Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում ավելացնել «11)» եւ «12)» մասեր` հետեւյալ բովանդակությամբ.
«11) ներկայացնում է մշակութային ոչ առեւտրային առանձին կազմակերպություններին՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիվային կազմակերպություններ, «Ազգային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն»։
«12) սահմանում է մշակութային ոչ առեւտրային կազմակերպություններին՝ թատերական, երաժշտական եւ պարարվեստի կազմակերպություններ, «Ակադեմիական» կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները»։
Հոդված 2. Օրենքի Գլուխ 7-ի վերնագիրը «տեսակները» բառից հետո լրացնել «եւ կարգավիճակը» բառով։
Հոդված 3. 0րենքի 26-րդ հոդվածից հետո ավելացնել «Հոդված 26.1» հետեւալ բովանդակությամբ.
«Հոդված 26.1. Մշակութային ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակը»
1.Մշակութային առանձին կազմակերպությունների, որոնք համազգային եւ համապետական նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ։
«Ազգային» կարգավիճակը շնորհում է ՀՀ նախագահը:
2. Մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական եւ պարարվեստի կազմակերպություններ, որոնց գործունեությունը անժամանցելի արժեքներով հարստացնում եւ զարգացնում է ազգային մշակութային ժառանգությունն ու նպաստում նրա հանրահռչակմանը, կարող է շնորհվել «Ակադեմիական» կարգավիճակ։
3. «Ազգային» եւ «Ակադեմիական» կարգավիճակներ շնորհելու կարգն ու պայմանները հաստատվում է ՀՀ կառավարության կողմից։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2002թ. նոյեմբերի 20-ին։ Այն կարգավորում է ՀՀ-ում պետական մշակութային քաղաքականության կազմակերպման սկզբունքները, մշակութային գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, սահմանում է պետական մարմինների իրավասությունները մշակույթի ոլորտում, ինչպես նաեւ մշակութային կազմակերպությունների գործունեության տեսակները։
ՀՀ մշակութային դաշտում գործում են մի շարք մշակութայիան կազմակերպություններ, որոնք իրենց պաշտոնական անվան մեջ ունեն «ազգային» եւ «ակադեմիական» կարգավիճակը (Հայաստանի ազգային պատկերասրահ,Հայաստանի ազգային գրադարան, Հայաստանի ազգային գրապալատ, Հայաստանի ազգային կինոկենտրոն, Հայաստանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն, Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ), սակայն այս երկու հասկացությունները ՀՀ մշակութային օրենսդրությամբ չունեն իրենց իրավական ամրագրումը կամ սահմանումը։
Օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում ամրագրելով «ազգային» եւ «ակադեմիական» կարգավիճակները, կլրացնի օրենսդրական բացը, ինչպես նաեւ կխթանի վերոհիշյալ կարգավիճակների շնորհման չափանիշների եւ չափորոշիչների սահմանմանը, կնպաստի տվյալ կարգավիճակն ունեցող մշակութային կազմակերպությունների նկատմամբ անհրաժեշտ պետական աջակցություն եւ վերաբերմունք դրսեւորելուն։