Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ կետում «հաստատությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ասպիրանտուրայի, օրդինատուրայի, դոկտորանտուրայի կամ հայցողների համակարգի միջոցով գիտական կադրերի պատրաստում ապահովող գիտական կազմակերպությունները» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու նպատակն է խրախուսել գիտական կադրեր պատրաստող գիտական կազմակերպություններում սովորելու ցանկություն հայտնող անձանց, ինչպես նաեւ հավասար պայմաններ ստեղծել բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների համար: Խնդիրն այն, որ ներկայումս գիտական կադրերի պատրաստման հիմնական ձեւերի գործադրման համար ԱԱՀ-ից ազատման արտոնություն է վերապահված միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների համար, մինչդեռ նման գործում մասնագիտացված կազմակերպություններում` հիմնականում ՀՀ ԳԱԱ համակարգում գործող գիտահետազոտական ինստիտուտներում, օրինակ` ասպիրանտական կամ հայցողի համակարգով ուսուցում ստանալու ցանկություն ունեցող անձինք վճարում են ավելի մեծ գումար, ինչն էլ որոշակի անհավասար պայման է ստեղծում այս հաստատությունների միջեւ: Օրինագիծը համահունչ է նաեւ ներկայումս գիտության դերի բարձրացմանը միտված ՀՀ պետական ծրագրերին եւ հայտարարաված քաղաքականությանը: