Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-690-12.09.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185) օրենքի (այսուհետ` օրենք)  7-րդ հոդվածի վերջին ժ) կետը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«ի) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի

1. 5-րդ մասի բ) կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«բ)  հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական  հեղուկների, կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150 000-200 000 դրամ»:

2. 10-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«10. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ` յուրաքանչյուր մեքենայի համար»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում կոմպրեսացված (սեղմված) գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրք սահմանված չէ, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասը տարակարծության տեղիք է տալիս: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի` ՀՀ մարզեր կատարած այցելությունների ընթացքում համայնքների ղեկավարների կողմից բարձրացված հարցերից` ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն անհրաժեշտ է համարում վերոնշյալ օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն ուղղված է Հայաստանի Հանրապետության համայքների բյուջեների եկամտային մասի ավելացմանը: