Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-674-23.07.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքում կատարել հետեւյալ  փոփոխությունները եւ լրացումները.

Հոդված  1. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի բ)  կետը շարադրել հետեւյալ  նոր խմբագրությամբ.

«բ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է 1 տարի:»:

Հոդված  2. Օրենքի 15-րդ հոդվածի`

1)  1-ին մասը ե) կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` զ)  կետով.

«զ)  ազգությամբ հայ լինելը:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ պարբերությամբ.

«ՈՒսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումները ներկայացնելու համար ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կարող է սահմանվել ավելի ուշ ժամկետ:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ի մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Մշտական կացության կարգավիճակ կարող է տրվել նաեւ ազգությամբ հայ օտարերկրացուն կամ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրացուն:»:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի է է) կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«է) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է 1 տարի:»:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2-րդ  պարբերությամբ.

«ՈՒսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել դիմելու ավելի կարճ ժամկետ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ելնելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման համակարգված եւ արդյունավետ քաղաքականության իրականացման,  Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի գործակցության ապահովման, դրանց միջեւ կրթական, գիտական, մշակութային կապերի զարգացման, հայրենադարձության խթանման անհրաժեշտությունից, օրենսդրական փոփոխությունները կնպաստեն օտարերկրյա պետություններում բնակվող սփյուռքահայերի Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու գործընթացի բարելավմանը, դեպի Հայաստան Սփյուռքի երիտասարդների ուխտագնացությանը, Հայաստան-Սփյուռք ազգային, մշակութային, առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Յուրաքանչյուր տարի մեծ թվով ուսանողներ են գալիս Հայաստանի Հանրապետություն ուսանելու նպատակով: Փորձը ցույց է տալիս, որ նրանց փաստաթղթերի ձեւակերպումները բավականաչափ ուշացնելու հետեւանքով սփյուռքահայ ուսանողները Հայաստանի Հանրապետությունում հաճախ հայտնվում են ապօրինի վիճակում:

Առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում սփյուռքահայ ուսանողները կարող են լուծել կացության կարգավիճակի հարցը` առանց խաթարելու ուսումնական գործընթացը: