Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-677-31.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.   «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «գնահատականը» բառից հետո լրացնել «որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հարկադիր կատարողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:» բառերով:

2) 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով.

«1.1) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.1.-րդ կետով.

«1.1. Կենտրոնական մարմնի բաժինների պետերին, Երեւանի քաղաքային բաժինների պետերին, մարզային բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում նվազագույնը երեք եւ առավելագույնը հինգ տարի ծառայելուց հետո»:

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ  3. Օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ կետը «հաշիվը» բառից հետո լրացնել «եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցները.» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 կետով.

«4.1) առաջադրանքների որակյալ կատարման համար դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից նրա բռնագանձած գումարի կամ գույքի արժեքի հինգ տոկոսի չափով (բայց ոչ ավելի քան պաշտոնային դրույքաչափի տասնապատիկը) տրվող պարգեւատրումից:»:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրերը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 118-րդ կետով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթ կառավարություն ներկայացնելու հանձնարարականով,որի նպատակը հարկադիր կատարողների մասնագիտական գործունեության հետ կապված կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է,նրանց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը, կադրերի լճացման խնդրի լուծումը եւ ռոտացիայի սկզբունքի ներդրումը:

Նշված պահանջների ապահովման նպատակով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծով  ներկայացված Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունում եւ 8-րդ մասում առաջարկվող լրացումներով նախ ատեստավորման հանձնաժողովին իրավունք է վերապահվում ատեստավորման արդյունքներով հարկադիր կատարողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու կամ չհամապատասխանելու,վերապատրաստման գործուղելու մասին որոշումներից բացի առանձնահատուկ գիտելիքներ եւ կարողություններ ցուցաբերած հարկադիր կատարողների վերաբերյալ որոշում ընդունել` ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու  (ավագ հարկադիր կատարող,բաժանմունքի պետ,բաժնի պետի տեղակալ եւ այլն) հնարավորության մասին:Բացի այդ հարկադիր կատարողի անմիջական ղեկավարը պարտավորեցվում է ատեստավորման ծառայողական բնութագրում ներառել նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հարկադիր կատարողի կողմից տեսական գիտելիքների ձեռքբերման եւ ծառայողական գործունեության արդյունքները:Միաժամանակ հարկադիր կատարողը պարտավորեցվում է որոշակի պարբերականությամբ իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ ներկայացնել:

Վերոհիշյալ փոփոխությունները կխթանեն համակարգում հարկադիր կատարողի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման եւ կադրերի տեղաբաշխման աշխատանքները, կանխարգելիչ նշանակություն կունենան կադրերի լճացման երեւույթների համար:

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նոր խմբագրությամբ շարադրելը եւ 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչելը ապահովում է հարկադիր կատարման ծառայության համակարգում ռոտացիայի սկզբունքի ներդրումը եւ կիրառումը:Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով կթույլատրվի հարկադիր կատարողներին զբաղեցրած պաշտոններին համարժեք պաշտոնների կամ ծառայության այլ վայր փոխադրել անկախ տվյալ պաշտոնում որոշակի ժամկետով ծառայած լինելու կամ տվյալ վայրում ծառայության հետ կպված համանման փոփոխությունը արգելող պայմանների:

Օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ կետի փոփոխությունը եւ 25-րդ հոդվածի 2-րդ մասի լրացումը ուղղված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Նկատի ունենալով,որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց է հանդիսանում  ծառայողին վճարվող աշխատավարձի ավելացումը եւ միժամանակ հաշվի առնելով ներկայումս պետական բյուջեից այդ նպատակով լրացուցիչ հատկացումների աննպատակահարմարությունը,խնդրի լուծման համար շեշտադրումը կատարվել է ներքին ռեզերվների օգտագործման վրա: Փոփոխություններով եւ լրացումներով առաջարկվում է նախ հարկադիր կատարողի դրամական բավարարման կազմում որպես ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր սահմանել կատարողական վարույթով նրա բռնագանձած գումարի կամ գույքի արժեքի մինչեւ հինգ տոկոսի չափով տրվող պարգեւատրումը (որոշակի սահմանափակումով): Միժամանակ իրավունք է վերապահվում  ՀՀ  գլխավոր հարկադիր կատարողին օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների սահմաններում տնօրինել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցները` այդ թվում վերը նշված խնդրի լուծման նպատակով: