Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-756-04.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-201 օրենքի` «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) եւ անավարտ շինարարության օբյեկտների» N 1 ցանկից հանել 5-րդ տողը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապա՟րակ՟՟ման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Նախագծի ընդունման հիմնավորում

 («Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ)

1. Նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, իսկ մասնավորեցման ծրագրի մասին օրենքում նախկին խմբագրությամբ` ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության «Կենսատեխնոլոգիա ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Նախատեսվում է ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, ինչի վերաբերյալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Համաձայն «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի՝ «...ԳԱԱ եւ նրա համակարգի կազմակերպությունների գույքը ենթակա չէ սեփականաշնորհման...»: Այդ պատճառով էլ «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հակասություն կառաջացնի  «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի եւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի դրույթների միջեւ:

Որպես հիմնավորում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից նշվում է, որ` Հայաստանի Հանրապետությունում ընթացող գիտության ոլորտի բարեփոխումների կարեւորագույն նպատակներից է գիտության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը, ինչին էապես խանգարում է գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների գերատեսչական տարանջատվածությունը: Այս տեսակետից անհրաժեշտ է լուծել հիմնականում հիմնարար գիտական հետազոտությունների իրականացնող «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գերատեսչական պատկանելության հարցը՝ վերապահելով այդ ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա պետական ոչ առեւտրային կազմակերպությանը, ինչն առավել արդյունավետ կդարձնի ընկերության կառավարումը:

«Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը» ստեղծվել է 1971 թվականին որպես «Գենատիկա» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղ եւ նրա գործունեության հիմնական ուղղությունը եղել է հիմնարար գիտական հետազոտությունների իրականացումը գենետիկայի, միկրոօրգանիզմների սելեկցիայի, կենսաբանական ակտիվ նյութերի սինթեզի, կենսակատալիզի եւ ֆերմենտային անալիզի, ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման, բույսերի աճի խթանիչների, բժշկական նշանակության ֆերմենտային եւ այլ պրեպարատների արտադրական տեխնոլոգիաների մշակման ասպարեզում: Հետազոտությունների նշված ուղղվածությունը շարունակվել է պահպանվել նաեւ Հայաստանի անկախացումից հետո: Ինստիտուտում կատարված աշխատանքների արդյունքները հրապարակվել եւ հրապարակվում են միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում, աշխատակիցների հաջողությունները նշվել են միջազգային եւ հայրենական բարձր կարգի մրցանակներով:

«Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը» ՀՀ կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 23-ի N 639 որոշմամբ, ի թիվս այլ ձեռնարկությունների, ընդգրկվել է ՀՀ արդյունաբերության նախարարության համակարգում: Հետագայում ինստիտուտը գործել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման եւ այսօր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների ենթակայությամբ: