել, որ ԵԽԽՎ թիվ 1677 (2009) «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը» բանաձեւի 16-րդ կետով ամրագրվել է, որ «Վեհաժողովի կողմից 1609(2008), 1620(2008) եւ 1643(2009) բանաձեւերում ներկայացրած մնացյալ պահանջների կատարումը Հայաստանի կողմից պետք է գնահատել Հայաստանի նկատմամբ Վեհաժողովի սովորական, ընթացիկ մոնիթորինգի շրջանակներում: Վեհաժողովը առաջարկում է իր Մոնիթորինգի հանձնաժողովին այդ շրջանակներում, առանջնահերթության կարգով, դիտարկել Հայաստանի կողմից վերոնհիշյալ բանաձեւերի եւ սույն բանաձեւի պահանջների կատարումը»: