Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի 2.1-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն օրենսգրքի 4142 հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը մշակվել է ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. հուլիսի 28-ի ՍԴՈ-818 որոշմանը համապատասխան: Այդ որոշմամբ դատարանը ՀՀ Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր է ճանաչել քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի 2.1-րդ մասը` օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը պատճառաբանված որոշմամբ վերադարձնելու պահանջը բացառելու մասով, գտնելով, որ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է պատճառաբանվի ոչ միայն հոդվածի այդ մասում նշված երկու դեպքերում, այն է` երբ դատական ակտը առերեւույթ (ակնհայտորեն) հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, կամ, վճռաբեկ դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ, այլ նաեւ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Սահմանադրական դատարանը հենվել է 2007թ. ապրիլի 8-ի եւ ապրիլի 11-ի ՍԴՈ 690 եւ 691 որոշումների վրա, որոնց համաձայն պատճառաբանվածության պարտադիր պահանջը կապվում է վճռաբեկ բողոքի ընդունելիության եւ վճռաբեկ դատարանում գործը քննելու բոլոր հիմքերի հետ: Դրա նպատակն է դատական ակտի նկատմամբ բողոք բերող անձի վստահության ապահովումը: Մանավանդ որ, սահմանադրական դատարանի 2008թ. նոյեմբերի 25-ի ՍԴՈ-765 որոշմանը համապատասխան ՀՀ 26.12.2008, ՀՕ-233 օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` նույն հարցը կարգավորող հոդվածը (233 հոդվ. 2-րդ մասը) փոփոխվել է, եւ վերացվել են վճռաբեկ բողոքն առանց պատճառաբանության վերադարձնելու բոլոր հիմքերը, հետեւաբար երկու օրենսգրքերում էլ (Քաղ. դատ. եւ Քր. դատ.) համարժեքային բովանդակություն ունեցող միեւնույն հարցը պետք է կարգավորվի միատեսակ ձեւով: Սրանով կվերանա քննարկվող հարցում 2 օրենսգրքերի նորմերի միջեւ եղած հակասությունը, եւ կապահովվի մարդու իրավունքների ու ազատությունների դատական արդյունավետ պաշտպանությունը, դատարանի հայեցողական լիազորության իրավաչափ եւ օրինական իրականացումը, խախտված իրավունքների վերականգնումը (Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներ):