Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 19 թիվ ՀՕ-196 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին նախադասության վերջը լրացնել «եւ այդ նպատակով ստեղծում է համապատասխան օրենսդրական բազա» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1 հոդվածով
«Հոդված 6.1 Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման պետական աջակցությունը
ա) մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների եւ ընկերությունների կողմից ռադիո եւ հեռուստատեսային իրավունքների իրացումից, տրանսֆերային տեղափոխություններից, գովազդից, մարզական միջոցառումների տոմսերի իրացումից, ինչպես նաեւ միջազգային եւ այլ մրցաշարերի մասնակցությունից ստացված ֆինանսական եւ մյուս միջոցները ենթակա չեն հարկման: Այդ միջոցները մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների եւ ընկերությունների կողմից կարող են օգտագործվել բացառապես մարզական, ֆիզկուլտուրայի եւ սպորտի ու մանկապատանեկան սպորտի զարգացման նպատակներով,
բ) ՀՀ առաջնություններում, համահայկական խաղերում, օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային եւ այլ մրցաշարերում մարզիկների կողմից ստացած մրցանակաները, պարգեւները, պատվովճարները եւ դրանց հավասարեցված այլ միջոցները համարվում են նրա սեփականությունը եւ հարկման ենթակա չեն,
գ) այն մարզական կառույցները (մանկապատանեկան մարզադպրոցներ, մարզադաշտեր, մարզադահլիճներ, ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական եւ ուսումնական բազաներ եւ այլն), որոնք իրականացնում են բացառապես մարզական գործունեություն եւ ունեն մարզումների եւ մրցումների անցկացման ու մարզիկների վերականգման համար անհրաժեշտ պայմաններ ազատվում են գույքահարկից, հողի հարկից եւ հողի վարձակալման վճարներից: Այդպիսի մարզական կառույցների ցանկը լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է կառավարությունը,
դ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ վիճակախաղային եւ բուքմեյքերական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության տարածում, իրենց հասույթի 15%-ը հատկացնում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման հիմնադրամին (այսուհետ` Հիմնադրամ),
ե) Հիմնադրամը ստեղծվում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնին (այսուհետ` լիազորված մարմին) կից, որն իր գործունեության վերաբերյալ վեց ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում կառավարությանը,
զ) Հիմնադրամի միջոցները կարող են գոյանալ նվիրատվություններից, դրամաշնորհներից, դրամահավաքներից եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Հիմնադրամին աջակցություն ցուցաբերած կազմակերպությունները (ընկերությունները) իրավունք ունեն իրենց հարկման բազան նվազեցնել համապատասխան նվիրատվության գումարի չափով, բայց ոչ ավել, քան հարկման բազայի 10%-ը: Հիմնադրամի միջոցներն օգտագործվում են բացառապես մարզական, մանակապատանեկան սպորտի եւ ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման, ինչպես նաեւ մարզաձեւերի ֆեդերացիաներին աջակցելու նպատակներով: Հաշվի առնելով համապատասխան մարզաձեւերի մասսայականության, մարդկանց առողջության ամրապնդման համար դրանց նշանակության եւ ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման համար անհրաժեշտ այլ գործոններ լիազորված մարմինը կառավարության հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի միջոցների օգտագործման կարգը, տարեկան համամասնությունները, առաջնահերթությունները, ուղղությունները եւ վերահսկողության եղանակները: Հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ մարզաձեւերի ֆեդերացիաները կարող են ներկայացնել համապատասխան առաջարկություններ, որոնք ենթակա են պարտադիր քննարկման լիազորված մարմնի կողմից»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 13. Մարզաձեւերի ֆեդերացիաները (ասոցիացիաները)
1. Մարզաձեւի ֆեդերացիան Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից լիազորված մարմնի ռեեստրում գրանցված կազմակերպություն է, որն իրականացնում է տվյալ մարզաձի զարգացմանն ուղվված գործունեություն:
2. Մարզաձեւի ազգային ֆեդերացիան մարզաձի միջազգային ֆեդերացիային կամ կոնֆեդերացիային անդամագրված մարզական ֆեդերացիան է:
3. Մարզաձեւի ֆեդերացիայի ռեեստրը վարում է լիազորված մարմինը:
4. Միայն մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները կարող են անցկացնել Հայաստանի Հանրապետության առաջնություններ, շնորհել «Ազգային կարգի մրցավար», «Հայաստանի չեմպիոն եւ/կամ գավաթակիր» կոչումներ, ձեւավորել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմեր, շնորհել մարզական կարգեր:
5. Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները`
ա) մշակում եւ իրականացնում են մարզաձեւերի զարգացման ծրագրեր, կազմակերպում են հանրապետական առաջնություններ, ուսանողական մարզական խաղեր, նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին եւ մարզիկներին` աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար,
բ) քառամյա փուլային ծրագրով նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը` օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
6. Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաներն իրավուք ունեն`
ա) ստեղծել մարզաձեւերի զարգացումն ապահովող եւ կանոնակարգող ներքին իրավական ակտերի համակարգ` մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների կամ կոնֆեդերացիաների կանոնադրությունների եւ կանոնակարգերի պահանջներին համապատասխան,
բ) իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնել միջազգային գործունեություն, որը կարող է նպաստել մարզաձեւերի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում,
գ) կրթել, պատրաստել, վերապատրաստել եւ հավաստագրել (սերտիֆիկացնել) համապատասխան մարզաձեւերի մրցավարներին,
դ) մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների սահմանած կարգով իրականացնել ակումբների, մարզիչների, մարզիկների, մարզաձեւը սպասարկող մասնագետների եւ մարզական կառույցների հավաստագրման (սերտիֆիկացման) գործընթացը,
ե) օրենքով սահմանված կարգով պայքարել «պայմանավորված» խաղերի, անթույլատրելի խաղադրույքների, ինչպես նաեւ տվյալ մարզաձի միջոցով փողերի լվացման դեմ,
զ) ստեղծել պրոֆեսիոնալ եւ սիրողական լիգաներ:
7. Մարզաձեւերի ֆեդերացիաները`
ա) համակարգում են մարզաձեւերի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մշակում եւ իրականացնում են մարզաձեւերի զարգացման ծրագրերը,
բ) պահում եւ վարում են մատյան, որտեղ գրանցվում են մարզական կազմակերպության անդամ մարզիկների մասին տեղեկությունները,
գ) ստեղծում եւ ամրապնդում են մարզաձեւերի նյութատեխնիկական բազան,
դ) յուրաքանչյուր տարի հաստատում եւ հրապարակում են իրենց գործունեության ծրագրերը, բյուջեի կատարողականը եւ հաջորդ տարվա բյուջեի նածագիծը,
ե) իրականացնում են օրենքով չարգելված այլ գործունեություն»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով.
«Մարզական եւ ֆիզկուլտուրային միջոցառումների անվան եւ/կամ խորհրդանիշի օգտագործումը, գովազդի տեղադրումը, ինչպես նաեւ տվյալ միջոցառման համար նախատեսված մարզական գույք եւ հանդերձանք արտադրողի որոշումը միջոցառման կազմակերպչի բացառիկ իրավասություններն են:
Մարզական եւ ֆիզկուլտուրային միջոցառումների տեսա եւ/կամ ձայնային, ինչպես նաեւ ցանկացած այլ եղանակներով, մեթոդներով եւ տեխնոլոգիաներով հեռարձակման, ձայնագրման եւ/կամ ֆոտոլուսանկարման միջոցով լուսաբանումը կազմակերպչի բացառիկ իրավասություններն են:
Սույն հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերում նշված, բայց դրանցով չսահմանափակվող, ինչպես նաեւ մարզական եւ ֆիզկուլտուրային միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հետ կապված այլ իրավունքները երրորդ անձանց կողմից կարող են օգտագործվել բացառապես կազմակերպչի հետ գրավոր համաձայնության դեպքում»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն գրեթե անհանար է ապավինելով միայն պետական բյուջեի միջոցներին կամ պետության ուղղակի հոգածությանը: Զարգացած եւ համապատասան մարզական ենթակառուցվածքներ ստեղծած շատ պետություններ վաղուց ընդունել են օրենքներ, կիրառել են զանազան գործիքներ եւ ստեղծել են բարենպաստ պայմաններ, խրախուսելու այլ արտաբյուջետային միջոցների հոսքը դեպի ֆիզկուլտուրա, մասսայական ու պրոֆեսիոնալ սպորտ:
Հայաստանի պարագայում, երբ մարզական ենթակառուցվածքների վերականգման եւ նորի ստեղծման համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ, ակնհայտ է, որ պետական միջոցները բավարար չեն, ուստի նման մոտեցման կիրառումը առավել արդիական է: Այդ նպատակով օրինագծում մասնավորապես նշված են մարզական կազմակերպությունների եկամտի հնարավոր հիմնական աղբյուրները, որոնք, ցավոք, այսօր կազմում են նշված կազմակերպությունների եկամտային մասի ամենաչնչին մասը միայն: Նախատեսված հարկային արտոնությունը կխթանի նշված ուղղություններով մարզական կազմակերպությունների տարվող աշխատանքները եւ մեծապես կնպաստի եկամտի նշված ավանդական աղբյուրների կշռի մեծացմանը: Ժամանակակից սպորտում բարձր արդյունքների հասնելու համար մեծ է մարզիկի անձնական խրախուսման նշանակությունը: Հաշվի առնելով Հայաստանում այդ նպատակով տրամադրվող առանց այն էլ սակավ միջոցները, առաջարկվում է մարզական հաջողությունների, նվաճումների, ձեռքբերումների արդյունքում ստացած մրացանակները, պարգեւները, պատվովճարները եւ դրանց հավասարեցված այլ միջոցները չհամարել հարկման բազա:
Մարզական կառույցներին տրամադրվող գույքահարկի եւ հողի հարկի հետ կապված առաջարկվող արտոնությունները կնդգծի պետության հոգածությունը նշված ոլորտում ներդրում կատարողների նկատմամբ: Արդյունքում մարզական կազմակերպությունները կստանան լուրջ հնարավորություններ նոր ներդրումների ներգրավման համար:
Ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման համար այլ միջոցների ներգրավման թերեւս ամենատարածված եւ ամենաարդյունավետ եղանակներից մեկը, որը օգտագործվում է զարգացած պետություններում վիճակախաղային եւ խաղադրույքային շրջանառվող միջոցներից սպորտի զարգացման հիմնադրամներին կատարվող մասհանումներն են: Եվրոմիության անդամ երկրներում` օրինակ Ավստրիայում սպորտի զարգացմանն ուղղվող միջոցների 71%-ը, Ֆինլանդիայում` 98-%-ը, Գերմանիայում 55%-ը, Հոլանդիայում 61%-ը, Հունգարիայում 20%-ը եւ այլն, ստացվում են հենց նշված աղբյուրներից: Որոշ երկրներում վիճակախաղերը պետական մենաշնորհ են, իսկ մյուսներում ի թիվս այլ արտոնագրված վիճակախաղերի (արտոնագրումը բավական թանկ է) գործում են նաեւ «Ազգային վիճակախաղեր» (թվով 38-ը միայն Եվրոպայում): Մասնավոր վիճակախաղերի եւ բուքմեյքերական գործունեության պարագայում շահույթից մասնահանումները սպորտին տատնվում են 10-ից 50%-ի սահմաններում (Ֆիլանդիա` 40%, Նորվեգիա` 50%, Թուրքիա` 18%, Հունգարիա` 12-15% եւ այլն): Իսկ օրինակ Ֆրանսիայում` ազգային վիճակախաղային ընկերության եկամտի 2,9%-ը, ուղղվում է սպորտի զարգացմանը:
Այսօր Հայաստանում գործունեություն են ծավալել բազմաթիվ մարզական ֆեդերացիաներ եւ մարզաձեւերի ասոցիացիաներ, որոնցից շատերը գործում են միեւնույն մարզաձի բնագավառում: Անցկացվում են հանրապետության առաջնություններ, շնորհվում են մարզական կոչումներ եւ որակավորումներ: Արժանին մատուցելով նրանց ծավալած գործունեությանը միաժամանակ հարկ է նշել, որ դեռեւս չկանոնակարգված են մնում բազմաթիվ հարցեր: Այդ կապակցությամբ օրինագծում առաջրկվում է ամրագրել լիազորված մարմնի կողմից վարվող ռեեստրի գաղափարը եւ մարզական ֆեդերացիաների շարքում տարանջատել մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները` սահմանելով նրանց համար որոշակի իրավունքներ եւ պարտականություններ: Մեր կարծիքով միայն մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին անդամագրված, հետեւաբար նաեւ համապատասխան միջազգային կանոնադրական եւ կանոնակարգային դրույթներն ընդունած եւ մարզաձեւի Հայաստանում կազմակերպման համար լիազորված մարմնի ռեեստրում հաշվառված ֆեդերացիաները պետք է իրավասու լինեն անցկացնել պաշտոնական առաջնություններ, կրթել, պատրաստել, վերապատրաստել եւ որակավորել մարզիկներ, մարզիչներ:
Օրինագծում առաջարկվում է նաեւ պաշտպանել սպորտային եւ ֆիզկուլտուրային միջոցառումների կազմակերպիչների իրավունքները, որը ՀՀ օրենսդրությամբ չի կարգավորվում եւ այսօր արդեն չափազանց արդիական է:
Օրինագծի մշակմանը մասնակցել են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները` նախարարի գլխավորությամբ ինչպես նաեւ իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: