Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-750-30.10.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (ընդունվել է 2003 թվականի  ապրիլի 18-ին) 343-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենս•րքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության

Քննարկվող 343-րդ հոդվածը տեղավորված է Քրեական օրենսգրքի  «Արդարադատության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում  եւ բնականաբար պետք է նպատակաուղղված լինի  քրեական պատժի սպառնալիքով արդարադատության պատշաճ իրականացման ապահովմանը: Հոդվածը վերնագրված է  «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»:

Հոդվածի 1-ին մասը, որն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, շարադրված է հետեւյալ բովանդակությամբ.

«Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիստի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով եւ վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին`

պատժվում է տուգանքով` նվազագույն  աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով»:

Որպես հոդվածի այս մասում նկարագրված հանցագործության սուբյեկտներ թվարկված են` վկան, տուժողը եւ պաշտպանը: Անհասկանալի տրամաբանությամբ դատավարության մյուս մասնակիցները` դատական նիստերի քարտուղար, մեղադրող, քաղ. հայցվոր, քաղ. պատասխանող, վերջիններիս ներկայացուցիչները, դատական նիստին ներկա գտնվող այլ անձիք տվյալ հանցագործության սուբյեկտ չեն հանդիսանում, բավարար է համարվել նրանց նկատմամբ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված սանկցիաների կիրառումը` նախազգուշացում, նիստերի դահլիճից հեռացում, դատական տուգանք, դատախազի համար` տուգանք կամ դատախազին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գլխավոր դատախազին դիմելը:

Դատական օրենսգրքի նույն հոդվածով փաստաբանի նկատմամբ թույլատրելի է համարվում միայն նախազգուշացումը կամ նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ  Փաստաբանական պալատ դիմելը:

Քրեական օրենսգիրքը,  որպես պաշտպան  մասնակցող փաստաբանի համար սահմանելով նաեւ քրեական պատասխանատվություն այնպիսի արարքների դեպքում, որոնց կատարելու համար մեղադրողը  ենթակա է միայն կարգապահական պատասխանատվության, վկայում է, որ  հոդվածն ուղղված է հատկապես քրեական գործով որպես պաշտպան մասնակցող փաստաբանների դեմ եւ նպատակ է հետապնդում պաշտպանին հետ պահելու դատարանի եւ մեղադրողի համար անցանկալի միջնորդությունների, հայտարությունների ներկայացումից, կաշկանդելու դատաքննության ընթացքում պաշտպանի կողմից դրսեւորվելիք ակտիվությունը, հասնելու անցանկալի պաշտպանին վարույթից հեռացնելուն:

Դատարանը միշտ էլ հնարավորություն ունի դատական նիստից պաշտպանի բացակայելը  /անկախ պատճառներից/ գնահատել որպես չարամիտ եւ անհարգալից վերաբերմունք, արգելել միջնորդության ներկայացումը, այն գնահատելով որպես ոչ ժամանակին ներկայացված, ձայն չտալ փաստաբանին եւ այդ առիթներով նրա դժգոհությունը գնահատել որպես  դատական նիստի կարգի խախտում եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Քրեական օրենսգրքի քննարկվող հոդվածի 1-ին մասը հնարավորություն է տալիս սուբյեկտիվ մոտեցմամբ պաշտպանի այս կամ այն վարքագիծը գնահատել որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ որակել որպես հանցագործություն քննարկվող հոդվածով:

Այս հոդվածով պաշտպանական կողմը մեղադրող կողմի նկատմամբ դրվում է անհավասար պայմաններում, ինչը խախտում է կողմերի հավասարության սկզբունքը: Կարեւոր ենք համարում այն, որ սահմանափակելով պաշտպանի իրավունքները, ուղղակիորեն սահմանափակվում են նաեւ մեղադրյալի /ամբաստանյալի/ իրավունքները` խախտվում է իրավաբանական օգնություն ստանալու,  արդար դատաքննության սահմանադրական իրավունքը:  Հիրավի իրավաբանական օգնությունը չի կարող լինել լիարժեք, եթե նման օգնություն տրամադրողը կաշկանդված է քրեական պատասխանատվության սպառնալիքով, արդար դատաքննություն չի կարող լինել, երբ դատաքննությանը պաշպանական կողմի լիարժեք մասնակցությունը սահմանափակված է:

Այս առումով, քննարկվող իրավական նորմն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 18, 19 եւ 20 հոդվածների պահանջներին:

Իրավական նորմում նկարագրված վարքագծի համար քրեական պատասխանատվություն նախատեսելը չի կարող համաչափ համարվել արարքի ծանրությանը թեկուզ հենց այն առումով, որ մեղադրողի համար նման պատասխանատվություն չի նախատեսվում: Փաստորեն, բավարար չհամարելով փաստաբանի վարքագծի քննարկումը Փաստաբանական պալատի կողմից կարգապահական վարույթի կարգով, նսեմացվում է նաեւ պալատի դերն ու նշանակությունը:

Այս առումով, տվյալ իրավական նորմը հակասում է նաեւ ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի պահանջներին:

Այն, որ պրակտիկայում տվյալ նորմը կիրառվել եւ կիրառվում է միայն փաստաբանների նկատմամբ, մեկ անգամ եւս վկայում է, որ այն ուղղված է հենց փաստաբանների դեմ, նորմում վկան եւ տուժողը թվարկված են նորմի նպատակաուղղվածությունը քողարկելու նպատակով:

Դատարանների վարույթներում այսօրվա դրությամբ կա 4 փաստաբանի դեմ հարուցված 4 քրեական գործ, որոնց դատաքննության ընթացքում կարող են ի հայտ գալ այն սուբյեկտիվ մոտեցման հնարավորությունները, որոնց համար տեղ է թողել տվյալ իրավական նորմը:

Այսպիսով առաջարկվող փոփոխությունը կոչված է ապահովելու փաստաբանի անկախությունը եւ լիարժեք դարձնելու կասկածյալի պաշտպանությունը: