Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-709-18.09.2009-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ  Է.

1. Ստեղծել 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած  իրադարձությունների եւ դրանց պատճառների վերաբերյալ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողվի եզրակացությունում (այսուհետ` եզրակացություն) ներկայացված առաջարկությունների իրացման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնող ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2. Հանձնաժողովի խնդիրն է ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ տեղեկանք ներկայացնել Ազգային ժողովին եւ հանրությանը` եզրակացությամբ ներկայացված առաջարկությունների իրականացման եւ առաջընթացի վերաբերյալ: Տեղեկանքի առնչությամբ առարկություններ ունեցող անդամները (այդ թվում` խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է տեղեկանքին:

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի հարցումներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին` եզրակացությամբ ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ:

4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկուական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ`դրանց կազմում չընդգրկված  պատգամավորներից: Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի թեկնածության առաջադրման եւ ընտրվելու իրավունքը վերապահվում է ընդդիմադիր խմբակցությանը:

Ձեւավորվելուց հետո`  եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը իր աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, այն հասարակական կազմակերպություններին եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնց ցանկը որոշում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է նրանցից յուրաքանչյուրի մեկական ներկայացուցիչ:

5. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված  պատգամավորների թեկնածուներին Ազգային ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որը բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:

7. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների  համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

8. Հանձնաժողովն գործունեության ժամկետ է սահմանվում մինչեւ եզրակացությամբ ներկայացված բոլոր առաջարկությունների կատարման վերաբերյալ ամբողջական տեղեկանքի ներկայացումը, բայց ոչ ուշ, քան մինչեւ Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Որոշման շրջանառության մեջ դնելը նպատակ է հետապնդում կյանքի կոչել 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած  իրադարձությունների եւ դրանց պատճառների վերաբերյալ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողվի եզրակացությունում (այսուհետ` եզրակացություն), որն ըստ էության ՀՀ Աժ կողմից հավանության է արժանացել, ներկայացված առաջարկությունները:

Ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը հանարավարություն կունենա իրականացնել եզրակացությամբ ներկայացված առաջարկությունների կատարման ընթացիկ մոնիթորինգը եւ ՀՀ ԱԺ-ին, ինչպես նաեւ հանրությանը ներկայացնել լիարժեք տեղեկատվություն: Որոշման ընդունումը բխում է նաեւ ՀՀ ԱԺ-ի հետեւողական լինելու սկզբունքից:

Առաջարկվում է, որպեսզի Հանձնաժողովի աշխատանքների ներգրավման հնարավորությունը ընձեռվի նաեւ մարդու իրավունքների պաշտպանին, արտախորհրդարարանական քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Որոշման նախագիծը կապահովի նաեւ ՀՀ ԱԺ-ի մասնակցությունը` ԵԽԽՎ բանաձեւերով ՀՀ-ին առաջարկված բարեփոխումների մի զգալի մասի կատարմանը: