Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների` ԼՂՀ պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է, քանի որ`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իբրեւ ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր ԼՂՀ-ն` իբրեւ անկախ պետություն, կայացած իրողություն է.
բ) Հայաստանի Հանրապետությունը ցայսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ելնելով այն հնարավոր հեռանկարից, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի ու շահագրգիռ պետությունների եւ, առաջին հերթին, Արցախի բնակչության համաձայնության պարագայում կարող են այլ կարգավիճակ սահմանել ԼՂՀ համար.
գ) մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը տեւապես պատրաստակամություն եւ քաղաքական կամք են դրսեւորել` գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունն (ԱՀ) արդեն պաշտոնական դիրքորոշմամբ հայտարարում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքային սահմաններից դուրս խնդրի որեւէ լուծում մերժելու եւ ԼՂ ինքնավարությունից տարբեր այլ կարգավիճակ չընդունելու մասին: Ավելին` պաշտոնական Ադրբեջանն անթաքույց բարձրաձայնում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտակոչը եւ այդ նպատակով շարունակաբար մեծացնում իր բյուջեի ռազմական ծախսերը` ի խախտումն Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված չափաբաժինների: Հրապարակված «Մադրիդյան առաջարկների» (2007թ նոյեմբերին պաշտոնապես հանձնված երկու կողմին, բայց ոչ ԼՂՀ-ին, եւ նորացված` 2009թ. օգոստոսին) հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը, դրանում ամրագրված ԼՂ պետական տարածքային ամբողջականությանը, հետեւաբար եւ ԼՂ ազգային անվտանգությանը: Այդպիսի լուծումը սպառնալիք է նաեւ ՀՀ ազգային անվտանգությանը.
դ) չնայած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1650-XI որոշման 1-ին կետի համաձայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը...», իսկ նույն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը եւ նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ իշխանությունը», 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ անկախության հանրաքվեից, ԼՂՀ-ին ու ՀՀ-ին Ադրբեջանի պարտադրած պատերազմից ու 1994թ. կնքված զինադադարից հետո ստեղծվել են պատմական-տարածքային-քաղաքական միանգամայն նոր իրողություններ: Դրանք Հայաստանի կողմից պատշաճ կերպով չեն ճանաչվել` բանակցային եղանակով խնդրի հանգուցալուծմանը Ադրբեջանի հնարավոր համաձայնության ու փոխզիջման պատրաստակամության մասին սին հույսեր փայփայելու հիմնավորմամբ: 2006թ. ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեով ընդունվել է Սահմանադրություն` նրա ներկայիս պետական տարածքային ամբողջականության ամրագրմամբ.
ե) 2007թ. օգոստոսի 28-ին շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (հեղինակ` Ր.Հովհաննիսյան) կապակցությամբ ՀՀ Կառավարության 2007թ. սեպտեմբերի 24-ի եզրակացության բոլոր կետերում բերված քաղաքական բնույթի հիմնավորումները ոչ միայն այդ պահին, այլեւ հաջորդած 2 տարիների ընթացքում անկենսունակ եւ ոչ ճշմարիտ դարձան: Հայաստանի Հանրապետության օրենքով ԼՂՀ-ն ճանաչելու փաստն ամենեւին չի հակասում միջազգային կառույցների` ՄԱԿ, ԵԽ եւ ԵԱՀԿ առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորություններին, քանի որ այդ կառույցների փաստաթղթերը կամ իրենց մեջ ներառում են խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ամրագրող հայտարարություններ (օրինակ` ԵԱՀԿ/ԵԱՀԽ), կամ նրանց սկզբունքներն են ուղղակիորեն վերաբերում ժողովուրդների ինքնորոշմանը, բնիկ ժողովուրդների իրավունքներին ու դրանց ճանաչմանը, անգամ` միակողմանի (ՄԱԿ): Սույն ակտով Հայաստանը խնդրի կարգավորումը չի տեղափոխում միջազգային ատյաններ, չի նպաստում Ադրբեջանի նմանատիպ ձգտումներին, չի վտանգում տարածաշրջանում հաստատված փխրուն խախաղությունն ու առկա ստատուս-քվոն, չի վկայում խնդրի` բանակցային ճանապարհով լուծելու Հայաստանի ստանձնած պարտավորությունից հրաժարվելու մասին (ԵԱՀԿ փաստաթղթերով ՀՀ-ի հետ միաժամանակ ԼՂՀ-ն է բանակցային կողմ, եւ նա չի հրաժարվում ու հրաժարվել բանակցելու պատրաստակամությունից), քանի որ այդպիսի զարգացումները բացառապես այլ գործոններով են պայմանավորված, ինչպես` միջազգային հանրության դիրքորոշման փոփոխությունը եւ դրանում հավասարակշռության (պարիտետի) խախտումը, հակամարտության հետ կապված միջազգային ու կողմերի ազգային ուժերի (ռազմա-քաղաքական, տնտեսական հավասարակշռությունը) հաշվեկշռի փոփոխությունը, Հայաստանի ու ԼՂՀ դիվանագիտական կարողությունները եւ այլն.
զ) Ճանաչման ակտի համար միջազգային օրենքում չկա միակ ընթացակարգ, որը կբացառեր խնդրին այլ մոտեցումներ: Այն կարող է իրականացվել փաստացի` de facto (ինչն արվել է Հայաստանի կողմից, բայց որը բավարար չէ) եւ իրավական առումով` de jure, որի անհրաժեշտությունն այսօր առկա է: Միջազգային պրակտիկայում այն կարող է կատարվել թե պետության գլխի կամ գործադիրի, թե խորհրդարանի կողմից: Սույն օրենքով ԼՂՀ ճանաչումը կհստակեցնի թե ղարաբաղյան հիմնահարցի կապակցությամբ խորհրդարանական դիվանագիտությունը, թե կնպաստի պետության գլխի կամ գործադիրի կողմից խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հատկապես, երբ, իբրեւ վերջնանապատակ, այն համահունչ է մինչ այժմ արված հայտարարություններին եւ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ շարադրված դրույթներին:
Միաժամանակ եւ հետեւապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլեւս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է ԼՂՀ բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` ԼՂՀ նկատմամբ նախահարձակ որեւէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում:
Սույն օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի բացառում ԼՂՀ ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանումը` այն հանրաքվեով ամրագրելու պարագայում: Արցախի ազգաբնակչության կողմից նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կնպաստի դրա կենսագործմանը:
Օրենքը Հայաստանի Հանրապետությանը նաեւ թույլ կտա հետհակամարտյան վերականգնման շրջանում ԼՂՀ եւ շահագրգիռ այլ պետությունների, դոնոր կազմակերպությունների հետ միասին աջակցել հակամարտության գոտում պատերազմի հետեւանքների վերացմանը` խաղաղ քաղաքացիների կյանքի ու աշխատանքի բնականոն պայմանների ստեղծմանը, փախստականների վերադարձին եւ տարածքների վերաբնակեցմանը: