Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-682-19.08.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 33-րդ հոդվածը առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավել ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացման օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ` ժամանակին չվերադարձված` սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող գերավճարի եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով (վերահաշվարկված օրական կտրվածքով): Տույժերի հաշվարկման, հաշվանցման եւ (կամ) վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված` ժամանակին չվերադարձված գերավճարի եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարի մեծությունը որոշվում է պարտավորությունների եւ հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում` որպես տվյալ օրվա դրությամբ առկա` հարկ վճարողի` պետական բյուջե հավաքագրվող հարկերի եւ այլ պարտադիր վճարների մասով պարտավորությունների մարման պայմաններում չվերադարձված գումարի փաստացի մնացորդ: Տույժերի հաշվարկը դադարեցվում է գերավճարը եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարը պետական բյուջե հավաքագրվող հարկերի (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) եւ այլ պարտադիր վճարների մասով պարտավորությունների դիմաց հաշվանցելու եւ (կամ) վերադարձնելու արդյունքում մարվելու պահից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված տույժերը կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից հետո առաջացող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների նկատմամբ:

Հիմնավորում

«Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում պետության կողմից հարկ վճարողին համապատասխան տույժեր վճարելու ընթացակարգի ներդրումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող օրենսդրությամբ գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում պետության կողմից հարկ վճարողին համապատասխան տույժեր վճարելու ընթացակարգ սահմանված չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ հաճախ պետության կողմից գերավճարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացվում է` առանց հարկ վճարողներին համապատասխան տույժերի վճարման: Մինչդեռ հարկման արդարության սկզբունքը պահանջում է, որպեսզի նույնանման հարկային հարաբերությունների կարգավորման նպատակով օրենսդրությամբ սահմանվեն նույնական մոտեցումներ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ներդնել գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում պետության կողմից հարկ վճարողին համապատասխան տույժեր վճարելու ընթացակարգ:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում պետության կողմից հարկ վճարողին վճարվող համապատասխան տույժերն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կապահովվի հարկման արդարության սկզբունքի ներդրումը` կապված նույնանման հարկային հարաբերությունների կարգավորման նպատակով նույնական օրենսդրական մոտեցումների սահմանման հետ: