Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-744-27.10.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի  ՀՕ-183  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի ա) կետում «վճարվող» բառից հետո լրացնել «պատվովճարները, գիտական կոչման հավելավճարները» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու նպատակն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարները, գիտական կոչում ունեցող անձանց տրվող հավելավճարները ազատել եկամտահարկով հարկելուց, քանի որ դրանք եկամուտների հարկման դասական առումով եկամուտ չեն եւ ըստ էության չեն մտնում «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված համախառը եկամուտների թվարկման մեջ: Բացի այդ, թեեւ պատվովճարները ներկայումս սահմանված չեն որպես եկամուտ չհամարվող տարր, սակայն դրանք չեն ենթարկվում հարկման, ինչն արդարացված է նաեւ վարչարարության իմաստով, իսկ գիտական կոչման համար տրվող հավելավճարները (գիտական աշխատանքներում ներգրավված գիտության թեկնածուների համար այն սահմանված է 10000 դրամ, իսկ դոկտորների համար` 20000 դրամ) իրենց փոքր մեծությամբ չեն կարող բավարար համարվել գիտաշխատողի համար եւ այն լրացուցիչ հարկելը չի արդարացնում այն նպատակը, հանուն որի այն տրվում է: Ըստ էության այս վճարները համարվում են ստատուսային: Օրինագիծը համահունչ է նաեւ ներկայումս գիտության դերի բարձրացմանը միտված պետական ծրագրերին եւ գիտաշխատողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վերաբերյալ հայտարարաված քաղաքականությանը: