Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-671-17.07.2009-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի ՀՕ-528-Ն)  296-րդ հոդվածի 4-րդ մասում «չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկը» բառերով, «յոթհարյուրապատիկից հազարապատիկը» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկը» բառերով, իսկ «հազարապատիկը» բառը՝ «ութհարյուրապատիկը» բառով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասում, այն է` ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման հետեւանքով պատճառված զգալի վնաս համարել հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս` հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր վնաս` ութհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)։

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.

Ներկայումս գործող օրենսդրությամբ ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման համար, մինչեւ 400.000 ՀՀ դրամի (արժեքի) չափով վնաս պատճառելու դեպքում, անձը ենթակա է վարչական պատասխանատվության։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում 400.000 ՀՀ դրամ եւ ավել գումարի (արժեքի) չափով վնաս պատճառելու դեպքում, ընդ որում, հոդվածի 1-ին մասով նախատեսված զգալի վնաս է համարվում 400.000-700.000 ՀՀ դրամը (արժեքը), 2-րդ մասով նախատեսված խոշոր վնաս` 700.000-1.000.000 ՀՀ դրամը (արժեքը), իսկ 3-րդ մասով նախատեսված առանձնապես խոշոր վնաս` 1.000.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը (արժեքը)։

Հայաստանի Հանրապետության մարզերի, հատկապես` անտառամերձ համայնքների բնակչությունն իր սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու նպատակով հիմնականում կախվածություն ունի անտառից, որը դիտում է որպես տաքանալու, ինչպես նաեւ դրամ վաստակելու միջոց։

Բացի այդ, եթե նախկինում փայտն օգտագործվում էր հիմնականում որպես վառելափայտ, ապա ներկայումս անտառից դուրս է բերվում նաեւ որպես շինափայտ, որի արդյունքում հատվում են նաեւ բարձրարժեք ծառատեսակներ։

Վերոհիշյալը հանգեցրել է հանրապետությունում անկայուն անտառօգտագործման` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաեւ, որ պատժամիջոցները եւս էապես չեն նպաստում ապօրինի հատումների նվազեցմանը։

Մասնավորապես, «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն` 30 սմ տրամագծով 1 հատ արժեքավոր կամ հազվագյուտ ծառի (կաղնի, հաճարենի, սոսի, գիհի եւ այլն) ապօրինի հատման դեպքում վնասի չափը կազմում է 22.500 ՀՀ դրամ, արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերում` Երեւան քաղաքում` 225.000 ՀՀ դրամ, այլ բնակավայրերում` 67.500 ՀՀ դրամ։

30 սմ տրամագծով 1 հատ այլ տեսակի ծառի (բոխի եւ այլն) ապօրինի հատման դեպքում վնասի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ, արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերում` Երեւան քաղաքում` 100.000 ՀՀ դրամ, այլ բնակավայրերում` 30.000 ՀՀ դրամ։

Երեւան քաղաքում բնակչության բնապահպանական իրազեկության, անտառկառավարման համակարգում տիրող իրավիճակի եւ ձեռնարկված միջոցառումների թափանցիկության արդյունքում ապօրինի ծառահատումների նկատմամբ առկա է որոշակի վերահսկողություն, մինչդեռ այլ անտառամասերում եւ բնակավայրերում վիճակը խոցելի է։

Նման պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասի գործող խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսվում 30 սմ տրամագծով շուրջ 17 հատ արժեքավոր կամ հազվագյուտ եւ 40 հատ այլ տեսակի ծառի ապօրինի հատման դեպքում, իսկ այլ բնակավայրերում` շուրջ 5 հատ արժեքավոր կամ հազվագյուտ ծառի եւ շուրջ 13 հատ այլ տեսակի ծառի ապօրինի հատման դեպքում։

Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նման քանակի ապօրինի ծառահատումներ կատարելու համար որպես պատիժ նախատեսված է 500.000-700.000 ՀՀ դրամի չափով տուգանք եւ մինչեւ 2 ամիս ժամկետով կալանք, այսինքն` 700.000 ՀՀ դրամի վնաս պատճառած անձը կարող է տուգանվել ընդամենը 500.000 ՀՀ դրամի չափով, որպիսի պայմանններում ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացման հավանականությունը փոքր է։

ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի սանկցիաներով նախատեսված է նաեւ ազատազրկման ձեւով պատիժ, որը պատճառված խոշոր եւ առանձնապես խոշոր վնասի շեմի համամասնորեն նվազման հետ հանցագործությունների կանխման լրացուցիչ խթան է։