Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-735-08.10.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի, ՀՕ 200 «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (հետայսու` օրենք) լրացնել 14.1-րդ նոր հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 14.1. Հայրենատիրության օր` նշվում է նոյեմբերի 22-ին»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Վերջին քառորդ դարի իրադարձությունները ցույց տվեցին, որ քաղաքական զարգացումներն անկանխատեսելի են, եւ հաճախ անհնարին թվացող բաները դառնում են միանգամայն հնարավոր: Հետեւաբար, ազգային-պետական շահի տեսանկյունից խելամիտ է բոլոր հնարավորությունները բաց պահելը: Մասնավորապես, հայ-թուրքական հարաբերություններում չպիտի լինեն այնպիսի զարգացումներ, որոնք հետագայում սահմանափակեն մեր իրավունքները ու կաշկանդեն մեր գործողությունները: Հաշվի առնելով, որ Հայկական հարցի լուծման մեջ իրավական ոլորտը մեր ուժեղագույն կողմն է, նպատակահարմար է անաղարտ պահել մեր իրավունքների հիմքերը եւ կանխել անցանկալի իրավական մեկնության հնարավորությունները ապագայում:

ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնը նախ Փարիզի վեհաժողովից (26 ապրիլի 1920թ.), ապաեւ Սեւրի պայմանագրով ստացել էր հայցադիմում (compromis) որոշելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը: Երախտապարտ Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Վիլսոնի հետեւողական ջանքերը` նեցուկ կանգնելու օսմանյան Թուրքիայի կողմից Ցեղասպանություն ապրած Հայ ժողովրդին, պաշտպանելու նրա արդար իրավունքներն ու պահանջները, որոնք ամրագրվեցին 1920թ. նոյեմբերի 22-ին ստորագրված պատմական մի փաստաթղթով (Վիլսոնի «ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌ», որը վերնագրված է. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի, հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ), որտեղ պարզ քարտեզագրված է Հայաստանի իրական սահմանները: Այս սահմանները հաստատվել են միջազգային իրավարարությամբ, հետեւաբար որպես դատական գործիք` այն դեռեւս ուժի մեջ է: Այսպես, միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, ամփոփել եւ ամրագրել է իրավարար վճիռների կարգավիճակը, որտեղ ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում, ուստի այն չունի վաղեմության ժամկետ, ասօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին: Բացի այդ, այդ սահմանները որոշելը կախված չէր պայմանագրի վավերացումից: Ուստի եւ, մասնավորապես, լինելով ՄԱԿ-ի լիիրավ անդամ, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից, ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով հնարավոր է հավաստել (միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2-րդ կետի ա) եւ բ) ենթակետերի հիման վրա) Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը եւ դրանով իսկ վերահաստատել տիտղոսը Հայաստանին հատկացված տարածքների վրա:

Հետեւաբար, մեր ազգային հեռագնա շահերի տեսանկյունից միանգամայն անհրաժեշտ է  նոյեմբերի 22-ը  պաշտոնապես ամրագրել  որպես «Հայրենատիրության օր»: Նոյեմբերի 22-ի ներառումը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ապագայում մեզ հնարավորություն կտա կանխել Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային համապատասխան կառույցներում էստոպելի (estoppel) վկայակոչումը, այսինքն` իրավական այն հիմնադրույթը, երբ իրավատերը` տվյալ դեպքում Հայստանի Հանրապետությունը իր գործողությունների բացակայությամբ ցույց է տվել, որ հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ: