ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության (այսուհետ` Տեսչություն) գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմնադրույթները, բնակչության պաշտպանության նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ծագած հասարակական հարաբերությունների մասնակից բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական (այդ թվում` օտարերկրյա) անձանց վրա:
Հոդված 3. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին օրենսդրությունը
Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այս բնագավառում ծագած հասարակական հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերից ինչպես նաեւ միջազգային պայմանագրերից:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) բնակչության պաշտպանության նորմեր
` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված` հրդեհային, տեխնիկական, սեյսմիկ անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովմանն ուղղված կանոններ եւ պահանջներ.
2) բնակչության պաշտպանության նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն ` սույն օրենքով եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության կողմից իրականացվող ստուգում, որը նպատակաուղղված է բնակչության պաշտպանության նորմերի պահանջների կատարմանը.
Հոդված 5. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության խնդիրները
1. Տեսչության հիմնական խնդիրներն են`
1) արտակարգ իրավիճակների կանխման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, բնակչության պաշտպանության նորմերի պահանջների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում վերահսկողության ապահովումը.
2) բնակչության պաշտպանության նորմերի պահանջների կատարման ընթացքում իրավախախտումների հայտնաբերման եւ օրենքով սահմանված կարգով որոշումների կայացման ապահովումը.
3) արտակարգ իրավիճակների կանխմանը եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը նպաստելը.
4) բնակչության պաշտպանության նորմերի պահանջների չկատարումը բացահայտելու նպատակով օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով հետաքննության իրականացման ապահովումը.
Հոդված 6. Տեսչության գործունեության հիմնական սկզբունքները
1. Տեսչության գործունեության հիմնական սկզբունքներն են`
1) օրինականությունը.
2) մարդու կյանքի եւ առողջության պահպանման ու փրկության առաջնայնությունը.
3) ծրագրային գործողությունների իրականացումը` ըստ գերակա ուղղությունների եւ առաջնայնությունների.
4) արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրների լուծման գործընթացում հասարակայնության մասնակցության ապահովումը.
5) բնակչության պաշտպանության նորմերի պահպանման քարոզչության իրականացումն ու հանրային իրազեկումը:
ԳԼՈՒԽ 2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎՆՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 7. Բնակչության պաշտպանության նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը
Բնակչության պաշտպանության նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
Հոդված 8. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչությունը
Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչությունը լիազոր մարմնի կազմում գործող առանձնացված ստորաբաժանում է: Տեսչության աշխատակիցն ունի հատուկ ծառայողական վկայական, որի ձեւը հաստատում է լիազոր մարմինը:
Հոդված 9. Բնակչության պաշտպանության նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ուղղությամբ լիազոր մարմնի իրավասությունները
1. Բնակչության պաշտպանության նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ուղղությամբ լիազոր մարմնի իրավասություններն են`
1) Տեսչության աշխատանքների համակարգումը եւ վերահսկումը.
2) բնակչության պաշտպանության նորմերի (քաղաքացիական պաշտպանության, հրդեհային անվտանգության, տեխնիկական անվտանգության, սեյսմիկ պաշտպանության եւ այլ արտակարգ իրավիճակների կանոններ, պահանջներ) մշակումը.
3) Տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը եւ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը.
4) Տեսչության աշխատանքների կազմակերպման հրահանգի, Տեսչության կողմից կայացվող որոշումների, կարգադրագրերի եւ այլ փաստաթղթերի մշակումն ու հաստատումը.
5) Տեսչության կանոնադրության մշակումն ու ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
6) բնակչության պաշտպանության նորմերի խախտում թույլ տված ստուգվող սուբյեկտի նկատմամբ, իր իրավասության սահմաններում օրենքով նախատեսված որոշումների կայացումը.
7) Տեսչության կողմից իրականացվելիք ստուգումների տարեկան պլան-ծրագրերի հաստատումը.
Հոդված 10. Տեսչության գործառույթները
1. Տեսչության գործառույթներն են.
1) արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ քաղաքացիական պաշտպանության քարոզչության իրականացումը.
2) բնակչության պաշտպանության նորմերի եւ անվտանգության նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար մեթոդական օգնության կազմակերպումը` տալով համապատասխան տեղեկատվություն եւ խորհրդատվություն.
3) բնակչության պաշտպանության նորմերի եւ անվտանգության նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ լիազոր մարմնին առաջարկությունների ներկայացնումը.
4) արտակարգ իրավիճակների, պատահարների պատճառների ուսումնասիրումն ու վերլուծումը եւ դրանց կանխարգելման վերաբերյալ առաջարկությունների ու միջնորդությունների ներկայացնումը.
5) հրդեհային եւ տեխնիկական անվտանգության կոլեկտիվ ու անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման եւ շահագործման վիճակի ուսումնասիրումը.
6) բնակչության պաշտպանության նորմերի պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում խախտումների վերացման ժամկետների սահմանումը` ըստ հաստատված նորմատիվների. սահմանված ժամկետներում թերությունները չվերացնելու հետ կապված` օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում լիցենզիայի (թույլտվության) գործողության ժամանակավորապես (մինչեւ խախատումների վերացումը) կամ լրիվ դադարեցնելու միջնորդության ներկայացումը` համապատասխան լիազոր մարմնին.
7) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մոտ բնակչության պաշտպանության նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը` օրենքով նախատեսված դեպքերում իր իրավասությունների սահմաններում իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելը.
8) կազմակերպություններին առաջարկությունների ներկայացումը` ձեռնարկելու համապատասխան միջոցներ` վերացնելու ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները ու թերությունները.
9) Տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին տարեկան հաշվետվությունների կազմումը եւ ներկայացումը լիազոր մարմնին.
10) քաղաքացիների ընդունելության կատարումը, կազմակերպությունների եւ քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկների քննարկումը ու օրենքով սահմանված կարգով լուծում տալը.
ԳԼՈՒԽ 3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 11. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսուչի իրավասությունները
1. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսուչը իրավասու է`
1) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` բնակչության պաշտպանության նորմերի պահանջների կատարման նկատմամբ ստուգվող սուբյեկտներում իրականացնելու ստուգումներ.
2) լիազոր մարմնի ղեկավարի հաստատած տարեկան ծրագրի, ինչպես նաեւ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց դիմումի հիման վրա (լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ) իրականացնելու թեմատիկ ստուգումներ.
3) բնակչության պաշտպանության նորմերի պահանջների խախտման դեպքում օրենքով սահմանված կարգով արձանագրել խախտումները, ստուգվող սուբյեկտներին պարտադիր ցուցումներ տալ եւ սահմանված ժամկետներում թերությունները չվերացնելու դեպքում` օրենքով սահմանված կարգով համապատասխան լիազոր մարմնին լիցենզիայի (թույլտվության) ժամանակավորապես (մինչեւ խախատումների վերացումը) դադարեցման միջնորդություն ներկայացնել.
4) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իրականացնել գործերի վարույթ եւ գործերի քննության արդյունքում ընդունել օրենքով նախատեսված որոշումներ.
5) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով անարգել մուտք գործել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող տարածքներ` բնակչության պաշտպանության նորմերի պահպանումն ապահովելու նպատակով:
6) Իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 12. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսուչի պարտականությունները
1. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսուչը պարտավոր է`
1) օրենքներով սահմանված իր իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի եւ այլ իրավական ակտերի պահանջների կատարումը.
2) օրենքներով սահմանված իր իրավասությունների սահմաններում ապահովել քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը.
3) օրենքներով սահմանված իր իրավասությունների սահմաններում ուսումնասիրել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, քաղաքացիների բողոքներն ու դիմումները եւ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դրանց ընթացք տալ.
4) բնակչության պաշտպանության նորմերի եւ դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ.
5) հաշվառել, գրանցել բնակչության պաշտպանության նորմերի պահանջների խախտման դեպքերը եւ իրականացնել գոծերի մատյանի վարում.
6) իր իրավասությունները իրականացնելու ընթացքում չխոչընդոտել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց բնականոն գործունեությունը.
7) բնակչության պաշտպանության նորմերի պահանջների խախտում հայտնաբերելիս օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով անցկացնել հետաքննություն:
2. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսուչն իր պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով եւ լիազոր մարմնի սահմանած մեթոդական ցուցումներով ու հրահանգներով:
ԳԼՈՒԽ 4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Տեսչության ֆինանսավորումը
Տեսչությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ միջոցներց:
Հոդված 14. Արտակարգ իրավիճակների տեսուչի համազգեստը
Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսուչի համազգեստի ձեւը, կրելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15. Տեսչության տարբերանշանը
Տեսչությունն ունի տարբերանշան, որի նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Տեսչության տարբերանշանը արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսուչի համազգեստի պարտադիր բաղկացուցիչ մասն է:
ԳԼՈՒԽ 5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 16. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչական ստուգումների գործերով վարչական վարույթ իրականացնելու եւ որոշումներ կայացնելու կարգը
1. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչական ստուգումների գործերով սույն հոդվածով սահմանված պաշտոնատար անձինք իրականացնում են վարչական վարույթ եւ օրենքով սահմանված կարգով ընդունում որոշումներ:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաեւ սույն հոդվածով սահմանված որոշումներ (այսուհետ` որոշումներ) կայացնելու իրավասություն ունեն լիազոր մարմնի ղեկավարը, Տեսչության ղեկավարը, նրա տեղակալները եւ այլ տեսուչները` իրենց տրված հրամանների, հանձնարարականների, հանձնարարագրերի համաձայն:
3. Գործերի վարույթի արդյունքում կայացվում են որոշումներ.
1) իրավախախտումներ չհայտնաբերելու դեպքում` «արձանագրությունը (ակտը) ի գիտություն» ընդունելու վերաբերյալ.
2) իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ.
3) վերահսկողության ընթացքում հանցակազմի տարր պարունակող իրավախախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար իրավասու մարմիններ հաղորդում ներկայացնելու վերաբերյալ.
4) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրավախախտում թույլ տված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համապատասխան լիցենզիաների (թույլտվություների) գործողության ժամանակավոր կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին համապատասխան մարմիններ միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ.
5) հայտնաբերված իրավախախտումների վերացման համար պարտադիր ցուցումներ տալու վերաբերյալ.
6. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչական ստուգմամբ կայացված որոշման եւ հայտնաբերված խախտման վերացման պարտադիր կատարման ենթական ցուցումների ձեւերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
Հոդված 17. Վարչական ակտերի կատարման ընթացակարգը
1. Գործի քննության արդյունքում ընդունված որոշումը կայացնելուց հետո մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է ստուգվող սուբյեկտին: Որոշումը հանձնվում է ստորագրությամբ կամ պատվիրակված նամակով` համապատասխան նշում կատարելով գործերի քննության գրանցամատյանում:
2. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի`
1) 1-ին կետով սահմանված որոշումը ստուգվող սուբյեկտին տրամադրվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.
2) 3-րդ կետով սահմանված որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ստուգման նյութերը ներկայացվում են իրավասու մարմիններին` միաժամանակ որոշման մեկ օրինակը սույն հոդվածով սահմանված կարգով տրամադրելով ստուգվող սուբյեկտին.
3) 4-րդ կետով սահմանված որոշումը կայացնելուց հետո լիազոր մարմնի ղեկավարը հնգօրյա ժամկետում միջնորդագիր է ներկայացնում համապատասխան լիցենզավորող իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարին` լիցենզիայի (թույլտվության) գործողությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին: Համապատասխան լիազորված պետական մարմնի կողմից տրված լիցենզիաների (թույլտվության) գործողությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու որոշման վերաբերյալ միջնորդագիրը` համապատասխան հիմնավորումներով լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում է Տեսչության ղեկավարը որոշումը կայացնելու օրվանից հետո? եռօրյա ժամկետում: Միջնորդագրին կցվում է խախտման վերաբերյալ արձանագրության պատճենը: Lիցենզավորող մարմնի ղեկավարը միջնորդագիրն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, քննում է այն եւ ընդունում որոշում լիցենզիայի (թույլտվության) գործողությունը դադարեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու կամ միջնորդագիրը մերժելու մասին եւ հնգօրյա ժամկետում տեղյակ է պահում միջնորդագիրը ներկայացնող պաշտոնատար անձին.
4) 5-րդ կետով սահմանված որոշումը կարող է ընդունվել սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված որոշումների ընդունման հետ միաժամանակ.
3. Գործերի քննության արդյունքների եւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումների, դրանց ներկայացման ու կատարման ընթացքի վերաբերյալ տվյալները գրառվում են գործերի քննության գրանցամատյանում, որի ձեւն ու լրացման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
Հոդված 18. Տեսչության գործունեության մասին հաշվետվությունը
1. Տեսչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երեք ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին: Լիազոր մարմինը դա հրապարակում է ԶԼՄ-ներով:
2. Գործունության ամենամյա հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն Տեսչության գործունության մասին, այդ թվում`
1) տեսչական ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների եւ կազմակերպություններին ներկայացված միջնորդագրերի, առաջարկությունների, պարտադիր ցուցումների մասին.
2) թույլ տրված խախտումների եւ կիրառված վարչական տույժերի մասին.
3) արտակարգ իրավիճակների, դժբախտ դեպքերի եւ պատահարների թվաքանակի ու դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:
ԳԼՈՒԽ 6. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 19. Տեսչության եւ մաքսային մարմինների հետ փոխհարաբերությունները
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով հրդեհաշիջման միջոցների, պայթունահրդեհավտանգ եւ հրդեհավտանգ նյութերի, հնարավոր այլ արտակարգ իրավիճակներ առաջացնող այլ նյութերի, քաղաքացիական պաշտպանության գույքի արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման մասին տեղեկատվությունը մաքսային մարմինը հնգօրյա ժամկետում տրամադրում է լիազոր մարմնին, իսկ տարածքային մասքսային մարմինը` Տեսչության տվյալ տարածքային ստորաբաժանմանը: Տեղեկանքում ներառվում են ապրանքների նկարագիրը եւ ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, քանակը, ամսաթիվը եւ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող այլ տեղեկություններ:
Հոդված 20. Տեսչության եւ հասարակայնության փոխհարաբերությունները
1. Հասարակայնության, ներառյալ` հասարակական կազմակերպությունների (այսուհետ` հասարակայնություն) պահանջով բնակչության պաշտպանության նորմերի կիրարկման վերաբերյալ տեղեկատվությունը Տեսչությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հասարակայնությունը բնակչության պաշտպանության նորմերի խախտման դեպքերի մասին տեղյակ է պահում կամ ահազանգում է Տեսչությանը, որը համապատասխան դիմում-բողոքը կամ հաղորդումը ստանալուց հետո սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է ստուգում եւ ստուգման ավարտից հետո` հնգօրյա ժամկետում, արդյունքների մասին հայտնում է նաեւ դիմողին կամ հաղորդում ներկայացնողին:
3. Տեսչությանը` օրենսդրության խախտման դեպքերի վերաբերյալ տրամադրված ակնհայտ կեղծ տեղեկատվությունը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 21. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
Սույն օրենքով կարգավորման ենթակա իրավահարաբերությունների կողմ հանդիսացող սուբյեկտները սույն օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու կամ իրավասությունները վերազանցելու կամ դրանք ոչ պատշաճ կատարելու կամ սույն օրենքի այլ պահանջները խախտելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հոդված 22. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1.1 Իրավական ակտի անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 878-Ն որոշման 4.3.13 կետի 1.7 ենթակետով հաստատվել է` արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության (այսուհետեւ` Տեսչություն) ձեւավորման նպատակով օրենքի նախագծի մշակման եւ պետական շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման միջոցառումը:
Հիմք ընդունելով տեսչական բարեփոխումների եւ բնակչության ու տարածքների պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրային դրույթներն ու մոտեցումները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրական խնդիրները, ինչպես նաեւ հաշվի առնելով բնագավառում հիմնախնդիրների համակարգված, ամբողջական եւ իրատեսական լուծման, տեսչական գործառույթների ընթացակարգերի հստակեցման, արդյունավետության, թափանցիկության եւ հրապարակայնության, ոլորտում թերությունների վերացման, տնտեսության ու հասարակության բոլոր շերտերում սեյսմիկ, հրդեհային, տեխնիկական անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության նորմերի պահպանման անհրաժեշտությունը, նպատակահարմար է համարվել «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը:
1.2 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Ներկայումս Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման հրատապ պահանջ է զգացվում, առկա է` տեսչական փորձագիտության համակարգման դժվարությունը, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ քաղաքացիական պաշտպանության միասնական նորմատիվային փաստաթղթի բացակայությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության ոլորտի մեծությունը եւ բազմազանությունը, իրավական դաշտի անկատարությունը, ունիվերսալ մասնագետների բացակայությունը, տեղեկատվության մշակման, փոխանակման եւ պահպանման ցածր մակարդակը, տեսչական գործառույթների ընթացակարգերի թափանցիկության եւ պարզեցվածության ցածր մակարդակը:
1.3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Վերը նշված խնդիրների լուծման եւ արտակարգ իրավիճակների ոլորտում տեսչական գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը իր գործունեության ծրագրում ամրագրել է դրույթ, ըստ որի նախատեսվում է ստեղծել Տեսչություն: Տեսչական ողջ համակարգի լայնածավալ բարեփոխումների մի մասը կարող է հանդիսանալ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տեսչական մարմինների եւ գործառույթների բարեփոխմանը, Տեսչություն եւ տնտեսավարող սուբյեկտներ փոխհարաբերությունները համագործակցության, փոխօգնության, երկխոսության եւ տեղեկատվության փոխանակման դաշտ տեղափոխելուն ու գործարար ակտիվությունը խթանելուն միտված սույն օրենքը:
Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանել նոր հասկացություն` բնակչության պաշտպանության նորմեր, որոնք ներառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով սահմանված` հրդեհային, տեխնիկական, սեյսմիկ անվտանգության եւ այլ արտակարգ իրավիճակներին վերաբերող, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովմանն ուղղված կանոններ, պահանջներ եւ ստանդարտներ:
«Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը կապահովի սեյսմիկ, հրդեհային, տեխնիկական անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության նորմերի պահպանման ուղղությամբ միասնական ու համակարգված քաղաքականության իրականացումը, միասնական եւ ներդաշնակ նորմատիվային մեկ փաստաթղթի մշակումը: Կբացառվի տեղեկատվության կրկնորդումը, թերի հավաքագրումը եւ ապատեղեկատվությունը:
2. Կարգավորման առարկան
Օրենքով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների բնագավառը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված նորմերի, կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաեւ այդ նորմերի, կանոնների, պայմանների, դրանց հետ կապված հարաբերությունների ու արտակարգ իրավիճակների ոլորտում վերահսկողության իրավական ու տնտեսական հիքերը, Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության, արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության պետական տեսուչի գործառույթները, իրավունքները, պարտականությունները եւ այլ հարաբերություններ:
3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունմանբ կբարձրանա հրդեհային, տեխնիկական, սեյսմիկ անվտանգության եւ այլ արտակարգ իրավիճակներին վերաբերող, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովմանն ուղղված նորմերի պահպանման բնագավառի վերահսկողության արդյունավետությունը, որը իր հերթին կնպաստի արտակարգ իրավիճակների կանխարգելմանը: Տեսչության ներսում կմշակվեն այնպիսի ընթացակարգեր, որոնք կնպաստեին տեսչական գործառույթների ոլորտում նոր մեթոդների եւ եղանակների ներդրմանը: Տեսչությունը կհզորացնի իր կարողությունները տեսչական գործառույթների ընթացակարգերի հստակեցման, արդյունավետության, թափանցիկության եւ հրապարակայնության ուղղությամբ, կարեւորելով ստուգումներից հետո ստացվելիք արդյունքների բաց ու թափանցիկ կիրառումը: Ռեսուրսները եւ ուշադրությունը կկենտրոնացվի ամբողջ դաշտի բարձր ռիսկային ոլորտների վրա: Կազմակերպությունների, շենք շինությունների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմամբ եւ պահպանմամբ կստեղծվի տեղեկատվական մեծ բազա:
Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ կապի ժամանակակից միջոցների օգտագործմամբ կիրականացվի տեղեկատվության փոխանակում եւ լայն համագործակցություն:
Սեյսմիկ, հրդեհային, տեխնիկական անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, ակտիվ քարոզչության կիրականացվի ԶԼՄ-ների, տնտեսավարողներին տեղեկատվական թերթիկների, բրոշույրների բաժանման, PR ու գովազդի անցկացման միջոցով եւ այլն:
Օրենքի ընդունմամբ գործարարների կողմից կանխատեսելի կլինեն ոլորտի տեսչական գործառույթները: Կբարձրացվի տեխնիկական, սեյսմիկ եւ հրդեհային անվտանգության մակարդակը, ինչի շնորհիվ կնվազեցվեն արտակարգ պատահարներից դժբախտ դեպքերը եւ վնասները: Կբարձրացվի գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջների կիրակման մակարդակը եւ անբարեխիղճ տնտեսավարողները կբերվեն օրենսդրական դաշտ ու կստեղծվեն հավասար պայմաններ բոլոր տնտեսավարողների համար: