Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-268 օրենքի (այսուհետ օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «միություն» բառը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում.
1) 1-ին կետի 5-րդ ենթակետում` «եւ բովանդակությունը» բառերը փոխարինել «, իրավասությունների շրջանակը» բառերով.
2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում «նոր կանոնադրության, բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում.
1) 2-րդ կետում «երկու տարին» բառերը փոխարինել «չորս տարին» բառերով.
2) 3-րդ կետի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.
«Արտահերթ ժողով կարող է հրավիրվել նաեւ բարձրագույն մարմնի կողմից ձեւավորված ղեկավար մարմինների (այդ թվում`միանձնյա) նախաձեռնությամբ:»
3) 6-րդ կետի 1-ին ենթակետում` «(եթե այն չի հաստատել հիմնադիրների ժողովը)», բառերը հանել, իսկ 3-րդ ենթակետի «այդ թվում`» բառերից հետո լրացնել` «առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի եւ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում «առեւտրային կազմակերպություններ» բառերը փոխարինել «տնտեսական ընկերություններ» բառերով, իսկ «կազմակերպություններին» բառը` «ընկերություններին» բառով:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետում.
1) 4-րդ ենթակետում «երկու տարին» բառերը փոխարինել «չորս տարին» բառերով.
2) 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«8) առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի (կամ գործադիր մարմնի ղեկավարի) եւ (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում այդ փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.
3) լրացնել նոր 9-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ`
«9) կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից ձեւավորված գործադիր մարմինը պարտավոր է մինչեւ հաջորդ տարվա ապրիլի մեկը ոչ պակաս քան հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակել կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման (ներառյալ ֆինանսական) վերաբերյալ տեղեկատվություն (այսուհետեւ` տեղեկատվություն) եւ դրա մեկ օրինակը հրապարակումից տասնօրյա ժամկետում ներկայացնել պետական լիազոր մարմնին: Տեղեկատվության մեջ պետք նշվեն կազմակերպության կողմից ստացած բոլոր եկամուտները (այդ թվում` անդամավճարները) եւ այլ մուտքերը, դրանց ստացման աղբյուրները, կազմակերպության կատարած ծախսերն` ըստ ուղղություների, մեկ միլիոն դրամից ավելի արժողությամբ կատարված գործարքները, կազմակերպության կանոնադրական խնդիրների կատարման ուղղված աշխատանքները, անդամների քանակն` ըստ ամիսների, կազմակերպության ղեկավար մարմիններն ու ղեկավար մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձանց անուններն ու ազգանունները, ղեկավար մարմինների կազմում տարվա ընթացքում կատարված փոփոխությունները: Տեղեկատվությանը կցվում են նաեւ հարկային եւ այլ մարմիններին տրված տարեկան հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություններ) պատճեները: Տեղեկատվության ձեւը սահմանում է պետական լիազորված մարմինը: Եթե կազմակերպությունը սահմանված ժամկետում չի հրապարակում տեղեկատվությունը կամ հրապարակած տեղեկատվությունը պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ էական սխալներ, ապա տվյալ կազմակերպության յուրաքանչյուր անդամ կամ մարմին կամ պետական լիազորված մարմինը, իրենց նախաձեռնությամբ կարող են արտահերթ ժողով հրավիրելու կամ ճշգրիտ տեղեկատվություն հրապարակելու պահանջ ներկայացնել: Եթե արտահերթ ժողով հրավիրելու պահանջ ներկայացնելուց հետո մեկ ամսյա ժամկետում արտահերթ ժողով չի հրավիրվում, ապա պահանջող կողմը արտահերթ ժողով հրավիրելու պահանջով կարող է դիմել դատարան: Կազմակերպությունը պարտավոր է տեղեկատվությունը եւ հաշվետվությունների պատճեները` դիմելու օրվանից տասնօրյա ժամկետում տրամադրել ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձի` պատճենահանման ծախսերը հատուցելու պայմանով: Նշված ժամկետում տեղեկատվությունը կամ հաշվետվությունների պատճեները չտրամադրելու դեպքում շահագրգիռ անձն այն ստանալու համար իրավունք ունի դիմել պետական լիազոր մարմնին կամ դատարան: Կազմակերպության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալ կազմակերպության ցանկացած փաստաթղթի` այդ մասին համապատասխան իրավասու մարմնին դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:»:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բազմիցս դիմումներ են ներկայացրել պետական մարմիններին բողոքելով, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի որոշ դրույթներ դժվարություններ են ստեղծում իրենց գործունեության համար եւ ներկայացրել էին հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մի շարք առաջարկություններ` այդ թվում նաեւ օրենսդրական փոփոխություններ: Ուսումնասիրելով ներկայացված առաջարկությունները եւ նկատի ունենալով, որ այդ առաջարկությունների մի մասի ընդունումով բարենպաստ պայմաններ կստեղծվի հասարակական կազմակերպությունների արդյունավետ գործունեության համար, ներկայացվում է սույն օրենքի նախագիծը: Մասնավորապես նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասությունից «միություն» բառի հանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակական կազմակերպությունների զգալի մասն իրենց անվանման մեջ նախկինում ունեցել են «միություն» բառը, այդ անվանումով ճանաչված են ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, այդ անվանումով ունեն պետական կադաստրում գրանցված սեփական անշարժ գույք եւ անվանումից «միություն» բառի հանումը ստեղծում է լուրջ դժվարություններ ու ֆինանսական կորուստներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «միություն» բառի պահպանումը նշված կազմակերպությունների անվանման մեջ շփոթություն չի կարող առաջացնել իրավաբանական անձանց միությունների հետ, քանի որ այդ կազմակերպությունների անվանումից հստակ երեւում է, որ տվյալ կազմակերպությունները ֆիզիկական անձանց միավորումներ են, ուստի առաջարկվում է օրենքի նշված հոդվածից հանել «միություն» բառը:
Օրենքում կատարվող հաջորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է կազմակերպության բարձրագույն մարմնի հրավիրման պարբերականությանը: Շատ կազմակերպություններ, որոնց անդամների քանակը անցնում է հազարի սահմանը եւ որոնք ունեն մասնաճյուղեր հանրապետության տարբեր մարզերում ու քաղաքներում, պատճառաբանում են, որ ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ բարձրագույն մարմնի նիստ հրավիրելը կապված է դժվարությունների եւ ֆինանսական զգալի ծախսերի հետ, քանի որ նախքան բարձրագույն մարմնի նիստ հրավիրելը, պետք է բոլոր մասնաճյուղերում կազմակերպել համաժողովներ, բարձրագույն մարմնի նիստին մասնակցելու համար պատվիրակներ ընտրելու եւ այդ նիստի օրակարգային հարցերի քննարկման համար, որը եւ ժամանակ եւ ֆինանսական միջոցներ է պահանջում: Հիմնավորված համարելով նշված բացատրությունը, առաջարկվել է օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետում «երկու տարին» բառերը փոխարինել «չորս տարին» բառերով:
Նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվում է բարձրագույն մարմնի նիստ հրավիրելու ժամկետ սահմանել 4 տարին մեկ անգամ, կազմակերպության գործունեության թափանցիկության սկզբունքի ապահովման համար նախագծով առաջարկվում է նաեւ, որպեսզի կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից ձեւավորված գործադիր մարմինը մինչեւ հաջորդ տարվա ապրիլի մեկը ոչ պակաս քան հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակի կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման (ներառյալ ֆինանսական) վերաբերյալ տեղեկատվություն եւ դրա մեկ օրինակը ներկայացնի լիազոր մարմնին:
Նախագծում առաջարկվող մյուս փոփոխությունները նպատակ ունեն վերացնել օրենքի որոշ դրույթների անհամապատասխանությունները «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի դրույթների, ինչպես նաեւ նույն օրենքի այլ դրույթների հետ:
Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտ է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-268 օրենքում կատարել նախագծում նշված փոփոխությունը: