Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2003թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 164-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 164. Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովմանը խոչընդոտելը
Գրաքննությունը կամ որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ կամ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ խտրականությունը լրատվության համար անհրաժեշտ սարքավորումների եւ նյութերի քաղաքացիական շրջանառությունում կամ ցանկացած, այդ թվում` այլ երկրներում թողարկված եւ տարածված լրատվության միջոցներից օգտվելու` անձի իրավունքի սահմանափակումը կամ լրատվության միջոցի տարածմանը որեւէ ձեւով խոչընդոտելը կամ լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովմանը այլ կերպ խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհայուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնական դիրքն օգտագործելով`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը չորս տարի ժամկետով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
Սույն օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է լրագրողների իրավունքների, պարտականությունների եւ պաշտպանվածության հիմնահարցերը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրինագիծը նախապատրաստելիս օգտագործվել են մի շարք երկրների` այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Լատվիայի եւ Վրաստանի համապատասխան օրենքների դրույթները:
Օրինագծի մշակմանը մասնակցել են Մամուլի ազգային ակումբի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաեւ իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը:
Օրնագծերի փաթեթը 2009 թվականի մարտի 26-ին համապատասխան եզրակացություններ ստանալու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է թվով 45 ԶԼՄ-ների (ցանկը կցվում է), որոնցից առ 13.05.2009 թ. առաջարկություններ եւ դիտողություններ են ստացվել միայն «Ազատամտություն» եւ «Հայք» թերթերից, ինչպես նաեւ «Հայաստային Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ից: Դրանք հաշվի են առնվել օրինագծի մշակման ընթացքում:
Օրինագիծը լրամշակվել է կառավարության 18.06.2009թ. եզրակացության մեջ նշված առաջարկությունների եւ դիտողությունների հիման վրա: Կառավարության ներկայացրած 16 առաջարկություններից ընդունվել է 13-ը, իսկ չընդունված 3 առաջարկությունների վերաբերյալ տրվում են ներքոհիշյալ պարզաբանումները:
Վերոհիշյալ եզրակացության մեջ նշված օրինագծի հոդված 4.1-ի 3-րդ կետի (տես լրամշակված տարբերակի 2-րդ կետը) վերաբերյալ առաջարկություններն ընդունելի կլինեին, եթե այդ հոդվածի սկզբում նշված չլիներ, որ «Լրագրողը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի» ձեւակերպումը: Բացի այդ, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ ենթակետից հետո ամրագրված մասը, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի» 22-րդ հոդվածի 2.1 կետի դրույթները, որոնց հիման վրա օրինագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ, թերեւս փարատում են բոլոր մտահոգությունները: Առավել եւս, որ վերհիշյալ օրինագծերում ամրագրված մուտքի եւ ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը: Կառավարության եզրակացության մեջ օրինագծի հոդված 4.1-ի 13-րդ եւ 15-րդ կետերին (տես լրամշակված տարբերակի 11-րդ եւ 13-րդ կետերը) վերաբերող առաջարկությունների ընդունումը մեր կարծիքով կարող է սահմանափակել լրագրողի իրավունքները: Բացի այդ, հոդվածի սկզբում նշված է «Լրարողն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի», որը թերեւս լուծում է հարցը: Ի դեպ Ռուսաստանի Դաշնության «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում ամրագրված է մեր կողմից ընդունված մոտեցումը: Կառավարության եզրակացության մեջ նշված օրինագծի 4.3 հոդվածը հանելու վերաբերյալ առաջարկությունը չի ընդունվել, որովհետեւ մեր կարծիքով դա չի հակասում «Օպերատիվ-Հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածին: Ի դեպ օրինագծի «Թաքնված գրառում» վերնագրված 4.3 հոդվածով նախատեսված դրույթները ամբողջությամբ կրկնում են Ռուսաստանի Դաշնության վերոհիշյալ օրենքի 50-րդ հոդվածը: Ինչ վերաբերվում է Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությանը, ապա դա կատարվել է ելնելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթներից, ինչպես նաեւ լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովմանը խոչընդոտելու համար պատասխանատվությունը մեծացնելու անհրաժեշտությունից: Այդ հարցում եւս հաշվի են առնվել կառավարության առաջարկությունները: