Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-160-Ն, 6 դեկտեմբերի 2004) 34-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքը կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքն ու մատուցվող ծառայությունը ստանում է նախապատվություն օտարերկրյա ծագում ունեցող ապրանքի կամ օտարերկրյա կազմակերպության կողմից մատուցվող ծառայության նկատմամբ, եթե իր առաջարկվող գինը ավել չէ օտարերկրյա ծագում ունեցող ապրանքի կամ օտարերկրյա կազմակերպության կողմից մատուցված ծառայության գնից 15 տոկոսով:»
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (ՀՕ-160-Ն, 6 դեկտեմբերի 2004) առաջարկվող լրացումը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության զարգացմանը, խթանել աշխատանքներ եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությունը: Գնումների համակարգը հանդիսանալով սպառողական շուկայի վրա ազդող կարեւորագույն գործոններից մեկը, իսկ պետությունը` խոշորագույն սպառողը, իր ակտիվ մասնակցությամբ տեղական արտադրանքի եւ ծառայությունների գնման գործընթացին լրացուցիչ խթան կհանդիսանա ազգային տնտեսության զարգացման համար:
Ավելին, ներկայացվող փոփոխության գործադրման արդյունքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում նոր արտադրությունների հիմնման համար, քանի որ հնարավոր ներդրողը այս պարագայում կունենա վստահելի գործընկեր ի դեմս Հայաստանի Հանրապետության: Իր հերթին պետությունը գնումների համակարգի միջոցով կհանդիսանա հայրենական արտադրության երաշխավորված սպառողը, դրանով իսկ խրախուսելով Հայաստանում ոչ միայն առկա ոլորտների զարգացման, այլ նաեւ նոր տեսակի ապրանքների արտադրության եւ ծառայությունների յուրացման համար:
Հարկ է նշել, որ օրենքի առաջին տարբերակում (ՀՕ-62), որը ընդունվել էր 2000 թվականի հունիսի 5-ին, գործում էր որոշ չափով տեղական ռեսուրսների օգտագործումը խրախուսող դրույթ (հոդված 34-ի մաս 9-ը), թեեւ այդ ձեւակերպումը չէր ապահովում դրա ամբողջական կիրառումը: Սակայն հետագայում ընդունված նոր օրենքում տեղական արտադրությունը խրախուսող դրույթներ ընդհանրապես չներառվեցին:
Առաջարկվող լրացման հրատապությունն ավելի ակնհայտ է, եթե հաշվի առնենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները եւ Հայաստանի Հանրապետության առջեւ կանգնած մարտահրավերները: