Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-722-28.09.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 397.1-րդ հոդվածը լրացնել նոր մասով, հետեւյալ բովանդակությամբ`

«Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ ուրանալը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Հայաստանի Հանարապետության 23.08.1990 թվականի անկախության հռչակագրի 11-րդ մասի համաձայն Հայաստանի Հանարապետությունը սատար է կանգնում Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, իսկ 12-րդ մասի համաձայն հռչակագիրը հիմք է սահմանադրության եւ հանրապետության օրենսդրության մշակման, ինչպես նաեւ պետական մարմինների գործունեության համար:

Ինչպես ամրագրված է ՀՀ սահմանադրության նախաբանում, այն ընդունվում է հիմք ընդունելով անկախության հռչակագրում հաստատագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները` հիմնական օրենքով փաստելով պետականորեն Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղեգծի ամրագրումը:

Այս ուղեգծի եւս մեկ հաստատում է ՀՀ անվտանգության ռազմավարությում ամրագրված դրույթը, ըստ որի հետամուտ լինելով Հայոց Ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես Թուրքիայի կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը` Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ ապագայում նման ոճիրները կանխարգելման համատեքստում:

Թեեւ ՀՀ քրեական օրենսգրքի 397.1 հոդվածը սահմանում է ցեղասպանության հերքման պատասխանատվության դրույթ, սակայն այն չունի հատուկ մոտեցում Հայոց Ցեղասպանությանը, ինչը կարծում ենք այս դեպքում արդարացված չէ, քանի որ նախ շուրջ 20 երկրներ արդեն իսկ ճանաչել եւ դատապարտել են հայ ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունը: Բացի այդ, ուսումնասիրելով միջազգային փորձը հարկ է արձանագրել, որ ցեղասպանությունը հերքելը, մերժելը կամ ուրանալը քրեորեն պատժելի արարք  է համարվում աշխարհի շատ երկրներում: Մասնավորապես, Շվեյցարիայում 1994թ. ընդունված օրենքի համաձայն պատժ է սահմանվում մինչեւ 3 տարի ազատազրկում եւ տուգանք, Ավստրիայում 1992թ. օրենքի համաձայն` 1-20 տարի ազատազրկում եւ խոշոր տուգանք, Բելգիայում` 1995թ. օրենքի համաձայն 8 օրից 1 տարի ազատազրկում եւ խոշոր տուգանք, Ֆրանսիայում` 1990թ. օրենքի համաձայն սահմանվում է 1 ամսից մինչեւ 1 տարի ազատազրկում եւ/կամ խոշոր տուգանք, Գերմանիայում` 1985թ. եւ 1995թ. օրենքների համաձայն համապատասխանաբար մինչեւ 1 տարի եւ մինչեւ 5 տարի ազատազրկում, Իսպանիայում` 1996թ. օրենքի համաձայն սահմանվում է ազատազրկում 1-2 տարի եւ մեծ տուգանք, Իսրաելում` ըստ 1986թ. ընդունված օրենքի սահմանված է 5 տարի ազատազրկում, իսկ Ռուսաստանի Դաշնությունում պատիժը նախատեսվում է 12-20 տարի ազատազրկում: Հատկանշական է, որ Եվրոպական միությունը 2008թ. փետրվարի 26-ին ընդունված 16771/07 օրենսդրական ակտ կամ այլ գործիքներ փաստաթղթով հորդորում է անդամ երկրներին հարմոնիզացնել եւ քերօրեն պատժելի արարք համարել  մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ներառյալ ցեղասպանությունը, հրապարակայնորեն քաջալերելը, ժխտելը, հերքելը, մերժելը, ուրանալը եւ այլն:

Առաջարկվող օրինագծի ընդունումը համահունչ կլինի եվրոպական օրենսդրությանը եւ օրենսդրօրեն կամրապնդի Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը: