Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-707-18.09.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի  մասին» Հայաստանի Հանրապետության  1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի  ժդ) կետը «oրենքով uահմանված» բառերից հետո լրացնել «առողջության ապահովագրության  եւ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ ենթակետով`

իը) իրավաբանական անձանց եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից իրենց աշխատակից ֆիզիկական անձանց համար ամսեկան մինչեւ 10 հազար դրամ կատարված առողջության ապահովագրավճարները:

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Եկամտահարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Հանրության առողջության պահպանումը հանդիսանում է պետության անվտանգության եւ զարգացման հիմնական երաշխիքներից մեկը: Ներկա պայմաններում, երբ պետական բյուջեն հնարավորություն չի ընձեռնում ապահովել բնակչության բոլոր առողջապահական խնդիրների լիարժեք լուծումը, ելնելով սոցիալական պատասխանատվության հիմունքներից` անհրաժեշտություն է առաջացել ստեղծել խթանիչ մեխանիզմներ` գործատուին իր աշխատակիցների առողջության պահպանման հարցերին մասնակից դարձնելու համար, որը մասնավորապես, կարող է իրականացվել առողջության ապահովագրության միջոցով:

Եվրոպական սոցիալական խարտիայի հոդված 11-ով երաշխավորվում է առողջության պաշտպանության իրավունքը` սահմանելով նշված իրավունքի արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք դրական պարտավորություններ: Ըստ խարտիայի  12-րդ հոդվածի բոլոր աշխատողները եւ նրանց խնամքի տակ գտնվող անձինք ունեն սոցիալական ապահովագրության իրավունք: Պետությունները ստանձնելով խարտիայի իրականացման պատասխանատվությունը` պետք է ապահովեն այն` օրենքով ամրագրված սոցիալական ապահովագրության համակարգի գործունեության միջոցով: Չնայած Եվրոպական սոցիալական խարտիան չի պարտադրում ընդհանուր մոդել, փոխարենը այն նախատեսում է համընդհանուր բնույթի նվազագույն ստանդարտները` սոցիալական ապահովագրության համար ենթադրելով միասնական, ինչպես նաեւ մասնագիտական, ընդհանուր եւ հատուկ ծրագրեր:

Նախեւառաջ, սոցիալական ապահովագրության համակարգը, ըստ խարտիայի պահանջների, պետք է ընդգրկի ավանդական ռիսկերը` առողջապահությունը, ժամանակավոր անաշխատունակությունը, գործազրկությունը, ծերությունը, աշխատանքի ընթացքում ստացված մարմնական վնասվածքները, ընտանիքը եւ մայրությունը:

Երկրորդ, համակարգը պետք է ֆինանսավորվի համատեղ, այսինքն` գործատուների եւ աշխատողների վճարների եւ/կամ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Համընդհանուր ընդունված է, որ մարդկային ռեսուրսները հանդիսանում են կազմակերպությունների բոլոր ռեսուրսների կարեւորագույն մասը: Մի կողմից աշխատողները հանդիսանալով սոցիալական պետության անդամ, իրենց եկամուտներից պետք է եկամտահարկ վճարեն եւ դրանով մասնակից դառնան պետական բյուջեի ձեւավորմանը եւ սոցիալական ծրագրերի իրականացմանը: Մյուս կողմից նրանք հանդիսանում են կազմակերպության համար (որի աշխատակիցն են) աշխատուժ, որի միջոցով կազմակերպությունը հասնում է իր նպատակներին  եւ ստանում է արդյունք: Եթե ըստ գործող օրենսդրական դաշտի` կազմակերպությունների այլ ռեսուրսների պահպանման համար (օրինակ ավտոմեքենա, սարքավորումներ եւ այլն) իրականացվող  ծախսերը չեն հարկվում, ապա այն ծախսերը, որոնք ուղղվում են   աշխատակիցների առողջության ապահովագրությանը համարվում են  եկամուտ եւ ենթարկվում են հարկման:

Մարդկային ռեսուրսների պահպանման եւ զարգացման համար կարեւոր նախադրյալ է հանդիսանում նրանց առողջության պահպանման հարցերի կարգավորումը: Այդ իսկ պատճառով հարկավոր է վերանայել  մարդկային ռեսուրսների առողջության պահպանմանը ուղղվող ծախսերի (այս դեպքում` առողջության ապահովագրավճարների) նկատմամբ մոտեցումները, որն իր հերթին նպաստող պայմաններ կստեղծի Հայաստանում առողջության կամավոր ապահովագրության զարգացման խթանման համար:

Ամբողջ աշխարհում առողջության ապահովագրության համար որպես խթանող մեխանիզմ սահմանվել են առողջության ապահովագրավճարների հարկման նվազեցումները` գործատուների  համար կոլեկտիվ ապահովագրության դեպքում: Նման մեխանիզմ կիրառվում է Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում, որտեղ ամրագրված է հարկման նվազեցումների համար անհրաժեշտ ապահովագրավճարների որոշակի շեմ, ինչը սահմանված է նաեւ ներկայացված նախագծում:

Բացի վերը նշված փաստարկներից, սույն մեխանիզմը թույլ  կտա նվազեցնել առողջապահության ոլորտի ոչ պաշտոնական վճարները եւ բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը: