Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-675-23.07.2009-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի  Հանռապետության օրենքի (16 ապրիլի 2001թվականի, ՀՕ 177) 10-րդ հոդվածի`

1. 3-րդ  կետում  «տառապող» բառից հետո լրացնել  «կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող», իսկ «հոսպիտալացնելու» բառից հետո «կամ հետազոտելու» բառերը,

2. 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ  կետով.

«3.1) oրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաեւ անչափահասներին սահմանված կարգով հոգեբուժական հասատություն հոսպիտալացնելու դեպքում այդ մասին տեղյակ պահել վերջիններիս օրինական ներկայացուցիչներին»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 2-րդ կետում «տառապող»  բառից հետո լրացնել «կամ հոգեկան խանգարումով տառապելու մեջ կասկածվող» բառերը.

2. 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Անձին  օրենքով սահմանված կարգով ոստիկանության բաժին բերելուց հետո վերջինիս հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում, ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալը անձին հետազոտելու  կամ  հոսպիտալացնելու միջնորդությամբ դիմում է առողջապահական մարմիններ եւ շտապ օգնության մեքենայի միջոցով ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ կազմակերպվում է տվյալ անձի տեղափոխումը համապատասխան առողջապահական կազմակերպություն:

Ոստիկանության համապատասխան  ստորաբաժանման ղեկավարի կամ տեղակալի կողմից անձին հետազոտելու  կամ հոսպիտալացնելու միջնորդությամբ առողջապահական մարմիններ դիմելու եւ  դրա հետեւանքով  վերջիններիս կողմից համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անձին անազտության մեջ պահելու ժամկետը չպետք է  գերազանցի 72 ժամը:  Նշված ժամկետում անձի հոսպիտալացման անհրաժեշտության մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում նրա հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ(հարկադիր) բուժման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ընդունումը բխում է շրջանառության մեջ դրված «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծից / ՀՀ Ազգային ժողովում անցել է երկրորդ ընթերցում/, մասնավորապես հոգեկան առողջության բնագավառի իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունից ելնելով եւ նպատակ ունենալով փակել ոլորտի օրենսդրության մեջ առկա բացերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մշակել  եւ սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով քննարկման է ներկայացրել «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որտեղ ամրագրվել են հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքները` վերջիններիս հարկադիր հետազոտելու եւ հոսպիտալացնելու դեպքում, հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքները: Միաժամանակ, հարկ էր առաջացել նաեւ կարգավորել հասարակական վայրերում շրջապատի համար վտանգ ներկայացնող հոգեկան խանգարումներ ունեցող կամ կասկածվող անձանց ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկելու դեպքում վերջիններիս հետագա գործողությունները, իսկ  հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները վերը նշված խնդրի կարգավորումը անհրաժեշտ է նախատեսել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում: