Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 68-րդ հոդվածը լրացնել նոր 3.1.-րդ մասով.
«3.1. Եթե օրենքում նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է իրականացվել կամ ուղղակիորեն պայմանավորված է այդ օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունմամբ, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է համապատասխան իրավական ակտն ընդունել օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, եթե այդ օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ որեւէ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որով նախատեսվում են նաեւ ընդունել այլ իրավական ակտեր (օրինակ` օրենքի այս կամ այն դրույթի (նորմի) կիրառման կարգ), համապատասխան մարմինների կողմից դրանք չեն ընդունվում կամ ընդունվում են բավականին ուշ կամ որեւէ լուրջ միջադեպից հետո, իսկ այդ ընթացքում օրենքի դրույթների կիրարկումը դառնում է անհնարին` տեղի տալով կոռուպցիոն կամ անցանկալի տարբեր երեւույթների:
Այս կապակցությամբ, սույն նախագծի ընդունումը նպատակ ունի հստակ ժամկետներ սահմանել այն իրավական ակտերի ընդունման համար, որոնց ընդունումը նախատեսվում է այս կամ այն օրենքով: Ներկայացված նախագծով այդպիսի ժամկետ է առաջարկվում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսյա ժամկետը, եթե այդ օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Առաջարկվող լրացման ընդունումը հնարավորություն կտա օրենքները կիրարկել լիարժեք եւ լրիվ` ապահովելով այս կամ այն հարցի իրավական կարգավորման համալիրությունը: