Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-720-28.09.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի,  այսուհետ՝ օրենսգիրք) 265-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 265. Տրանսպորտային միջոցներ վարող այն վարորդների կամ մյուս այն անձանց, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրանք գտնվում են ոչ սթափ վիճակում (ալկոհոլի հոտ, դիրքի անկայունություն, խոսքի աղավաղվածություն, ձեռքի մատների դող, իրադրությանը չհամապատասխանող պահվածք, ալկոհոլային խմիչք օգտագործելու վերաբերյալ անձի խոստովանություն) ենթակա են տեղում սթափության վիճակի գործիքային ստուգման:

Նշված անձանց տեղում ոչ սթափ վիճակի ստուգումն անհրաժեշտության դեպքում բուժհիմնարկ բերման ենթարկելը եւ բուժհիմնարկում նրանց ստուգման անցկացումը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից որոշվող կարգով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 265-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե վարորդների նկատմամբ բավարար հիմքեր կան  ենթադրելու, որ նրանք գտնվում են ոչ սթափ վիճակում, ապա նրանց հարբածության վիճակի ստուգման ուղարկելը եւ ստուգման անցկացումը կատարվում է ԽՍՀՄ առողջապահության նախարարության եւ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության եւ ԽՍՀՄ արդարադատության նախարարության կողմից սահմանված կարգով:

Այդ հարցը կանոնակարգող ՀՀ այլ օրենք չկա:

Սակայն ճանապարհապարեկային ծառայության տեսուչները վարորդին բուժհիմնարկ բերման են ենթարկում` հիմք ընդունելով իրենց հոտընկալումը կամ ուղղակի քմահաճորեն: Նման գործողությունների արդյունքում 2008 թվականին «Շտապօգնություն» ՓԲԸ բերման ենթարկված ավելի քան 300 վարորդ ստուգումից հետո ճանաչվել են սթափ վիճակում գտնվող, սակայն կրել են բարոյական վնաս եւ ժամանակի կորուստ:

2. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 19.03.2009թ. թիվ 277-Ն «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը», այդ զննության արձանագրության եւ գրանցման մատյանի ձեւերը հաստատելու մասին» որոշումը չեն սահմանում, թե որո՞նք են վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերը եւ ո՞ր դեպքերում եւ ի՞նչ կարգով է իրականացվում բուժհիմնարկ բերման ենթարկելը:

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքը որոշ վարորդների նկատմամբ նախատեսում է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում, այս նախագծի ընդունումը կտրուկ կնվազեցնի բուժհիմնարկ անհիմն բերման ենթարկելը եւ նշված իրավունքից հանիրավի զրկելու դեպքերը: