Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մայիսի 8-ի թիվ ՀՕ-297-Ն օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 49.1 հոդվածով:
«Հոդված 49.1. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի ուսանողների ուսման վարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքով:
Ուսման վարձը փոխհատուցվում է`
1. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար` 100 %-ով,
2. այն մասնագիտությունների համար, որտեղ նախատեսված է միայն վճարովի ուսուցում`
1) սոցիալապես անապահով ուսանողների համար` 50%-ով,
2) զոհված /մահացած/ ազատամարտիկի ամուսնու կամ երեխայի համար` 100%-ով,
3) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված /մահացած/ զինծառայողների երեխաների համար` 100%-ով,
4) 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց համար` 100%-ով:
3. մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողի համար` 50%-ով,
4. երկու եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի անդամի ուսանողի համար` 50%-ով,
5. վճարովի համակարգում երկու եւ ավելի ուսանողներ ունեցող ընտանիքի անդամի ուսանողի համար` 50%-ով,
6. միեւնույն ԲՈՒՀ-ի վճարովի համակարգում երկու եւ ավելի ուսանողներ ունեցող ընտանիքի անդամ ուսանողի համար` 50%-ով,
7. բարձր լեռնային կամ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցի ուսանող երեխայի համար` 50%-ով:
8. Օրենքով սահմանված այլ դեպքերում:
Վճարովի համակարգի սահմաններում ԲՈՒՀ-ը կարող է սահմանել ուսման վարձի փոխհատուցման այլ չափեր»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 49.2 հոդվածով:
«Հոդված 49.2. Ուսման վարձի փոխհատուցման կարգը
Ուսման վարձի փոխհատուցման մասին դիմումները պետական ԲՈՒՀ-երի ղեկավարության քննարկմանը կարող են ներկայացվել սույն օրենքի 49.1 հոդվածում նշված այն ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն /լավ կամ գերազանց գնահատականներ/`
1. Ուսանողների ուսման վարձից ազատելու կամ ուսման վարձը զեղչով գանձելու առաջարկություն կարող են ներկայացնել բուհերի ֆակուլտետների դեկանատները` ուսանողական խորհուրդների հետ համատեղ, ֆակուլտետների գիտխորհուրդները` սույն օրենքի 49.2 հոդվածով սահմանված կարգով,
2. եթե ուսանողն իր կարգավիճակով համապատասխանում է սույն օրենքի 49.1 հոդվածով սահմանված մի քանի տարակարգերի, նա կարող է հավակնել դրանցից միայն մեկին,
3. առաջին կուրսի ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցումները քննարկվում են առաջին կիսամյակի ավարտից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ ուսանողը առանց ծնողական խնամքի մնացած է,
4. ուսման վարձի փոխհատուցման իրավունք ստացած ուսանողը կորցնում է արտոնությունը`
1) եթե տվյալ կիսամյակի պարապմունքների փաստացի սկզբից երկու ամսվա ընթացքում չի վճարում ուսման վարձը,
2) եթե տվյալ կիսամյակում ունեցել է ակադեմիական պարտքեր:
5. վերականգնվող /կամ այլ բուհից տեղափոխված/ ուսանողները ուսման վարձի փոխհատուցման համար կարող են դիմել առնվազն մեկ կիսամյակ տվյալ բուհում սովորելուց հետո,
6. սույն օրենքի 49.1 հոդվածի 3-րդ ենթակետում նշված ուսանողները, ովքեր ցածր առաջադիմության պատճառով հեռացվել են բուհից, վերականգնվում են ուսման վարձի 50% փոխհատուցմամբ,
7. ուսման վարձի փոխհատուցման մասին դիմումները քննարկվում են կիսամյակը մեկ, յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա ընթացքում,
8. ուսման վարձի փոխհատուցումը վերաբերում է միայն տվյալ կիսամյակին,
9. ուսման վարձի փոխհատուցման մասին դիմումին կից ներկայացվում են`
ա) փաստաթուղթ ուսանողի եւ նրա ընտանիքի կարգավիճակի մասին,
բ) ֆակուլտետի դեկանատի, ֆակուլտետի գիտխորհրդի նիստի քաղվածքը` համապատասխան միջնորդությամբ,
գ) տեղեկանք ուսանողի առաջադիմության վերաբերյալ,
դ) ուսանողի առողջական, սոցիալական վիճակը հավաստող փաստաթղթեր:
10. պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները յուրաքանչյուր կիսամյակ տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության բնագավառի պետական լիազորված մարմնին` ուսանողների ուսման վարի փոխհատուցման վերաբերյալ:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008թ. հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ
Սույն օրինագծի ընդունումը պայմանավորված է պետական ԲՈՒՀ-երում սոցիալապես անապահով ուսանողներին աջակցելու հիմնահարցը օրենքով կարգավորելու անհրաժեշըությամբ:
Օրինագիծը նախապատրաստելիս օգտագործվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2002թ. ապրիլի 1-ի հրամանով հաստատված համապատասխան կարգի դրույթները: Օրինագիծը հիմնովին լրամշակվել է կառավարության եզրակացության /20.07.2007թ./ եւ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության եզրակացության /20.08.2007թ./ մեջ ներկայացված առաջարկությունների եւ դիտողությունների հիման վրա: