Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (13-ը դեկտեմբերի 2003 թվական, N ՀՕ-1-Ն) 6-րդ հոդվածի 3-րդ մասում «ինտերնետ շահումով խաղ» բառերից հետո լրացնել «մինչեւ 2013թվականի հունվարի 1-ը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«2013 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել.
ա) Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւանի համայնքի վարչական սահմաններում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխան տարածքներում,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 37 միլիարդ դրամից ավել ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վայրերում եւ չափանիշներին համապատասխան,
գ) «Երեւանի «Զվարթնոց» Օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում:
Հոդված 3. Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը տրված շահումով խաղի կամ խաղատան լիցենզիաները ուժի մեջ են մինչեւ 2013թվականի հունվարի 1-ը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է, որ շահումով խաղեր կամ խաղատներ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղեր 2013թ.-ից կարող են կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխան տարածքներում, «Երեւանի «Զվարթնոց» Օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 37 միլիարդ դրամից ավել ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վայրերում եւ չափանիշներին համապատասխան տարածքներում:
Ներկայումս խաղասրահները կամ խաղատները սփռված են ՀՀ քաղաքային համայնքներից դուրս, որոնց մեծ մասը գտնվում են բնակավայրերում: Այս փաստը իր բացասական ազդեցությունն է թողնում խաղասրահների եւ խաղատների հարեւանությամբ գտնվող բնակիչների վրա` կապված անձանց կողմից շահումով խաղերին գայթակղվելու եւ հանգիստը խանգարելու հետ:
Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը, որից կարելի է եզրակացնել, որ խաղատների եւ խաղասրահների տարածքները ընտրվում են կախված պետության կողմից վարվող քաղաքականությունից` զբոսաշրջության զարգացում (Մոնակո, Վենետիկ) կամ տարածաշրջանային զարգացում (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ` Լաս-Վեգաս, Ատլանտիկ Սիթի):
ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից ելնելով` Նախագծում կիրառվել է միջազգային պրակտիկայում գործող մոդելների կոմբինացված տարբերակը: Դրա նպատակահարմարությունը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարությունը, ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից, սահմանում է այն վայրերը, որտեղ կստեղծվեն խաղային բիզնեսի կլաստերներ` աջակցելով տվյալ տարածքների զարգացմանը: Միեւնույն ժամանակ ուշադրություն է դարձվել նաեւ այդ զվարճանքի կենտրոնները տուրիստական վայրերին մոտիկ լինելու հանգամանքին:
Նախագծով սահմանվում է, որ խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս` զբոսաշրջության վայրերում, ինչը նույնպես կաջակցի զբոսաշրջության զարգացմանը:
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ տուրիստական տարածքներում ստեղծել խաղատների եւ խաղասրահների համախմբված եւ զարգացված կենտրոններ, ինչը կդյուրինացնի զբոսաշրջիկներին զվարճանքի վայրեր այցելելը, ինչպես նաեւ ՀՀ-ում կզարգանա հյուրանոցային բիզնեսը: