Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի փետրվարի 20-ի, ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին կետի ժը.1) ենթակետի «հեռարձակման կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «հեռարձակման անկախ կարգավորող մարմնի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ Ազգային Ժողովի որոշման նախագիծը ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում, իսկ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու դեպքում, նաեւ` առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:»:
Հոդված 3. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին կետում`
1) 3-րդ պարբերության «կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «անկախ կարգավորող մարմնի» բառերով,
2) 8-րդ պարբերության «Հայաստանի Հանրապետություն կառավարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով,
3) 19-րդ պարբերության գ) ենթակետի «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» բառերը փոխարինել «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» բառերով,
4) 19-րդ պարբերության «զ» ենթակետի «Եվրախորհրդի» բառը հանել:
Հոդված 4. Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի ա.2) կետը «կալանքը» բառից հետո լրացնել «եւ նրա նկատմամբ չի կայացվել մեղադրական դատավճիռ:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագիծը կոչված է հստակեցնելու ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգի մի շարք դրույթներ եւ վերացնելու դրա որոշ անճշտություններ: Մասնավորապես, դա վերաբերում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կողմից ներկայացված եւ հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում արդեն իսկ ընդգրկված որոշման նախագիծը առաջիկա չորսօրյա նիստերի նախագծում ընդգրկելուն: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ նախադասությամբ նախկին ձեւակերպման մեջ հստակ չէր երեւում, որ որոշման նախագիծը չորսօրյա նիստերի օրակարգ է մտնում միայն այն նստաշրջանի օրակարգ մտնելուց հետո: Դա տարընթերցման տեղիք էր տալիս:
Օրինագծում ճշգրտվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածում ոչ ճիշտ վերտառություններով հիշատակված մեկ ակտի եւ Եվրոպական կոնվենցիայի անվանումները:
Բացի այդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «ա.2)» ենթակետի ձեւակերպմամբ քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, երբ նա ձերբակալվել էր կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը: Այս ձեւակերպումը հակասում էր աշխատանքային օրենսդրության ընդհանուր սկզբունքներին: Ստացվում էր, որ եթե պատգամավորի ձերբակալումը կամ կալանքի տակ գտնվելը թեկուզեւ օրինական է եւ նրա նկատմամբ հետագայում մեղադրական դատավճիռ է կայացվել, ապա նրա բացակայությունը դարձյալ պետք է հարգելի համարել եւ նրան վճարել աշխատավարձ նաեւ այդ ժամկետների համար: Սա զուտ իրավաբանական անհեթեթություն էր, որը վերացվել է նոր ձեւակերպմամբ: