Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-701-15.09.2009-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 մայիսի 2004 թվականի, ՀՕ 80-Ն) (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկի ձեւը հաստատում է առողջապահության ոլորտում լիազոր պետական մարմինը»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Նշված հիմքերով իրավունքների սահմանափակման մասին իրազեկվում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձին եւ համապատասխան գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում: Նշված հիմքերի վերացման դեպքում հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է ողջամիտ ժամկետում սահմանափակումների վերացման մասին տեղեկացնել հիվանդին` համապատասխան նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ մասով.

«7. Սույն օրենքի հոդված 6-ի 2-րդ եւ 3-րդ մասով uահմանված հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգերը (այuուհետ` իրավունքների իրականացման ընթացակարգ) uահմանվում են uույն oրենքի բաղկացուցիչ մաuը կազմող հավելվածով»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի հոդված 8-ի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

«5) Սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները եւ դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները եւ դրանց շահագործման ժամկետները»:

ՀՈԴՎԱԾ 5. Oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հավելվածով`

«Հավելված
«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ oրենքի

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

1. Սույն ընթացակարգերով սահմանվում են հոգեբուժական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ` հոգեբուժական կազմակերպություն) հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները:

I. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

2. Հոգեբուժական կազմակերպությունները իրենց տարածքում տեղադրում են առնվազն մեկ տաքսոֆոն հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար հասանելի վայրում: Հեռախոսային խոսակցության վճարումները գործող սակագներին համապատասխան կատարվում են տվյալ անձի հաշվին: Հոգեբուժական հաստատության ադմինիստրացիան հոգեկան հիվանդների համար հասանելի վայրում պետք է փակցնի հեռախոսային խոսակցությունների սակագները:

3. Հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի կատարել առնվազն մեկ անվճար հեռախոսազանգ հանրապետության տարածքում:

4. Հոգեբուժական կազմակերպությունները իրենց տարածքում տեղադրում են առնվազն մեկ փոստարկղ: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին պետք է հասանելի լինի փոստարկղից օգտվելը: Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան հոգեկան հիվանդների համար հասանելի վայրում պետք է փակցնի փոստային ծառայությունների սակագները սակագները:

5. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձն իրավունք ունի իր միջոցների հաշվին նամակագրական (փոստային) կապ հաստատել ցանկացած անձի հետ: Հոգեբուժական կազմակերպությունն ապահովում է նամակագրական կապի միջոցով հաղորդակցվելու հասանելիությունը հոգեկան խանգարումներով տառապող անձի համար: Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան ապահովում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի կողմից գրված նամակների փոխանցումը փոստային ծառայությանը եւ փոստային առաքման անդորրագրի հանձնումը հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձին, ինչպես նաեւ փոստով ստացված չբացված վիճակում նամակների հանձնումը հոգեկան խանգարումներով տառապող անձին:

II. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

6. Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան պայմաններ է ստեղծում հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, այցելուների հետ ազատ հանդիպելու համար ` չխախտելով տվյալ հոգեբուժական կազմակերպության տնօրենի կողմից հաստատված ներհիվանդանոցային ռեժիմը:

7. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք, ինչպես նաեւ անչափահաս հիվանդներին այցելուների հետ հանդիպման ժամանակ բժշկական համապատասխան ցուցումների դեպքում, բժշկի հանձնարարությամբ ուղեկցում է տվյալ բաժանմունքի բուժքույրը, որի վերաբերյալ գրառում է կատարվում համապատասխան բժշկական փաստաթղթերում:

8. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց միջոցների հաշվին ձեռք են բերում առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, իրենց օրինական ներկայացուցիչներին կամ հոգեբուժական կազմակերպության ավագ բուժքրոջ միջոցով կամ եթե տվյալ հոգեբուժական կազմակերպության տարածքում տեղակայված է վաճառք իրականացնող կրպակ, ապա հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձն կարող է առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ գնել կրպակից` անձամբ:

9. Հոգեբուժական կազմակերպության ավագ բուժքույրը հիվանդի պահանջով գնում է հոգեկան խանգարումներով տառապող անձի համար անհրաժեշտ առաջին օգնության իրեր եւ պարագաներ եւ գնումը հավաստող հաշվիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հետ միասին այդ իրը հանձնում հիվանդին:

III. ԹԵՐԹԵՐՈՎ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ

10. Յուրաքանչյուր հոգեբուժական կազմակերպությունում պետք է առկա լինի թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրություն իրականացնող կազմակերպության բաժանորդագրության անվանացանկ, որը պետք է հասանելի լինի հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձանց: Հոգեբուժական հաստատության ադմինիստրացիան պարտավոր է ապահովել հիվանդի կողմից թեթերի բաժանորդագրությունը եւ բաժանորդագրված թերթերի եւ ամսագրերի հանձնումը հիվանդին:

IV. ԲՈՒԺՄԱՆ, ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ , ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԵԹԵ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՎՈւՄ ԵՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՒԼՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՈՒ ԻՐ ԸՆՏՐԱԾ ՀՈԳԵԲՈՒՅԺ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

11. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով գրավոր կամ բանավոր դիմել կազմակերպության ղեկավարին կամ բաժանմունքի վարիչին:

12. Հոգեբուժական կազմակերպության տնօրենը կամ բաժանմունքի վարիչը ստանալով գրավոր դիմումը կամ բանավոր հարցումը եւ նշում կատարելով համապատասխան բժշկական փաստաթղթերում, երկօրյա ժամկետում համապատասխան տեղեկատվություն է տրամադրում դիմումատուին եւ ձեռնամուխ է լինում համապատասխան հարցերի կարգավորմանը:

13. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումով տառապող անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության տնօրենին իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին պահանջելու համար: Դիմումը կամ բանավոր հաղորդագրությունը ստանալուց հետո 2-օրյա ժամկետում հոգեբուժական կազմակերպության տնօրենը դիմում է դիմումում նշված հոգեբույժին եւ վերջինիս համաձայնությունը ձեռք բերելով ընդգրկում է մասնագետին հանձնաժողովի կազմում:

V. ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

14. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալ իրավական հարցերով օժանդակություն՝ հիվանդանոցում իր գտնվելու եւ բուժման հետ կապված հարցերի վերաբերյալ:

15. Իրավական հարցերով օժանդակությունը ֆինանսավորվում է հոգեբուժական կազմակերպության կողմից` պետության կողմից երաշխավորված պետական պատվերի շրջանակներում այլ ծախսերով նախատեսված գումարների հաշվին:

16. Որպես իրավական հարցերով օժանդակության կարեւորագույն տարր, հոգեբուժական հաստատությունում գտնվող յուրաքանչյուր անձի բացատրվում է իր իրավունքներն ու պարտականությունները:

17. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի բանավոր կամ գրավոր դիմել հոգեբուժական կազմակերպության տնօրենին` իրավական օժանդակություն ստանալու համար:

18. Հոգեբուժական կազմակերպությունում գտվող հոգեկան խանգարումով տառապող անձին իրավական օգնություն ցույց տալու համար հրավիրված իրավաբանը չպետք է լինի տվյալ հոգեբուժական կազմակերպության աշխատակից: Իրավաբանի, կամ իրավական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, հոգեբուժական կազմակերպությունը կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր:

VI. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ

19. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին, հոսպիտալացումից անմիջապես հետո բացատրվում են իր իրավունքներն ու պարտականությունները, տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի եւ պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:

20. Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքների իրազեկման հետ մեկտեղ, տրվում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկ:

21. Հոգեբուժական կազմակերպության ղեկավարն իր հրամանով սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող անձին իր իրավունքների մասին իրազեկման համար պատասխանատուներին:

22. Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքները բացա՟տրվում են այն լեզվով եւ այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձի համար: Ընդ որում, տվյալ իրավունքների բացատրելը իր մեջ ներառում է իրավունքների ու դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը:

23. Նշվածի վերաբերյալ բուժող բժիշկը կամ ընդունարանի բժիշկը կամ բաժանմունքի վարիչը գրառում են կատարում հոգեկան խանգարումամբ տառապող անձի բժշկական քարտում` նրա կամ նրա օրինական ներկայացուցչից (եթե անձն անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչված, կամ եթե անձն անչափահաս է) վերցնելով ստորագրություն:

24. Եթե հոգեկան խանգարումով տառապող անձի վիճակից ելնելով, անձը ի վիճակի չէ հասկանալ իր իրավունքները կամ ստորագրել իր իրավունքների իրազեկման թերթիկը, տվյալ անձի իրավունքները բացատրվում են անձի օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին առկա է, որի կողմից էլ ստորագրվում է նշված իրազեկման թերթիկը: Դրա մասին բաժանմունքի վարիչը գրառում է կատարում բժշկական քարտում:

25. Եթե հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումամբ տառապող անձն իր առողջական վիճակից ելնելով չի ստորագրել իր իրավունքների իրազեկման թերթիկը, անձի առողջական վիճակի բարելավման դեպքում, տվյալ անձը կրկին իրազեկվում է իր իրավունքների մասին, ինչի վերաբերյալ ստորագրում է բժշկական փաստաթղթերում:

26. Անկախ տվյալ անձի տվյալ հոգեբուժական կազմակերպությունում նախկինում բուժվելու փաստից, յուրաքանչյուր անգամ այդ կազմակերպություն ընդունվելու դեպքում հոգեկան խանգարումով տառապող տվյալ անձին, սույն կարգին համապատասխան, իրազեկում են իր իրավունքների մասին: Անձին տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի եւ պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում»: