Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7122-25.09.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության (1997 թվական, հունիսի 24, ՀՕ-137-Ն) oրենքը 11-րդ հոդվածից հետո լրացնել նոր 11.1 հոդվածով,  հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.1  Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին բյուջետային երաշխիքի տրամադրումը

1. Այն դեպքում, երբ հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը եւ/կամ վճարունակությունը), Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին Կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել առնվազն երեք տարի ժամկետով բյուջետային երաշխիք` առանց ապահովման միջոցի:

2. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին տրամադրվող բյուջետային երաշխիքը ստորագրվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որոշման հիման վրա:

3. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության եւ 4-րդ մասի կանոնները չեն տարածվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին բյուջետային երաշխիք տրամադրելու հարաբերությունների վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

Նախագծերի ներկայացումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով. ավանդների երաշխավորման համակարգի դերը եւ նշանակությունը հատկապես կարեւորվում է ֆինանսական ցնցումների եւ ճգնաժամերի պայմաններում: Արդյունավետ երաշխավորման համակարգի առկայությունը կարող է առանցքային նշանակություն ունենալ ֆինանսական շուկաների նկատմամբ հասարակության վստահության բարձրացման գործում: Միջազգային ֆինանսական շուկաներում ստեղծված իրավիճակի պայմաններում, մի շարք երկրների կողմից վերանայվում են ավանդների ապահովագրման համակարգերի գործունեությունը եւ դրանց հետ կապված խնդիրները: Ներկայումս երկրների կողմից միջոցառումներ են իրականացվում այդ համակարգերի կատարելագործման ուղղությամբ:

Հաշվի առնելով վերը նշվածը` Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է երաշխավորված ավանդների ծածկույթի ներկայիս մակարդակի գնահատում: Արդյունքում պարզվել է, որ ԵՄ օրենսդրության չափանիշներին առավելագույնս համապատասխանելու եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կառուցվածքային ուղենիշը բավարարելու նպատակով անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել երաշխավորված ավանդների չափի եւ դրա ֆինանսավորման անհրաժեշտությունից բխող միջոցառումների պարբերաբար վերանայման քաղաքականության ներդրում  եւ երաշխավորված ավանդների չափի ավելացման արդյունքում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցների համալրման մեխանիզմների սահմանում: