Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-719-24.09.2009-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

2008Թ. ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային Ժողովի` 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը քաղաքական տեսանկյունից անհավասարակշիռ էր եւ օժտված չէր համապատասխան լիազորություններով, եւ վերջնահաշվում չի լուծել իր առջեւ դրված խնդիրները, այն է`

ա) չի ճշտել զոհվածների մահվան հանգամանքները,

բ) ներկայացված առաջարկությունները կրում են ընդհանուր եւ վերացական բնույթ եւ ըստ էության հանդիսանում են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության սկզբունքների կրկնություն եւ կարող են վերաբերել ցանկացած բացասական երեւույթի վերացմանը`

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Զեկույցը համարել անբավարար, քանի որ հանձնաժողովը չի իրականացրել իր առջեւ դրված խնդիրները:

2. Ստեղծել նոր ժամանակավոր հանձնաժողով (այսուհետեւ` Հանձնաժողով) 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների լրացուցիչ ուսումնասիրության, այդ իրադարձությունների ընթացքում տուժածների իրավունքների վերականգման, ինչպես նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ազգային Ժողով եզրակացություն ներկայացնելու համար:

3. Հանձնաժողովը պետք է ստեղծվի քաղաքական տեսանկյունից հավասարակշռվածության սկզբունքի պահպանմամբ:

4. Հանձնաժողովի խնդիրներն են `

ա) ճշտել 10 զոհվածների մահվան, ինչպես նաեւ ավելի քան 200 անձանց վիրավորվելու հանգամանքները,

բ) հայտնաբերել եւ հետեւողականորեն նպաստել պատժելիության սկզբունքի իրականացմանը ղեկավար մարմինների պատասխանատուների, ինչպես նաեւ ոչ իրավաչափ կամ անօրինական գործողություններ իրականացնողների նկատմամբ,

5. 3-րդ կետում թվարկված խնդիրները լուծելու նպատակով հանձնարարել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին ԱԺ-ին ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք նման բացառիկ դեպքերում ժամանակավոր հանձնաժողովներին հնարավորություն կնձեռեն իրականացնել նախաքննական մարմնի գործառույթներ:

6.  Հանձնաժողովի աշխատանքները սկսել որոշումը ընդունելուց ոչ ուշ քան մեկ ամիս հետո, այդ ընթացքում մշակելով Հանձնաժողովի պարտականություններն ու իրավունքները սահմանող կարգը, ինչպես նաեւ կատարել չորրորդ կետում նշված օրենսդրական փոփոխությունները:

7. Ստեղծվելուց 6 ամիս հետո Հանձնաժողովը իր գործունեության արդյունքների մասին զեկուցում է Ազգային ժողովի նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները (այդ թվում` խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին:

8.  Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «2008թ. ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ

Հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային Ժողովի` 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը քաղաքական տեսանկյունից անհավասարակշիռ էր եւ օժտված չէր համապատասխան լիազորություններով, եւ վերջնահաշվում չի լուծել իր առջեւ դրված խնդիրները, այն է`

ա) չի ճշտել զոհվածների մահվան հանգամանքները,

բ) ներկայացված առաջարկությունները կրում են ընդհանուր եւ վերացական բնույթ եւ ըստ էության հանդիսանում են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության սկզբունքների կրկնություն եւ կարող են վերաբերել ցանկացած բացասական երեւույթի վերացմանը`

 նպատակահարմար եմ համարում ստեղծել նման հանձնաժողով: