Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-703-15.09.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003թ.) հոդված 164-ի վերնագրում եւ 1-ին մասում «լրագրողի» բառից հետո ավելացնել «կամ փաստաբանի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու, մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու եւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսել է պատիժներ, մինչդեռ փաստաբանի գործունեությանը միջամտելու համար որեւէ պատիժ նախատեսված չէ: Օրենսդրական պայմաններ չեն ստեղծվել «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված նորմի կիրառման համար, ըստ որի` արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների եւ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեությանը: Օրենսդրական այս նորմի համար չկա սահմանված պատասխանատվություն, որով փաստաբանը պաշտպանված զգա իրեն: Մյուս կողմից, «Փաստաբանության մասին» օրենքի 19 հոդվածում սահմանվում է, որ փաստաբանը պարտավորվում է չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Այս համատեքստում փաստաբանը իրավունք ունի տեղեկություններ տարածելուց հրաժարվել, իսկ համապատասխան իրավասու մարմինները իրավունք չունեն այն հարկադրել փաստաբանին: