Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է գույքահարկի գծով 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված եւ չվճարված գույքահարկի պարտավորություն ունեցող գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց վրա:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը օրենքով սահմանված գույքահարկով հարկման ենթակա oբյեկտների համար հաշվարկված եւ չվճարված գույքահարկի գումարները (առանց հաշվարկված տույժերի եւ տուգանքների) վճարած ֆիզիկական անձինք ազատվում են 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ գույքահարկի գծով հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից:
Հոդված 3. Օրենքով սահմանված գույքահարկով հարկման ենթակա oբյեկտների համար 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ գույքահարկի գծով նախորդ երեք տարիներին հաշվարկված եւ վճարված տույժերի ու տուգանքների գումարները հաշվանցվում են հարկատուների` գույքահարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:
Հոդված 4. Սույն օրենքով տրամադրվող հարկային արտոնություններով նախատեսված գումարները ենթակա չեն փոխհատուցման «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է գույքահարկի գծով հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների վերացման անհրաժեշտությամբ, որի արդյունքում ֆիզիկական անձինք հնարավորություն կստանան թեթեւացնելու իրենց հարկային բեռը, իսկ համայնքային բյուջեները` կազատվեն անհուսալի դարձած (հաշվարկված, սակայն չվճարվող) բյուջետային մուտքերից: