Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6)-րդ ենթակետով «6) լրատվության միջոցի տարածմանը (բաժանորդագրություն, առաքում, իրացում) խոչընդոտելը»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1, 4.2, եւ 4.3 հոդվածներով`
1) Հոդված 4.1. Լրագրողի իրավունքները
Լրագրողը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
1. փնտրել, հավաքել, ստանալ պատրաստել, խմբագրել եւ տարածել տեղեկատվություն,
2. իր մասնագիտական օրինական գործնեությունն իրականացնելիս լրագրողի վկայականով այցելել տարերրային եւ այլ աղետների, վթարների, արտակարգ իրավիճակ հայտարարված վայրեր, արգելանոցներ, զնագվածային անկարգությունների ու քաղաքացիների զանգվածային կուտակումների հատուկ պահպանվող վայրեր, հանցագործության դեպքի վայր, դատավարությունների, հատուկ թույլտվությամբ` հատուկ պահպանության վայրեր, անարգել մուտք եւ ելք ունենալ ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր ու պատիժը կատարելու վայր, ինչպես նաեւ ներկա գտնվել ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի եւ այլ հավաքների,
3. կատարել գրառումներ` այդ թվում տեսագրության, ձայնագրության, պատճենահանման, լուսանկարման եւ նկարահանման միջոցների օգտագործմամբ,
4. պատճենահանել, կրկնօրինակել, հրատարակել, հրապարակել կամ այլ կերպ վերարտադրել փաստաթղթեր եւ նյութեր,
5. հրաժարվել իր ստորագրությամբ նյութ կամ հրապարակում պատրաստելուց, եթե այն չի համապատասխանում իր համոզմունքներին,
6. հրաժարվել խմբագրության կամ խմբագրի կողմից իրեն տված այն հանձնարարություններից, որոնց բնույթը կամ կատարումը կարող է առաջացնել օրենքի խախտում,
7. հրաժարվել իր գրած հոդվածը կամ պատրաստած նյութը հրապարակելուց, եթե դրանց բովանդակությունը, աղավաղված է խմբագրի (խմբագրակազմի, խմբագրական խորհրդի եւ այլն) կողմից,
8. ճշտել իրեն տրված տեղեկատվության հավաստիությունը,
9. շարադրել իր անձնական դատողությունները, գնահատականները, մեկնաբանությունները եւ նկատառումները այն նյութերում կամ հրապարակումներում, որոնք պետք է տարածվեն իր ստորագրությամբ,
10. իր գրած հոդվածը կամ պատրաստած նյութը հրապարակել (տարածել) սեփական ստորագրությամբ, կեղծանունով կամ առանց ստորագրության,
11. տեղեկատվություն ստանալու նպատակով այցելել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, կուսակցություններ, կազմակերպություններ, հիմնարկներ կամ դրանց լրատվական ծառայություններ,
12. հարցազրույց վարել քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց հետ,
13. տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կամ իր հարցումներին համապատասխան ընդունելություն ստանալ պաշտոնատար անձանց կողմից,
14. ծանոթանալ պաշտոնական փաստաթղթերին ու նյութերին եւ իրենց միջոցների հաշվին ստանալ դրանց պատճենները,
15. ստանալ պետական, ծառայողական, առեւտրային, բանկային կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք չպարունակող, մարդու անձնական կյանքին չվերաբերող փաստաթղթեր եւ նյութեր, դրանցից կատարել քաղվածքներ եւ պատճեններ,
16. լուսանկարել, նկարահանել, տեսագրել եւ ձայնագրել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կուսակցություններում, կազմակերպություններում, հիմնարկներում, բաց տարածությունում եւ հասարակական վայրերում,
17. իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների պահանջով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, կազմակերպությունները, կուսակցությունները, կազմակերպությունները եւ դրանց պաշտոնատար անձիք պարտավոր են նրանց տրամադրել համապատասխան տեղեկատվություն` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են տեղեկատվություն ստանալ նաեւ քաղաքացիներից:
2) Հոդված 4.2. Լրագրողի պարտականությունները
Լրագրողը իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելիս պարտավոր է`
1. հարգել այլոց իրավունքները, օրինական շահերը, պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը, չհրապարակել (չտարածել) դրանք արատավորող լուրեր ու տեղեկություններ,
2. իրավասու մարմնի կամ անձի առաջին, իսկ պահանջի դեպքում ներկայացնել լրագրողի վկայականը կամ անձը եւ լրագրողի լիազորությունները հավաստող այլ փաստաթուղթ,
3. չհրապարակել պատերազմի, ռասիզմի, բռնության, ազգային եւ կրոնական թշնամանքի, թմրամոլության, մարմնավաճառության եւ քրեորեն հետապնդելի այլ արարքների քարոզչություն պարունակող նյութեր,
4. չհրապարակել կեղծ տեղեկատվություն, չաղավաղել քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց հետ վարած հարցազրույցների բովանդակությունը,
5. լրատվության միջոցի խմբագրին տեղեկացնել չստուգված փաստերի (տեղեկությունների) մասին, որոնց հրապարակումը (տարածումը) կարող է խախտել սույն օրենքի պահանջները,
6. տեղեկություններ հաղորդած անձանց պահանջով նշել այդ տեղեկության աղբյուրը եւ մեջբերման հեղինակին, կամ պահպանել տեղեկությունների եւ դրանց աղբյուրի գաղտնիությունը,
7. քաղաքացիներից կամ պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալիս նրանց նախապես զգուշացնել ձայնագրության, տեսագրության, լուսանկարման եւ նկարահանման մասին, բացառությամբ սույն օրենքի 4.3 հոդվածով նախատեսված դեպքերի:
3) Հոդված 4.3 Թաքնված գրառում
Տեղեկությունների եւ նյութերի ձեռքբերումը թաքնված ձայնագրության, տեսագրության, լուսանկարման եւ նկարահանման օգտագործմամբ թույլատրվում է եթե, առկա է հետեւյալ հանգամանքներից որեւիցե մեկը`
1) դա չի խախտում մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները,
2) եթե դա անհրաժեշտ է հասարակական շահերը պաշտպանելու համար եւ ձեռնարկված են համապատասխան միջոցներ կողմնակի անձանց հնարավոր նույնականացումը կանխելու համար,
3) եթե գրառման ցուցադրումը կատարվում է դատարանի որոշմամբ:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
Սույն օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է լրագրողների իրավունքների, պարտականությունների եւ պաշտպանվածության հիմնահարցերը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրինագիծը նախապատրաստելիս օգտագործվել են մի շարք երկրների` այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Լատվիայի եւ Վրաստանի համապատասխան օրենքների դրույթները:
Օրինագծի մշակմանը մասնակցել են Մամուլի ազգային ակումբի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաեւ իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը:
Օրնագծերի փաթեթը 2009 թվականի մարտի 26-ին համապատասխան եզրակացություններ ստանալու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է թվով 45 ԶԼՄ-ների (ցանկը կցվում է), որոնցից առ 13.05.2009 թ. առաջարկություններ եւ դիտողություններ են ստացվել միայն «Ազատամտություն» եւ «Հայք» թերթերից, ինչպես նաեւ «Հայաստային Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ից: Դրանք հաշվի են առնվել օրինագծի մշակման ընթացքում:
Օրինագիծը լրամշակվել է կառավարության 18.06.2009թ. եզրակացության մեջ նշված առաջարկությունների եւ դիտողությունների հիման վրա: Կառավարության ներկայացրած 16 առաջարկություններից ընդունվել է 13-ը, իսկ չընդունված 3 առաջարկությունների վերաբերյալ տրվում են ներքոհիշյալ պարզաբանումները:
Վերոհիշյալ եզրակացության մեջ նշված օրինագծի հոդված 4.1-ի 3-րդ կետի (տես լրամշակված տարբերակի 2-րդ կետը) վերաբերյալ առաջարկություններն ընդունելի կլինեին, եթե այդ հոդվածի սկզբում նշված չլիներ, որ «Լրագրողը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի» ձեւակերպումը: Բացի այդ, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ ենթակետից հետո ամրագրված մասը, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի» 22-րդ հոդվածի 2.1 կետի դրույթները, որոնց հիման վրա օրինագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ, թերեւս փարատում են բոլոր մտահոգությունները: Առավել եւս, որ վերհիշյալ օրինագծերում ամրագրված մուտքի եւ ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը: Կառավարության եզրակացության մեջ օրինագծի հոդված 4.1-ի 13-րդ եւ 15-րդ կետերին (տես լրամշակված տարբերակի 11-րդ եւ 13-րդ կետերը) վերաբերող առաջարկությունների ընդունումը մեր կարծիքով կարող է սահմանափակել լրագրողի իրավունքները: Բացի այդ, հոդվածի սկզբում նշված է «Լրարողն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի», որը թերեւս լուծում է հարցը: Ի դեպ Ռուսաստանի Դաշնության «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում ամրագրված է մեր կողմից ընդունված մոտեցումը: Կառավարության եզրակացության մեջ նշված օրինագծի 4.3 հոդվածը հանելու վերաբերյալ առաջարկությունը չի ընդունվել, որովհետեւ մեր կարծիքով դա չի հակասում «Օպերատիվ-Հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածին: Ի դեպ օրինագծի «Թաքնված գրառում» վերնագրված 4.3 հոդվածով նախատեսված դրույթները ամբողջությամբ կրկնում են Ռուսաստանի Դաշնության վերոհիշյալ օրենքի 50-րդ հոդվածը: Ինչ վերաբերվում է Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությանը, ապա դա կատարվել է ելնելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթներից, ինչպես նաեւ լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովմանը խոչընդոտելու համար պատասխանատվությունը մեծացնելու անհրաժեշտությունից: Այդ հարցում եւս հաշվի են առնվել կառավարության առաջարկությունները: