Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-755-04.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) անվանման մեջ «2006-2007 թվականների» բառերը փոխարինել «2006-2011 թվականների» բառերով: Այդ կապակցությամբ Օրենքի տեքստում եւ Օրենքի 5-րդ հոդվածով հաստատված թիվ 1 ցանկի վերնագրում «2006-2007» թվերը փոխարինել «2006-2011» թվերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածով հաստատված` մասնավորեցման  առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների Ցանկ թիվ 1-ում՝

1) Գեղարքունիքի մարզպետարանի ընկերությունների ցանկը 90056 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
 
44.2 90058 «Վարդենիսի ստոմատոլոգիական
պոլիկլինիկա» ՊՓԲԸ
քաղ. Վարդենիս,
Երիտասարդության փող. 15

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընկերությունների ցանկը 90050 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
 
45.4  90059 «Հենակետ» ՓԲԸ  քաղ. Երեւան, Նոր Նորք, Շոպրոնի 21

3) Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկը 90057 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
 
45.5 90060 «Դավիթ Համբարձումյանի անվան
ջրացատկի օլիմպիական հերթափոխի
մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ
քաղ. Երեւան,
Խորենացու 1-ին նրբանցք, շենք 1

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընկերությունների ցանկը 90045 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
 
45.6 90061 «Սեւակ եւ Սաթինե» ՍՊԸ
պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը
քաղ. Երեւան, Արղության 10

5) Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ընկերությունների ցանկում ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը, իսկ «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագծի ընդունման հիմնավորում

(«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ)

1. Օրենքի նախագծի հոդված 1-ով առաջարկվում է փոփոխել (երկարաձգել) մասնավորեցման ծրագրի գործողության ժամկետը` այն համապատասխանեցնելով ներկայիս ժամանակաշրջանին: Թեեւ անհրաժեշտ է նշել, որ պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը, համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, գործում է նաեւ հաջորդ տարիներին` եթե ծրագրի ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում: Մինչեւ օրս օրենքի գործողության ժամկետը չերկարաձգելու պարագայում, տվյալ ծրագրի շրջանակներում իրականացված մասնավորեցման բոլոր գործարքները համապատասխանում են ՀՀ օրենսդրության պահանջներին:

2. Նախագծի հոդված 2-ով առաջարկվող լրացումների եւ փոփոխության մասին`

Կետ 1).

«Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ը մասնավորեցման ծրագրում լրացնելու համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 02.11.2006թ. «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման հավելված N 4-ի` «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի» III բաժինը` «Վարդենիսի տարածաշրջան», որտեղ 6-րդ կետով սահմանված է, որ Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկան պետք է ներկայացվի սեփականաշնորհման:

Առկա են Գեղարքունիքի մարզպետի 08.04.2009թ. N Մ-1-1-193 եւ 19.05.2009թ. N Մ-1-1-265 գրությունները, ըստ որի Գեղարքունիքի մարզպետարանը առարկություններ չունի «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն մասնավորեցման գործող ծրագրում ընդգրկելու վերաբերյալ:

Կետ 2).

Առաջարկվում է մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում ներառել «Հենակետ» փակ բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերի 100%-ը պետության սեփականությունն է: Առաջարկի համար հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի 04.08.2009թ. N ՊՆ/510-781 գրությունը:

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 12.09.2009թ. N ՊՆ/510-927 գրության, ընկերության հիմնական գործունեությունը հրատարակչական ծառայությունների մատուցումն է: Այս ոլորտում ՀՀ-ում ստեղծված է մրցակցային դաշտ, ընկերության գործունեությունը պետության համար չի ներկայացնում ռազմավարական նշանակություն:

Ընկերության վրա չեն տարածվում «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի` «Տնտեսության այն ճյուղերը եւ ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում» սահմանափակումները:

Համաձայն պետական բաժնեմասով առեւտրային կազմակերպությունների մոնիտորինգի արդյունքների 2009թ.-ի առաջին եռամսյակում ընկերության վնասը կազմել է 2716 հազ. դրամ:

Կետ 3).

«Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ը մասնավորեցման գործող ծրագրում լրացնելու համար հիմք են հանդիսացել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի 27.01.2009թ. N 1-09/47 եւ 13.02.2009թ. N 1-02/109 գրությունները:

Համաձայն ՀՀ կառավարության 2000թ. ապրիլի 4-ի N 154 որոշման «Դ.Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» պետական հիմնարկը վերակազմավորվել է «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն):

Ընկերությունը Հայաստանում գործող ջրային մարզաձեւերի մասնագիտացված մարզադպրոց է, որի նպատակն է ջրային մարզաձեւերի զարգացումը Հայաստանում: Ներկայումս մարզաբազայում իրենց ամենօրյա մարզումներն են իրականացնում ջրացատքի եւ լողի հավաքական թիմերը, այստեղ են անցկացվում համահայկական խաղերը եւ Դավիթ Համբարձումյանի հիշատակին նվիրված ջրացատկի միջազգային ավանդական մրցաշարը: Ընկերությունում գործում են ջրացատկի, լողի եւ սինքրոն լողի սպորտային խմբեր, ինչպես նաեւ իրականացվում է սպորտաձեւերի ուսուցում` մասնավոր հիմունքներով:

2008թ. ֆինանսական տարում ընկերությունն ապահովել է 3769,0 ՀՀ դրամի շահույթ:

Ընկերությունը մասնավորեցման առաջարկելու հիմնական նպատակներն են`

լրացուցիչ ներդրումների ներգրավումը` մարզական գույքի ձեռք բերման եւ արդիականացան նպատակով,

ջրային մարզաձեւերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը,

մարզադպրոցի արդիականացումը` համապատասխանեցումը ժամանակակից միջազգային չափանիշներին, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել նաեւ միջազգային մրցումներ:

Կետ 4).

Առաջարկվում է մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում ներառել նաեւ «Սեւակ եւ Սաթինե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որտեղ պետության մասնակցությունը կազմում է կանոնադրական կապիտալի 24,71743% -ը: ՀՀ կառավարության 2009թ.-ի հուլիսի 9-ի «Բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 753-Ն որոշման 2-րդ կետով ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

«Սեւակ եւ Սաթինե» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ կառավարության 04.08.2005թ. N 1233-Ա որոշմամբ ստեղծված «Բորիկ եւ Նարեկ» ՍՊԸ-ի իրավահաջորդը: Ընկերության գործունեության հիմնական տեսակը ավտոտեխսպասարկումն է: 01.09.2009թ. դրությամբ ընկերությունում աշխատում է 7 մարդ, ընկերությունը շահութաբեր է:

Ավտոտեխսպասարկման ոլորտը ՀՀ տնտեսությունում մրցակցային է, այդպիսի գործունեությամբ զգաղվող ընկերությունները մասնավորեցվել են դեռեւս գործընթացի առաջին փուլում: Պետության ձեռքում բաժնետոմսերի հետագա պահպանման անհրաժեշտությունը ռազմավարական բնույթ չի կրում եւ համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի, որպես սեփականության իրավունքով պետությանը պատկանող գույք, կարող է առաջարկվել մասնավորեցման:

Ընկերության մասնավորեցման վերաբերյալ հարցը քննարկվել է նաեւ մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2009թ.-ի հուլիսի 9-ի նիստի ընթացքում (արձանագրություն N Ֆ 27-276, հարց 13, կետ 2):

Կետ 5).

Այս կետով առաջարկվում է մասնավորեցման ծրագրից հանել «Գառնի-Լեռ» ընկերությունը: Տվյալ առաջարկը ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից (13.10.2008թ. N ՊՆ 1510-740 գրություն) հետեւյալ հիմնավորմամբ` ընկերությունը հրաձգային զենքի արտադրության, արդիականացման եւ նորոգման բազային միակ համալիրն է:

Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրում որպես մասնավորեցման ենթակա ընկերություն ընդգրկված է նաեւ «Գառնի-Լեռ» ԲԲԸ-ն, որի 80 տոկոս պետական բաժնեմասի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ընկերությունը հիմնականում կատարում է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերները եւ մասնավորեցման դեպքում այդ պատվերների ծավալը կարող է կրճատվել, ինչպես նաեւ տեղի ունենալ պատվերների կատարման համար վճարների բարձրացում, ինչը նպատակահարմար չէ, քանի որ վճարներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Առաջարկվում է դադարեցնել «Գառնի-Լեռ» ԲԲԸ մասնավորեցման գործընթացը, քանի որ ընկերությանը տրվող ՀՀ պաշտպանության նախարարության պատվերները կրում են պարբերական բնույթ եւ խիստ անհրաժեշտ են երկրի պաշտպանության կարիքները հոգալու համար:

Նախագծի ընդունման արդյունքում «Գառնի-Լեռ» ԲԲԸ-ը կշարունակի ամբողջ ծավալով իրականացնել պաշտպանական բնույթի պատվերները, այդ պատվերների կատարման համար վճարները կիրականացվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը ձեռնտու գներով, ինչպես նաեւ կբարձրանա ընկերության կառավարման արդյունավետությունը:

Առաջարկվում է նաեւ անվանափոխել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը` համապատասխանեցնելով ներկայիս անվանմանը: