Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-197-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 20-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«20) տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային եւ դրամաշնորհային ծախսային ծրագրերով սույն օրենքով նախատեսված հատկացումների գումարների ավելացման (նախատեսման) անհրաժեշտության առաջացման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ նպատակով 2009 թվականին կատարվելիք միջծրագրային վերաբաշխումները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված միջծրագրային վերաբաշխումների 2009 թվականի առավելագույն թույլատրելի սահմանաչափի իրացման մակարդակը որոշելիս հաշվի չեն առնվում:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետում «փոփոխություններ» բառից հետո լրացնել «եւ (կամ) լրացումներ» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ վերջինիս գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
Վերը նշված ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հանրապետության տնտեսության ակտիվությունը խրախուսելու գործիքներից մեկը արտաքին աղբյուներից նպատակային ներդրումային ծրագրերի իրականացման համար վարկային եւ դրամաշնորհային ռեսուրսների ներգրավումն է: ՀՀ կառավարությունը կարեւորելով հիշյալ գործիքի դերը, մի կողմից, իր մշտական ուշադրության ներքո է պահում վերը նշված ծրագրերի կատարման ընթացքը` դրանց կատարողականի հնարավորինս բարձր մակարդակ ապահովելու եւ այդ ծրագրերի գծով պետական բյուջեով նախատեսված հատկացումների օպերատիվ կառավարման նպատակով, իսկ մյուս կողմից, ուղիներ է գտնում արտաքին աղբյուներից նպատակային ներդրումային ծրագրերի իրականացման համար վարկային եւ դրամաշնորհային լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու համար:
Այդ կապակցությամբ 2009 թվականի բյուջետային տարվա ընթացքում առաջացել է նոր վարկային եւ դրամաշնորհային նպատակային ծրագրերի պետական բյուջեում ներառելու եւ դրանով պայմանավորված այդ ծրագրերի գծով ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարներն ապահովելու համար բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխումների իրականացման անհրաժեշտություն: Որոշ դեպքերում էլ, կախված ընթացիկ տարում պետական բյուջեով նախատեսված նպատակային վարկային կամ դրամաշնորհային տարբեր ծրագրերի կատարման ընթացքից, անհրաժեշտություն է առաջացել դրանց գծով ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարների ավելացման` բյուջեով նախատեսվածի համեմատությամբ կատարողականի ցածր մակարդակ ունեցող այլ ծրագրերով սահմանված գումարների հաշվին: Նման վերաբաշխումների գումարները մեծածավալ են եւ դրանց կատարումը հատկապես տարվա երկրորդ կեսին բավականին բարդ է, միջծրագրային վերաբաշխումների կատարման համար օրենքով սահմանած թույլատրելի առավելագույն սահմանաչափի անբավարության պատճառով: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների մնացորդը այդ ժամանակաշրջանում նույնպես բավարար չէ նշված խնդրին լուծում տալու համար:
Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ վարկային եւ դրամաշնորհային նպատակային ծրագրերի կատարման ընթացքից ելնելով տարբեր ծրագրերով պետական բյուջեի մասին օրենքով հաստատված վարկերի կամ դրամաշնորհների գումարների դիմաց դրանց փաստացի օգտագործման մակարդակը որոշ դեպքերում կարող է էականորեն շեղվել նախատեսվածից: Վերը նշված շեղումը կարող է զգալի չափերի հասնել: Արդյունքում, առանձին նպատակային ծրագրերով պետական բյուջեով ծրագրավորված ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջծրագրային վերաբաշխումների եղանակով ճշգրտված գումարների եւ վարկային կամ դրամաշնորհային գումարների համամասնությունները շեղվում են այդ նպատակային ծրագրերով նախատեսվածից: Նշված շեղման վերացումը նույնպես կապված է ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարների վերաբերյալ վերը նշված նույն բարդությունների հետ:
Արդյունքում, նման պայմաններում վերը նշված նպատակային ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելու համար այդ ծրագրերը ՀՀ կառավարության համաֆինանսավորման բավարար չափի գումարներով ապահովելը, ինչպես նաեւ առանձին ծրագրերի գծով ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարներին համապատասխանող (ըստ սահմանված կարգով կնքված եւ ուժի մեջ մտած վարկերի եւ դրամաշնորհների տրամադրման համաձայնագրերի) վարկային եւ դրամաշնորհային ռեսուրսների նախատեսումը պետական բյուջեում ընթացիկ տարում դառնում է անհնարին:
Նկատի ունենալով այդ վտանգը, վարկային կամ դրամաշնորհային նպատակային ծրագրերի ընթացքին նպաստելու նպատակով, ներկայացված օրենքի նախագծով առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 20-րդ կետով, որով կսահմանվի, որ 2009 թվականի բյուջետային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային եւ դրամաշնորհային ծախսային ծրագրերով օրենքով նախատեսված հատկացումների գումարների ավելացման (ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարների դեպքում` նաեւ նախատեսման) անհրաժեշտության առաջացման դեպքում, ՀՀ կառավարության կողմից այդ նպատակով 2009 թվականի միջծրագրային վերաբաշխումները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված միջծրագրային վերաբաշխումների 2009 թվականի առավելագույն թույլատրելի սահմանաչափի իրացման մակարդակը որոշելիս հաշվի չեն առնվում: Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերը նշված նպատակներով միջծրագրային վերաբաշխումները ընթացիկ տարում կատարվել են նաեւ մինչեւ սույն օրենքի նախագծի ներկայացումը, ուստի եւ նախագծով առաջարկվում է սահմանել, որ վերջինիս գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո (այսինքն` նաեւ մինչեւ նախագծի ընդունումը ընկած ժամանակաշրջանում) կատարված միջծրագրային վերաբաշխումների վրա: Նախագծով առաջարկվում է նաեւ օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետի դրույթը հստակեցնող լրացում: