Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ««դ», «ե»» բառերից հետո լրացնել «եւ 9 հոդվածի 2-րդ մասի «ա»» բառերը:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «ա» կետից հանել «եւ դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին: Այս դեպքում ներմուծողը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը (խմբաքանակը) մաքսային հսկողության ներքո ներկայացնում է հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց` հարգորոշման նպատակով: Վերջիններս ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո դրանց վրա դրոշմում են իրենց տարբերանիշը, որի համար տալիս են համապատասխան տեղեկանք» բառերը:
2) 4-րդ մասում «լիցենզիա ունեցող անձինք» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այլ երկրներից ներկրվող թանկարժեք մետաղների ջարդոններ եւ թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքներ ներմուծելիս, որոնք ունեն այդ իրերի հարգը հավաստող տեղեկանք»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն Օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի 2009 թվականի օգոստոսի 28-ի N 02/23.4/5718-09 հանձնարարականը:
Նախագծով սահմանվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք հարգորոշվել եւ հարգադրոշմվել են 1972 թվականին քաղաք Վիեննայում ստորագրված Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վերահսկողության եւ հարգադրոշմման Կոնվենցիայի անդամ երկրներում` կոնվենցիայով սահմանված պայմաններին եւ պահանջներին համապատասխան, ՀՀ տարածք կարող են ներմուծվել առանց կրկնակի հարգորոշման եւ հարգադրոշմման:
Վերը նշված կոնվենցիային անդամակցում է 19 երկիր, որից 18-ը` եվրոպական:
Օրենքով կոնվենցիայի անդամ երկրների հարգադրոշմների ճանաչումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված երկրներում այդ գործունեության իրականացման համար օրենսդրությամբ սահմանված են բազմաթիվ պայմաններ եւ պահանջներ, որոնք բխում են սպառողների իրավունքների պաշտպանությունից եւ երկրի անվտանգությունից: Մինչդեռ համաշխարհային շուկայում կան այնպիսի երկրներ, որտեղ օրենսդրությամբ դեռեւս չի կարգավորվում թանկարժեք մետաղների բնագավառը, ավելին` օրենսդրությամբ սահմանված չեն ստանդարտներ եւ հարգեր, ինչը ենթադրում է, որ այդ երկրներից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ներմուծումն առանց հարգորոշման եւ հարգադրոշմման բացասական հետեւանքներ կունենա թե§ սպառողների, թե§ հայկական արտադրողների համար:
Սույն Օրենքի նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ ներմուծել եւ շրջանառել եվրոպական ստանդարտներին համապատասխանող թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:
Միաժամանակ հնարավոր կլինի արագացնել վերը նշված կոնվենցիային ՀՀ անդամակցության գործընթացը: